Հարցազրույց գրող, լրագրող, հայկական «Երանի», «Վենդետա», «Էլենի օրագիրը» սերիալների սցենարների հեղինակ Անի Մաղաքյանի հետ։
–Մանկությունը մեր կյանքի ամենապայծառ շրջանն է։ Ամենավառ հիշողությունը, որն ունեք այդ տարիներից:
-Իմ մանկության տարիներին Հայաստանում ծանր սոցիալական վիճակ էր, հայրս տարվա մի մասը արտագնա աշխատանքների էր մեկնում, ամեն անգամ նրա վերադարձը երջանկություն էր ինձ համար։ Հիմա, տարիներ անց, երբ փորձում եմ մանկությունիցս երջանիկ դրվագներ հիշել, այդ սպասումն է աչքիս առաջ, երբ գիտեինք, որ մոտ օրերս պիտի գա, բայց կոնկրետ չգիտեինք՝ երբ, որովհետև կապի միջոցներ չկային, ամեն պահի չէր կարող զանգել ու ասել, թե ուր է հասել, ուղղակի գիտեինք ու սպասում էինք։ Չգիտեմ ինչու՝ տպավորվել է, որ ինքը միշտ գիշերով էր հասնում՝ անսպասելի երջանկության նման։
–Ո՞վ է առաջինը նկատել Ձեր մեջ ստեղծագործելու ունակությունը:
-Այն, որ վառ երևակայություն ունեմ, մայրս միշտ է իմացել, բայց իմ մեջ տպավորվել է, որ մայրենիի ուսուցչուհիս՝ ընկեր Մելոյանը մի անգամ գրածս շարադրության համար մորս դպրոց էր կանչել, կարդացել նրա համար ու հարցրել, թե որտեղից եմ հորինել։ Այն ժամանակ ինձ թվաց, թե վատ բան եմ արել, որ սովորականից, ստանդարտից դուրս պատմություն եմ գրել։
–Ձեր առաջին ստեղծագործությունը ունի՞ հասցեատեր:
-Բոլոր ստեղծագործություններս էլ ունեն հասցեատեր, կարող է տարբեր մարդկանց նվիրված լինեն, բայց հասցեատերը մեկն է։ Միշտ էլ մի հոգու համար ենք գրում, եթե այդ մի ընթերցողը չունես, ուրեմն դժվար թե գրելու ցանկություն ունենաս առհասարակ։
–Որոշ ժամանակ աշխատել եք որպես լրագրող։ Ինչպե՞ս ստացվեց անցումը դեպի գրականություն:
-Իրականում գրականությունից է անցում եղել դեպի լրագրություն։ Նախ սկսել են իմ գրական ստեղծագործությունները տպագրվել, որոնք այսօր հասնում են 700-ի։ Ես գրեթե չունեմ չտպագրված գործ, այդ առումով երես առած գրող եմ։ Իսկ հետո սկսեցի նաև հոդվածներ գրել, թղթակցել փոքր հոնորարներով տարբեր ամսագրերի ու թերթերի հետ։ Հասկացա, որ բառի հետ աշխատանքով կարելի է նաև վաստակել։ Լրագրողի մասնագիտության մասին դպրոցական տարիներից էի երազում, բայց նախ սկսեցի աշխատել որպես լրագրող, հետո միայն մասնագիտական կրթություն ստացա այդ ոլորտում։
–Ստեղծագործելիս ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Ամեն անգամ տարբեր է, երբեք չի կրկնվում, անկանխատեսելի է, թե ինչից կամ ումից գրելու ցանկություն կառաջանա, երբեք չեմ ֆիքսում այդ պահը, չեմ կենտրոնանում դրա վրա։ Պարզապես լինում է գրելու ցանկություն, որը չեմ կարող հաղթահարել, պիտի գրեմ, լավ, վատ՝ չգիտեմ, բայց այլ կերպ չի ստացվում, չգրել չեմ կարող:
–Ձեր գրած ստեղծագործություններում կամ սերիալի սցենարներում կա՞ն կերպարներ, որոնք հենց Դուք եք:
-Գրական ստեղծագործություններում գրեթե միշտ եմ ես: Սցենարներում էլ ամեն մի կերպարի մեջ ինձնից մի բան կա։ Բացասական հերոսները ունեն իմ բնավորության վատ գծերից, դրականները որոշ հարցերի նայում են այնպես, ինչպես ես, անխուսափելի է երևի, ստեղծագործելիս ինքդ քեզնից հեռու չես փախչի, և հետո՝ կերպարին զարգացնելիս ինքդ քեզ ես սկսում ավելի լավ ճանաչել։
–Այսօր շատ են դեպքերը, երբ սերիալի սցենարիստները նաև դառնում են սերիալի գլխավոր հերոսը: Երբևէ նման ցանկություն ունեցե՞լ եք:
-Երբեք չեմ մտածել էկրանին երևալու մասին։ Եթե կատարվեր մանկությանս երազանքն ու համապատասխան մասնագիտական կրթություն ստանայի, գուցե այդ մասնագիտության մեջ ինձ լավագույնս դրսևորեի, բայց հիմա, երբ գտել եմ այն, ինչի մեջ կարողանում եմ լիարժեք դրսևորել ինձ, էլ կողքերս չեմ նայում, անտրամաբանական հավակնություններ էլ չունեմ։
