ԳԻՏԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

ԳԻՏԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

1385

Kursayin.am,  Referat.am, Usum.org, Diplomayin.am… Ուսանողներին ավարտական և կուրսային աշխատանքներ, թեզեր, ռեֆերատներ, թարգմանություններ առաջարկող կայքերից մի քանիսն են։ 1 էջը 500, 50 էջը 50,000 դրամ և ուսանողն առանց ջանք թափելու պատրաստ է մասնագիտական որակավորում ստանալ: Կայքերը պատվիրատուների թիվն ավելացնելու համար գովազդային ակտիվ քաղաքականություն են վարում։ Kursayin.am-ն օրինակ, 3-4 դիպլոմային աշխատանք միասին պատվիրելու դեպքում յուրաքանչյուրի համար 30% զեղչ է առաջարկում։ Diplomayin.am-ն ուսանողի օրվա առիթով ավարտական աշխանքի համար 15% է զեղչում։       

Ծառայություն  պատվիրելիս վերոնշյալ բոլոր կայքերը պահպանում են աշխատանքը գրողի գաղտնիությունը, թեև չեն խուսափում նշել, որ նրանց մեջ նաև դասախոսներ կան։ Հեռախոսազրույցի ժամանակ կայքերի ադմինիստրատիվ աշխատողները նշում էին, որ աշխատանքը գրողի հետ անմիջական շփում տեղի չի ունենում:

«Բոլոր հարցերը լուծվում են իմ միջնորդությամբ։ Պատվիրատուն այն կատարողի հետ կոնտակտ չի ունենում, չի կարող իմանալ, թե ո՞վ է իր փոխարեն աշխատանքը գրում։ Բոլոր աշխատանքները վստահվում են ոլորտի մասնագետներին»,-նշում է Kursayin.am-ի աշխատակիցը։                               

Ներկայացված կայքերում պատրաստ աշխատանքների մեծ բազա կա։ Դրանք, որպես կանոն, մշակվում են ըստ ուսանողի պահանջների ու նորից վաճառվում։ Նորերը գրվում են պատրաստի աշխատանք չունենալու դեպքում։         

Երևանի պետական համալսարանի օրինակով փորձեցինք հասկանալ, թե ո՞վ է պատասխանատու երևույթի համար և թե բուհն ի՞նչ քայլեր է անում այն կանխելու համար:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը տեղյակ է խնդրին, հարցը հնչեցրել է երկրի ամենաբարձր ատյաններում․

«Անհնար է խնդրին տեղյակ չլինել, երբ համալսարանի հարևանությամբ է գտնվում Kursayin.am-ի կրպակը։ Հարցի շուրջ բազմիցս հրավիրել ենք պատկան մարմինների ուշադրությունը։ Ուսանողական կառույցներն առնվազը 2 անգամ խնդիրը ներկայացրել են հանրապետության նախկին նախագահ, ԵՊՀ խորհրդի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»։

Գրիգորյանը համոզված է, եթե ավարտական և կուրսային աշխատանքների գիտական ղեկավարներն իրենց պարտականությունները հետևողական կատարեն՝ դրանք պատվիրելն անհնար կլինի։ Պրոռեկտորի խոսքով՝ պետական կառույցները պետք է պայքարեն խնդրի դեմ, քանի որ ծառայությունները բաց են, գովազդն էլ թաքնված չէ։

«Եթե պետությունը չի պայքարում, ապա բուհն ինքն է փորձում ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզի պատրաստման, գնահատման կարգերով վերահսկողություն սահմանել։ Բացի այդ, յուրաքանչյուր ուսանող համալսարանական էլեկտրոնային հասցե ունի և դրա միջոցով իր ավարտական աշխատանքը պետք է ներբեռնի ընդհանուր բազա, որպեսզի հաջորդ ուսումնական տարիներին բացառվեն կրկնություները»,-հավելում է Գրիգորյանը։

Մայր բուհի «Գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հիմնական սկզբունքներ» մեթոդական ցուցումների ձեռնարկում (2014թ.) գրագողությունը սահմանված է որպես անազնվության, գիտական, ակադեմիական էթիկայի կանոնների ոտնահարման դրսևորումներից մեկը։Ըստ ձեռնարկի գրագողություն է նաև կեղծարարությունը, երբ որպես ուսումնական առաջադրանք՝ որպես սեփական մտավոր, ստեղծագործական աշխատանքի արդյունք, ներկայացվում է մեկ ուրիշի կատարած աշխատանքը՝ լինի դա հրապարակված, թե՛չհրապարակված, տպագիր, թե՛էլեկտրոնային։

ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը նշում է, որ հայալեզու աշխատանքների դեպքում գրագողությունը ստուգելու ծրագրային հնարավորություն չկա, բայց վստահ է՝ ղեկավարը կարող է հասկանալ, արդյո՞ք աշխատանքը ուսանողն է գրել, թե՞ ոչ:

«Գիտական ղեկավար-ուսանող աշխատանքը պարբերական է, ու դասախոսը չի կարող չհասկանալ, որ ուսանողն աշխատանքը չի կատարում։ Իմ պրակտիկայում նման դեպք պատահել է։ Գիտական ղեկավարը ես էի և աշխատանքի դեռևս սկզբում մագիրստրոսն արդեն իսկ պատրաստի աշխատանք ներկայացրեց։ Համացանցում մի քանի նախադասություն որոնելով՝ պարզ դարձավ, թե որ հատված որտեղից էր վերցված։ Պատվիրված էր, թե ո՞չ՝ հստակ չեմ կարող ասել, բայց ուսանողը տեղյակ չէր, թե ինչի մասին էր գրված»։

Մենեմշյանը խնդրի լուծումը տեսնում է իրավական կարգավորումների, դասախոսների հետևողականության մեջ։ Միաժամանակ չի ցանկանում հավատալ, որ համալսարանում կլինեն դասախոսներ, ովքեր նման ծառայություններ կմատուցեն, հետո նաև կգնահատեն սեփական աշխատանքը:

«Հնարավոր է, որ երևույթն իր հասցեատերն ունի նաև համալսարանում, չեմ բացառում։ Հույս ունեմ, սակայն, որ նրանց թիվը շատ չէ»,-հավելում է դեկանի տեղակալը և նշում, որ սոցիալական խնդիրները կարող են դասախոսներին նման քայլի դրդել։

Գումարի դիմաց ուսանողին պատրաստի աշխատանք վաճառող դասախոս, այնուամենայնիվ, գտնվեց։ Facebook սոցիալական ցանցում բավական է որոնել «դիպլոմային, կուրսային» բանալի բառերն ու ընտրության լայն հնարավորություն կտրվի։ Բազմաթիվ խմբեր ու էջեր նման ծառայություններ են առաջարկում ուսանողներին։ Դրանցից մեկով ավարտական 50 էջանոց աշխատանքը 25,000 դրամով վաճառող Ա. Դ-ն չթաքցրեց, որ ՎՊՀ-ի նախկին դասախոս է, հիմա աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։

Որպես կանոն ուսանողները խուսափում են նույնիսկ մեկը մյուսին ասել, որ աշխատանքը գնված է։ ԵՊՀ Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող Վ-ն նշում է, որ կուրսային աշխատանքը 8,000 դրամով գնել է ֆակուլտետի դասախոսներից մեկից։ Ուսանողը հավելում է, որ կուրսում միակը չէ, համակուրսեցիներից շատերն են դիմում գնահատական ստանալու արագ և հեշտ ճանապարհին։

Արագ և անարդար ձևով գնահատական ստանալու մեխանիզմը օրենսդրական կարգավորում այնուամենայնիվ ունի: Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 2-րդ գլուխը սահմանում է հեղինակային իրավունքի օբյեկտը։ Նույն օրենքի 5-րդ գլուխը տալիս է դրա կարգավորումները։ Օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ,,ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն,,։ Քրեական օրենսգիրքի 158-րդ հոդվածով սահմանվում են հեղինակային իրավունքի խախտման չափանիշները։

Կայքերի աշխատանքը, սակայն, որևէ մարմին չի վերահսկում, դրանք նույնիսկ հարկատուներ չեն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ օնլայն առևտրի համար մեր երկրում հարկեր սահմանված չեն, եթե կայքերը կամ դրանց սեփականատերերը որպես անհատ ձեռներեց, կազմակերպություն գրանցված չեն։

Մինչև ոլորտը կկարգավորվի, կպարզվեն մեղավորներն ու պատասխանատուները՝ հազարավոր ուսանողներ կշարունակեն ոչ արդարացի, հավասար գնահատվել մի քանի հազար դրամի դիմաց դիպլոմ ձեռք բերողների հետ։

Անի Պետրոսյան

5-րդ կուրս   

Կիսվել