Աշխարհի ամենահայտնի և տաղանդավոր երգչուհիներից մեկը `Էմի Ուայնհաուսը, ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին Սաութհեյթում (Էնֆիլդ, Լոնդոն) հրեաների ընտանիքում։ 10 տարեկանում նա արդեն երգում էր դպրոցական ռեփ-խմբում, 12 տարեկանում հաճախում էր դպրոցի թատերական խմբակ, իսկ 14 տարեկանում դպրոցից դուրս մնաց վատ վարքի և քթի փիրսինգի համար: Բայց դա նրան չէր անհանգստացնում։ Նա որոշել էր, որ պետք է երգչուհի դառնա, իսկ եթե չստացվի՝ մատուցողուհի։
Ընտանիքում միակ մարդը, ով հասկանում էր Ուայնհաուսին, տատն էր։ Էմին պաշտում էր տատիկին և նրա անունով դաջվածք ուներ ձեռքին: Էմմին դաջվածքների սիրահար էր, և ասում էր, որ դաջվածքները երբեք շատ չեն լինում: 14 տարեկան հասակում Էմին գրել է իր առաջին երգերը և առաջին անգամ էլ փորձել թմրադեղերը։
2003 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվեց Էմիի առաջին ձայնասկավառակը, որը կրում է «Frank» անունը: Էմին դեռ մանկուց տարված է եղել ամերիկացի երաժիշտ Ֆրենկ Սինատրայով: Ալբոմն էլ հենց ոգեշնչվածություն էր Սինատրայից, ում երգացանկին երգչուհուն ծանոթացրել էր հայրը՝ Միթչը: Չնայած նրան, որ սկավառակը լավ ընդունելություն է գտնում և դրական արձագանքներ ստանում՝ Էմին դժգոհ է մնում իր աշխատանքից։
Հաջորդ «Back to Black» ալբոմը Էմիի հայրենիք Մեծ Բրիտանիայում հայտնվում է պլատինե հնգյակում։ Էմին արժանացել է 5 Գրեմմի մրցանակի:
«Ես 15 րոպեանոց փառքի հետևից վազող չեմ: Ես ուղղակի երաժիշտ եմ և ես փորձում եմ անկեղծ լինել, երեխաներին վատ երաժշտության տակ մեծացնելը ամենամեծ սխալն է, որ կարող են թույլ տալ ծնողները»,-ասում էր Էմմին իր հարցազրույցներից մեկում:
Էմին բարձրանում էր կարիերայի աստիճաններով և ցած ընկնում ալկոհոլի և թմրանյութերի պատճառով։ Քննադատները, երկրպագուները և կոլեգաները նշում են, որ Էմին պարզապես տաղանդավոր չէ, նա հանճարեղ է և նոր խոսք է ներկայացնում փոփ երաժշտության մեջ։ Սակայն սովորությունները և կենսակերպը բառացիորեն կործանում են նրան։ Երբ Էմին չի երգում կամ չի ձայնագրվում ստուդիայում, ուրեմն պառկած է հիվանդանոցներում։
2007 թվականի օգոստոսին նա չեղյալ է համարում իր բոլոր համերգները ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ առողջական խնդիրների պատճառով։ Էմիի ծնողները ամեն ինչում մեղադրում են նրա ամուսնուն`Բլեյքին: Որոշ ժամանակ անց Էմին կրկին բուժման կուրս է անցնում կանադացի երգիչ Բրայան Ադամսի կարիբյան առանձնատանը։ Բայց շուտով նա հայտնվում է հիվանդանոցում։ Նրան ախտորոշում են թոքերի էմֆիզեմա։
2011 թվականի հուլիսի 23-ին 27-ամյա Էմի Ուայնհաուսին մահացած են գտնում Լոնդոնի հյուսիսում գտնվող իր տանը։ Մահվան պատճառ է հանդիսանում թմրանյութերի մահացու չափաբաժինը։
Լոնդոնի Քամդեն պուրակում գտնվող սրճարաններից մեկի աշխատակիցները պատմում են, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում երգչուհին միայն զովացուցիչ ըմպելիք է պատվիրել` ասելով, որ իրեն ալկոհոլային խմիչք չմատուցեն, նույնիսկ եթե պատվիրի:
Մահվան նախօրեին երգչուհին հանդիպել ու նախաճաշել է մոր` Ջանիսի հետ: Հրաժեշտի պահին Էմին համբուրել է մորն ու ասել. «Մայրիկ, սիրում եմ քեզ»: Ջանիսը կարծում է` դստեր մահը ժամանակի խնդիր էր: «Էմին պարզապես ուզում էր սիրված լինել». սա են համարում իր երկրպագուները երգչուհու մահվան պատճառներից մեկը:
Կարինե Ավետիսյան
2-րդ կուրս