ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ 31 ՏԱՐԻ ԱՆՑ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ 31 ՏԱՐԻ ԱՆՑ

1080

«Նրանցից մեկը վերցրեց ծնողներիս անձնագրերն ու սկսեց կարդալ: Կարդաց ազգանունը՝ «Դանիելյան», շրջեց էջը, կարդաց՝ «հայ», և այդքանն արդեն բավական էր, որ սպանեին»․ պատմում է Վիտալի Դանիելյանը, որը 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդի ականատեսն է եղել:

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժող. պատգամավորների 20-րդ արտահերթ նստաշրջանում որոշվեց դիմել ԽՍՀՖ, ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու համար:

Երևանում համերաշխության հանրահավաքներ անցկացվեցին, Ստեփանակերտում հնչեցին վերամիավորման կոչեր։

1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը։ Պահանջը մեկն էր. վերամիավորվել Հայաստանի հետ:

Այդ օրերին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար Ասադովը հայտարարեց, որ 100․000 ադրբեջանցի պատրաստ է ցանկացած ժամանակ մտնել Ղարաբաղ և սպանդ իրականացնել:

1988 թվականի Փետրվարի 26-ին, Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի Լենինի հրապարակում տեղի ունեցան ցույցեր։ Նրանց կարգախոսն էր ՝ «Մահ հայերին»։

Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Հիդայաթ Օրուջևը հայտարարեց, որ եթե չդադարեցնեն ԼՂԻՄ-ի Հայաստանի հետ վերամիավորման արշավը, եթե չսթափվեն, ապա 100․ 000 ադրբեջանցիներ հարևան մարզերից կներխուժեն նրանց տները, կայրեն նրանց բնակարանները, կբռնաբարեն կանանց և կսպանեն երեխաներին:

1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթում կազմակերպվեց երկրորդ հանրահավաքը։ Հազարավոր ադրբեջանցիներ ուղղորդվում էին մեծ կազմակերպությունների ու տարբեր կառույցների ղեկավարների կողմից։
Այդ հանրահավաքը, ըստ էության, վերածվեց հայերի դեմ ուղղված հաշվեհարդարի։

-Ալիկը ձախ կողմում էր պառկած, Վալերիկը՝ աջ…, – պատմում է ականատես Ռիմա Ավանեսյանը, ով այդ տարիներին Սումագայիթում էր ապրում և խնամում իր երկու տղաներին, – Ադրբեջանցիները եկան, լուսամուտները փշրեցին, դուռը կացնով ջարդեցին, սպանեցին իմ երկու տղաներին՝ Ալբերտին ու Վալերիին… Ինչպե՞ս դիմանամ:

Փետրվարի 28-ին քաղաքում անցկացվում է երրորդ հանրահավաքը։ Այդ օրը ոչնչացվեցին և այրվեցին հայերին պատկանող ավտոմեքենաները, արվեստի և արհեստի կենտրոնները, խանութները, թալանվեց 200 բնակարան։
Հայերի ջարդերին այդպես էլ իրավական գնահատական չտրվեց, դրանք խորհրդային իշխանությունների կողմից որակվեցին որպես խուլիգանություն: Մոտ 100 ադրբեջանցի կանգնեց դատարանի առաջ։ Շատերը դատապարտվեցին, հետո ազատ արձակվեցին։

1998-1991 թվականներին հայերի ջարդերը շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և Նախիջևանում։ 450․000 հայ բռնագաղթեց Ադրբեջանից։

Սումգայիթի ջարդերից 31 տարի է անցել։ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը 2018-ին ներկայացրեց «Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը, որը կազմվել է դատական պրոցեսների ընթացքում ադրբեջանցի վկաների տված ցուցմունքների հիման վրա։

«Մենք ունենք փաստեր, տեսանյութեր, որ այդ ամենը հենց կազմակերպված է եղել Ադրբեջանի հատուկ բյուրոյի կողմից՝ Սովետական Միության հատուկ ծառայությունների լուռ աջակցության պայմաններում», -ասաց Մարինա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սումգայիթյան ջարդերի հարցում ադրբեջանցիների պետական մոտեցումը ավելի ու ավելի է սաստկանում: Ըստ նրա, ամեն տարի նրանք ավելի շատ են հնարում, որ հայերն են մեղավոր եղել այդ ջարդերի իրականացման գործում։

Ականատեսների վկայությունների և լուսանկարների աղբյուրներ՝ http://karabakhrecords.info/pdf/sumgait_evidences.pdf, http://karabakhrecords.info/photo.html

Սոնա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել