ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՄ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ. ՄԱՐԻԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ

ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՄ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ. ՄԱՐԻԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ

1342

«Լսարանից դուրս» շարքի մասնակիցն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մարիամ Նազարյանը: Սպորտային հագուստով այս աղջկա երազանքն է համատեղել սիրելի սպորտաձեւը՝ ֆուտբոլը եւ սիրելի մասնագիտությունը՝ լրագրությունը:  

Հատկապես ո՞ր տարիքում նշմարվեց սերը դեպի սպորտը, դեպի ֆուտբոլը:

– Ֆուտբոլ սկսել եմ սիրել 13 տարեկանից Արսենալ-Լիվերպուլ խաղից հետո, որից հետո էլ Լիվերպուլը դարձավ իմ ամենասիրելի ակումբը:

 Երբեւէ  հաճախե՞լ եք ֆուտբոլի, կամ ունեցե՞լ եք նման միտք:

– Չեմ հաճախել երբեք ֆուտբոլի. հստակ գիտեի, որ ծնողներս դեմ են լինելու, դա էր պատճառը, որ ոչ բարձրացրել եմ այդ հարցը տանը,  ոչ էլ մտածել այդ ուղղությամբ:

Ֆուտբոլի՝ սիրելի սպորտաձեւ լինելը արդյոք իր անդրադա՞րձն է ունեցել Ձեր ոճի վրա, թե՞ սպորտային կոշիկների, շապիկների ընտրությունը պատահական է:

– Այո, բնականաբար անդրադարձել է, այժմ զգեստապահարանումս ավելի գերակշռում են սպորտային մարզաշապիկները, որոնք հաճույքով հագնում եմ:

 – Ընկերները ասում են, որ Ձեր ամենամեծ երազանքն է` լինել Հայաստանում առաջին կին ֆուտբոլային մեկնաբանը, կպատմեք այդ մասին:

-Փոքր տարիքից սիրել եմ հաղորդավարությունը, պատկերացրել ինձ որպես հաղորդավար, ու քանի որ հետո արդեն ձեւավորվեց սերը ֆուտբոլի հանդեպ, հասկացա, որ ես պետք է լինեմ առաջին կին ֆուտբոլային մեկնաբանը, որով էլ կկոտրեմ ստեղծված բոլոր կարծրատիպերը:

 -Չունե՞ք մտավախություն, որ ձեր այդ գաղափարը այդքան էլ չի ընդունվի հասարակության, մասնավորապես՝ տղամարդկանց կողմից, քանի որ ինքներդ նշել եք, որ շատ եք լսել հակառակ սեռի բացասական կարծիքը այդ հարցի շուրջ:

-Մտավախություն այդքան էլ չկա, փորձելու եմ անել հնարավորը, ամենակարեւորը՝ լինել պրոֆեսիոնալ, որ անգամ տղամարդկանց էլ դուր գա: Վերջիվերջո, չկա տարբերություն՝ մեկնաբանողը կին է, թե տղամարդ, կարեւորը ճիշտ եւ գրագետ վարելն է:

-Ամեն դեպքում, եթե վատ արձագանք լինի, այն Ձեզ կկանգնեցնի՞:

 -Երբեք, հակառակը, դա ինձ ավելի կօգնեն ձգտել դառնալու ավելի լավը, պրոֆեսիոնալը, չէ՞ որ յուրաքանչյուրս էլ միշտՙ աճելու տեղ ունենք:

Երբ հասնեք Ձեր երազանքին, ո՞րը կլինի այն հանրահայտ ակումբը, ում խաղը կցանկանայիք մեկնաբանել:

-Չնայած յուրաքանչյուր ֆուտբոլասերի համար երազանք կլինի մեկնաբանել ավելի շատ Էլ Կլասիկո, սակայն ինձ մոտ դա այդքան էլ այդպես չէ, ինձ ավելի հետաքրքիր է մեկնաբանել Մանչեսթեր Յունայթեդ եւ Լիվերպուլ հանդիպումը:

Ո՞ր ֆուտբոլային մեկնաբանի հետ կցանկանայիք մեկնաբանել այդ խաղը:

– Կցանկանայի ֆուտբոլ մեկնաբանել Խաչիկ Չախոյանի հետ, ընտրությանս պատճառը երեւի թե ավելի շատ իր ձայնն է, որն էլ ավելի հետաքրքրություն եւ լարվածություն է մտցնում խաղում:

Հարցազրույցը՝ Աննա Չիբուխչյանի

2-րդ կուրս

Կիսվել