–Ո՞վ է Ձեր ամենամեծ քննադատը:
-Երևի պետք է ասեմ, որ ես, բայց կխաբեմ, գիտեմ, որ ինքս իմ նկատմամբ զիջող եմ, դրա համար անընդհատ կարծիքներ եմ հարցնում գործիս վերաբերյալ մարդկանցից, ում վստահում եմ, ում հետ աշխատում եմ։ Երևի սցենար գրելու ընթացքում թիմակիցներիս քննադատությունն ամենաանաչառն է, որովհետև բոլորս էլ հետաքրքրված ենք, որ լավ գործ ստանանք, հետևաբար առողջ ու խելամիտ քննադատություն է դա։ Բայց ոչ ոքի դեռ չեմ շնորհել կյանքիս ամենամեծ քննադատի պաշտոնը, կարծում եմ՝ այդ հաստիքը այդպես էլ թափուր կմնա, չեմ սիրում մարդկանց չափից շատ արտոնություններ տալ։
–Մասնագիտական ամենամեծ հիասթափությունը:
-Չի եղել, հիասթափությունն ինձ համար չէ, ես մասնագիտության մեջ չեմ հիասթափվում, բարկանում եմ, ցանկացած անհաջողություն բարկացնում է ինձ, բարկությունս մեծ շարժիչ էներգիայի է վերածվում, այդ էներգիան վառելով սկսում եմ հաղթահարել դժվարությունն ու շտկել ստեղծված իրավիճակը, իմ մասնագիտությունն այնպիսին է, որ եթե քեզ հիասթափվելու ճոխություն թույլ տաս, ուրեմն պիտի հրաժարվես աշխատել։ Սցենարիստը կարող է տասն անգամ փոխել սցենարը, շտկել, խմբագրել, ջնջել, նորից գրել, մինչև որ արդյունքը մաքսիմալ լավը ստացվի, դե հիմա ասեք, այդ ճանապարհին հիասթափվելու ժամանակ կմնա՞ ։
–Լրագրող, գրող, սցենարիստ. ինչքան էլ տարբեր լինեն այս մասնագիտությունները, միևնույն է, գրելու կարողությունը կարմիր թելով անցնում է նրանց միջով: Ձեզ ուրիշ ոլորտում պատկերացրե՞լ եք:
-Ուսանող ժամանակ աշխատել եմ սոցիոլոգիական հարցումների կենտրոնում, տարբեր թեմաներով ֆոկուս խմբեր էինք հավաքում, քննարկումներ ու սոց հարցումներ անցկացնում։ Աշխատել եմ տուրիզմի ոլորտում՝ որպես տեղեկատվական կենտրոնի խորհրդատու և այլն, թեև սրանք էլ հետաքրքիր աշխատանքներ են, բայց հասկացա, որ եթե գործի մեջ գրել բայը չկա, ապա դա իմը չէ։
–Սցենարիստի աշխատանքը իրենից շատ հաճախ ենթադրում է 24 ժամյա աշխատանք: Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը ընտանիքի, անձնական կյանքի հետ:
-Շատ բարդ է։ Սցենարիստները միայնակ մարդիկ են, սա միայնակ աշխատանք է, երբ դու գործդ պետք է սիրես ավելի շատ, քան զբոսանքը, ընկերական հավաքույթները, ընտանեկան ընթրիքները և այլն։ Փորձում եմ աղջկաս հետ շփվելու ժամանակ, այնուամենայնիվ գտնել, դա ներկա պահին ամենակարևորն է, թեև ընտանիքիս անդամները հասկանալով են մոտենում զբաղվածությանս, իմ բախտը բերել է, ես ինձ հասկացող մարդկանցով եմ շրջապատված։
–Ինչպիսի՞ն է Անի Մաղաքյանը ընտանիքում:
-Չեմ սիրում սուրճ եփել, ափսեներ լվանալ ու փոշիներ մաքրել, մնացած հարցերում հարմարվող եմ, մի քիչ համբերատար, մի քիչ լռություն սիրող, քնում եմ ուշ, արթնանում եմ վաղ, մի քիչ նյարդայնացնող բծախնդրություն ունեմ, բայց միևնույն ժամանակ կարող եմ ցանկացած բան ներել, երբ գիտեմ որ ինձ սիրում են։
–Կյանքում ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
-Անհնար ոչինչ չկա, ամենաանսպասելի պահին կարող է կատարվել ամենաանհավանականը, և դրան պատրաստվել պետք չէ:
–Ունե՞ք իդեալ, որին փորձում եք նմանվել:
-Չէ, չեմ ուզում որևէ մեկին նմանվել, ինձ գտնեմ, իմ տեսակը ճանաչեմ, արդեն մեծ ձեռքբերում կլինի:
–Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում այս ոլորտում:
-Լինել համառ, չհիասթափվել, շատ սովորել, զբաղվել ինքնազարգացմամբ, կարդալ մասնագիտական գրականություն և շատ գրել: Գրելու ընթացքում է շտկվում, հղկվում ձեռագիրը:
Հարցազրույցը՝ Գառնի Մութաֆյանի
2-րդ կուրս