ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ «ԱՆՄԵՂ» ՈՐՍՈՐԴՆԵՐԸ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ «ԱՆՄԵՂ» ՈՐՍՈՐԴՆԵՐԸ

1203

Ի՞նչ եք եղել նախորդ կյանքում, ինչպիսի՞ն կլինեք գլամուրային ամսագրի շապիկին, ո՞վ է Ձեզ ամենից շատ սիրում, ի՞նչ տեսք կունենաք 50 տարի անց… Առաջին հայացքից այս անմեղ վերնագրերով թեստային խաղերը վերջին տարիներին Ֆեյսբուքում շատ ակտիվ են շրջանառվում: Դրանց «գայթակղությանը» օգտատերերի մեծ մասը չի կարողանում դիմակայել, հակառակ այն բանի, որ ցանցային անվտանգության մասնագետներն անընդհատ բարձրաձայում են դրանց վտանգների մասին։

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Առուշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սոցցանցերում ամեն քայլ կատարելուց առաջ օգտատերերը պետք է լինեն զգոն ու առավել ուշադիր:

-Ֆեյսբուքյան տիրութում այս փոքրիկ զվարճանքներն իրականում անձնական տվյալներ որսացող հզոր չարիքներ են: Դուք առանց երկար մտածելու սեղմում եք կոճակը, համաձայնում անցնել այդ թեստ-խաղը: Ինչպես է դա կատարվում. «Ֆեյսբուք»-ի օգտատերից  երկու թույլտվություն է խնդրում: Առաջինը` համաձա՞յն եք, որ ծրագիրը ձեր մասին տեղեկատվություն ստանա, և երկրորդ` համաձա՞յն եք, որ ծրագիրը ձեր անունից կատարի գրառումներ: Հաջորդ մի քանի վայրկյանների ընթացքում մինչ Ձեր էկրանին կհայտնվի Ձեր հարցման պատասխանը, համակարգը Ձեզնից խլում է անձնական բնույթի ինֆորմացիայի մեծ չափաբաժին։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆեյսբուքի օգտատերերի թվի աճին նպաստել են նաև նման խաղերի ի հայտ գալը: Մարդիկ, ովքեր փորձում են այս «զվարճանքը», մեծամասամբ չեն էլ կարդում տիկին Առուշանյանի կողմից նշած հարցադրումները, այլ պարզապես սեղմում են հաստատման կոճակը: Գուցե սա է պատճառը, որ չեն գիտակցում, թե ինչպիսի վտանգներ դրանք կարող են  թաքցնել իրենց ետևում:

-Չենք կարող միանշանակ ասել, որ այս բոլոր հավելվածները իրենց ետևում պարունակում են հանցագործություն, – շարունակում է Ջուլիետա Առուշանյանը,- բայց այն փաստը, որ կորզում են անձնական տվյալները` դա թերևս ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ օգտատիրոջը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության  խորհուրդն ու հորդորը մեկն է. մի պահ մտածեք՝ արժե արդյո՞ք րոպեական զվարճության համար զոհել Ձեր անձնական տվյալները, որոնց վտանգումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, որոնք կտեսնեք կամ այդ պահին, կամ գուցե տարիներ անց:

Ըստ «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի (https://www.arlis.am/documentview.aspx?docID=98338) 3-րդ հոդվածի 1. 1) կետի՝ անձնական տվյալը  ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Համացանցում անձնական բնույթի ինֆորմացիա կրող են դիտարկվել լուսանկարները, տարիքը, սեռը, ազգությունը, ընտանեկան կարգավիճակը, ընկերների ցանկը, երկիրն ու նման այլ տվյալները։ Հենց այս տվյալներն էլ դառնում են թեստային հավելվածների ու խաղերի ամենաառաջին թիրախներն ու զոհերը:

Լուսինե Թովմասյան

5-րդ կուրս  

Կիսվել