«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԴԱՐՁՆԵԼՆ Է»

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԴԱՐՁՆԵԼՆ Է»

1341

Երևանի պետական համալսարանում գործող ուսանողական կառույցներից յուրաքանչյուրը նպաստում է ուսանողների համախմբմանը այս կամ այն գաղափարի շուրջ և հետապնդում է որոշակի նպատակ: Ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքները խթանելու և զարգացնելու նպատակով համալսարանում տասնամյակներ շարունակ գործում է Ուսանողական գիտական ընկերությունը: Կառույցի նպատակն է նպաստել ուսանողության գիտական և ստեղծագործական զարգացմանը

Ուսանողները գիտեն, որ այս կառույցը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում է երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածներ և այլն: Սակայն նրանք հաճախ լավ չեն ճանաչում այն մարդկանց, ովքեր թեկուզ և հենց իրենց ֆակուլտետում անդամակցում են ՈւԳԸ-ին, անմիջականորեն մասնակցում են միջոցառումների կազմակերպմանը և այլն:

Այսուհետ ուսանողական Ժուռնալիստ.am առցանց պարբերականի ընթերցողներին կներկայացնենք դիմանկարային հարցազրույցների շարք, որի միջոցով կբացահայտենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԳԸ-ին անդամակցող երիտասարդներին, նրանց մտորումները և պատկերացումները մասնագիտական գործունեության, ինչպես նաև ՈւԳԸ-ի և իրենց ուսանողական կյանքի վերաբերյալ:

Թամարա Գասպարյանը սովորում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Թամարան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող այն ուսանողներից է, որոնք ուսմանը զուգահեռ արդեն իսկ աշխատում են մեդիա ոլորտում: Նա աշխատում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում: Աշխատանքը չի խանգարում բարձր առաջադիմությամբ սովորելուն և ուսանողական գործունեություն ծավալելուն: Նա նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն Է: Թամարան սիրում է գիրք կարդալ, հեծանիվ վարել, թեև խիստ ծանրաբեռնվածության պատճառով երբեմն չի կարողանում նախասիրություններին տրամադրել այնքան ժամանակ, որքան կկամենար: Ազատ ժամանակ ունենալու դեպքում՝ նախընտրում է նաև ընտանիքի հետ տանը մնալ և ֆիլմեր դիտել…

Ինչո՞ւ ընտրեցիր լրագրողի մասնագիտությունը:

-Երբ դեռ դպրոցական էի, սովորում էի 10-րդ դասարանում, տեղեկացա, որ Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Մանկական երկիր» լրատվական հաղորդման թիմին միանալու համար հրավիրվում են պատանի լրագրողներ: Հայրիկիս հետ գնացի հեռուստաընկերություն` ինքս էլ լավ չպատկերացնելով լրագրողի մասնագիտության էությունը (այդ ժամանակ չէի ուզում լրագրող դառնալ): Օրեցօր սկսեցի ավելի շատ սիրել աշխատանքը ու շուտով հստակ գիտեի, որ լրագրող եմ դառնալու: Իսկապես հետաքրքիր էր լինել տարբեր վայրերում, տարաբնույթ միջոցառումներին, անցկացնել հարցազրույցներ, մասնակցել նկարահանումներին: Իհարկե, մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր ունեցան հեռուստաընկերության աշխատակիցները, ովքեր համբերատար բացատրում էին ամեն ինչ ու սովորեցնում: Այսօր էլ նրանցից շատ բան եմ սովորում:

Ինչպե՞ս ես համատեղում աշխատանքը ուսման հետ:

-Ցավոք, առաջին կուրսում չկարողացա ուսման հետ համատեղել հեռուստաընկերությունում աշխատանքը: Սակայն ունեցա հնարավորություն ուժերս փորձելու առցանց լրատվամիջոցներից մեկում` Eritasard.am օնլայն պարբերականում, որին թղթակցելու համար ամեն օր ժամանակ չէի տրամադրում: Ինձ համար հետաքրքիր էր նաև այս աշխատանքը. հրապարակումների հերոսները երիտասարդներն են, թեմաները` երիտասարդական, մի խոսքով` ամեն ինչ երիտասարդական էր: Հեռուստաընկերություն վերադարձա միայն 4-րդ կուրսում: Կես օր տրամադրելով աշխատանքին` ուսումս չտուժեց: Հիմա այլևս համալսարան չենք հաճախում, հերթը գործնական պրակտիկայինն է և համատեղելու խնդիր չկա:

Ինչո՞ւ որոշեցիր անդամակցել Ուսանողական գիտական ընկերությանը:

-ՈւԳԸ-ին սկսել եմ անդամակցել առաջին կուրսից (առաջին կուրսում կամավոր էի), որոշ ընդմիջումից հետո երկրորդ կուրսից նորից ՈւԳԸ-ում էի: Ցանկանում էի դասերից դուրս մասնակցել հետաքրքիր հանդիպումների, ավելի շատ բան իմանալ մեր մասնագիտության մասին, նաև ես նախաձեռնեի նման միջոցառումներ: Սպասելիքներս արդարացել են ընդհանուր առմամբ:

Ֆակուլտետային ՈւԳԸ  նախագահ լինելը ի՞նչ նշանակություն ունի քեզ համար: Ո՞րն է այսօր ձեր առաջնահերթ խնդիրը:

-Ֆակուլտետային ՈւԳԸ նախագահ լինելը շատ պատասխանատու և բարդ աշխատանք է. անհրաժեշտ է հուսախաբ չանել ուսանողներին և ինքդ քեզ: Նկատի ունեմ, որ կառույցին անդամակցությունը չպետք է ինքնանպատակ լինի. պետք է առավելագույնս աշխատել: Իմ և մեր թիմի առաջնահերթ խնդիրն ուսանողների առօրյան ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելն է:

Ի՞նչ խնդիրներ ես տեսնում այս ուսանողական կառույցում:

-Խնդիր չանվանեմ, բայց շատ ուսանողներ խուսափում են «գիտական» բառից և բավարար չափով չեն ծանոթանում կառույցի գործունեությանը: Երևի դրա պատճառով հետաքրքրվածությունը տարբեր նախաձեռնությունների նկատմամբ երբեմն շատ չի լինում…

Ի՞նչ է տվել քեզ ՈւԳԸ-ն:

– ՈւԳԸ-ն ինձ տվել է պատկերացում գիտահետազոտական աշխատանքի մասին, ծանոթություն ոլորտի մի շարք մասնագետների հետ, նոր ընկերներ:

ՈւԳԸ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս…

-Առաջին քայլերը անել գիտահետազոտական, վերլուծական աշխատանք կատարելիս: Ըստ իս` ամենակարևորը սա է…

Հարցազրույցը՝ Միլենա Մկրտչյանի

3-րդ կուրս

Կիսվել