ՀԱՅ ՅՈՒԹՈՒԲԵՐՆԵՐՆ ՈՒ YOUTUBE.AM-Ը՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

ՀԱՅ ՅՈՒԹՈՒԲԵՐՆԵՐՆ ՈՒ YOUTUBE.AM-Ը՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

2017

Հումորային հոլովակներ, պրանկներ, ֆան-հանդիպումներ, հարցումներ, կարճամետրաժ ֆիլմեր, վլոգներ ու բլոգներ. սրանք հայկական յութուբում լայն տարածում գտած «ժանրերն են», որոնցից յուրովի մոտեցմամբ օգտվում են հայ յութուբերները, հավաքում դիտումներ ու ինչու ոչ՝գումար աշխատում: Վերջին տարիներին բավականին ակտիվ գործող հայ յութուբերների մի մեծ զանգված այժմ պայքարում է հայկական պաշտոնական յութուբ, այն է՝ Youtube.am ունենալու համար:

Կազմակերպվել է օնլայն ստորագրահավաք, որին կարող են մասնակցել բոլորը. այն դեռ ընթացքի մեջ է, և որևէ հստակ պատասխան դեռևս չի ստացել այս հարցը Google ընկերության կողմից: Որքանո՞վ է որակ ապահովում հայկական յութուբը, արդյո՞ք այլ երկրների յութուբների հետ մրցակցական դաշտում կարող է պայքարել նաև հայկականը, և վերջապես ի՞նչ կտա «am»-ը հայկական յութուբին.

«Youtube.am-ը հայկական յութուբին կտա առանձին հարթակ, կունենանք սեփական «թրենդ» անկյուն, որտեղ համակարգված ու համախմբված կլինեն բոլոր հոլովակները, այսինքն՝ մենք մեր հետևորդներին հեշտ կգտնենք, իրենք՝ մեզ: Բացի այդ՝ դրանից կաճեն նաև մեր դիտումները»,- մեկնաբանում է յութուբում մոտ 42 000 բաժանորդ ունեցող Միշել Ղայթանջյանը:

Ըստ յութուբերի՝ կարևոր է նաև որակյալ բովանդակություն մատուցել․ «Մարդիկ, ովքեր դիտում են հայկական յութուբ, հիմնականում դիտում են ոչ այնքան ճաշակով կոնտենտ: Բնականաբար, դրանից հետո ստեղծվում է տպավորություն, որ հայկական յութուբը անորակ ու վատն է, քանի որ լավն ու որակովը մնում են ստվերի տակ: Մասշտաբային առումով հայկական յութուբը, իհարկե, զիջում է ամերիկյան ու մնացած յութուբներին, որովհետև այնտեղ մի քանի միլիոն անգամ ավելի դիտումներ կան, ժանրերն ավելի խառը ու գունավոր են, իսկ հայկական յութուբը դեռ «ջահել»  է»։

Միշելի խոսքով՝ մոնտաժային պրոֆեսիոնալ գիտելիքներ պետք չեն յութուբում հաջողության հասնելու համար, բայց գոնե պետք է ոչ պրոֆեսիոնալը համադրել ճաշակով, բովանդակային որակով, նոր ներկայացնել հանրությանը, քանի որ յութուբը այն հարթակն է, որտեղից մարդիկ նաև սովորում են, և իրենք դիտելու են այն, ինչ փոխանցվում է իրենց։

«Հայկական յութուբը շատ ճանապարհ ունի անցնելու միջազգային հարթակում մրցակցության մեջ լինելու համար, քանի որ դեռ զարգացման ընթացքի մեջ է: Որպես սկսնակ բլոգեր՝ կարծում եմ, որ youtube.am-ը կմոտիվացնի ինձ ու ինձ նման շատ մարդկանց, ովքեր կորոշեն զբաղվել այդ գործով, քանի որ պարզապես զբաղմունք լինելուց բացի դա կլինի նաև աշխատանք: Ինձ համար հիմա դժվար է կողմնորոշվելը, որովհետև ես հիմա ուժերս փորձում եմ մի վայրում, որտեղ կան բազմաթիվ հետևորդներ ունեցող ալիքներ. նրանց կողքին իմ ալիքը գուցե չի երևում, բայց ես առաջ եմ գնում ու գնալու եմ, քանի որ մենք պետք է ապացուցենք, որ հայկական յութուբ կա, և այն պետք է պաշտոնական դառնա ու մոտ ապագայում չզիջի նաև արտասահմանյան յութուբին»,- ասում է յութուբում իր առաջին քայլերն անող 19-ամյա Լաուրա Մանուկյանը:

Հիշեցնեմ, որ շատ երկրներ ունեն իրենց առանձին սեփական յութուբը, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ն (youtube.com), Ռուսաստանը(.ru), Ադրբեջանը(.az),իսկ հայկական յութուբը այժմ գործում է ռուսական յութուբի ներքո, քանի որ չունի սեփականը:

«Դիտելով հայկական յութուբ՝ հասկացել եմ, որ այն գոյություն չունի. շատ թույլ է զարգացած, և ես չեմ պատրաստվում մասնակցել այդ ստորագրահավաքին, քանի որ հայերի համար դեռ շուտ է սեփական յություբ ունենալը,աճելու տեղ շատ կա»,-անկեղծացավ յութուբասեր տղան՝ Արսենը, ով շատ ժամանակ է անցկացնում յութուբում՝դիտելով ամերիկյան,ռուսական ու հայկական հոլովակներ:

Youtube.am ստեղծելու վերաբերյալ գործողությունները լայն տարածում են գտել նաև Instagram սոցիալական կայքի հայկական հարթակում, հայ դերասան-հումորիստ Գարիկ Պապոյանը նույնպես միացել է ստորագրահավաքին՝ խնդրելով բոլորին մասնակցել ու ստորագրել.

«Լավ նախաձեռնություն է, եթե ստացվի, կարծում եմ շատ մեծ օգուտ կլինի հայկական յութուբին»։

Տեսախցիկի առջև նստած «ոչնչից» խոսողներից մինչև որակյալ հոլովակներ ներկայացնողներ, ահա հայկական յութուբի ընդհանուր պատկերը. «Եթե Դուք էլ ընդամենը երեկ փողոցում քայլող աղջկան, ով հեռախոսը ձեռքին ինքն իրեն խոսում էր, ասյօր հանդիպեցիք համացանցում, ուրեմն՝ Դուք հայկական յութուբում եք»,- հեգնում է յութուբում իր համեստ ալիքն ունեցող 18-ամյա Ալինայի մայրիկը՝ տիկին Լենան: «Ես դեմ չեմ, որ նա այդ զբաղմունքն ունենա, բայց երբեմն իր արածների մեջ դատարկաբանություն եմ նկատում. ու՞մ պետք է հետաքրքրի, թե իմ աղջիկը երեկ որ խանութից ու որքան գումարով է գնել իր շրթներկը։ Գուցե ես եմ հետամնաց, բայց սա իսկապես ծիծաղելի է. ինձ համար ռուսական ու ամերիկյան յութուբներն ավելի հետաքրքիր են»:

Արփի Բարսեղյան

2-րդ կուրս

Կիսվել