ԱՐՏԻՍՏԸ

ԱՐՏԻՍՏԸ

2509

Մի քանի տարի առաջ նա սովորական զինվոր էր Կապան քաղաքի զորամասերից մեկում, իսկ այսօր` սիրելի դերասան նույն քաղաքի թատրոնում:

Արթուր Գաբրիելյանը փոքր հասակում մտածում էր ոստիկան դառնալու մասին, հետո` դատախազ, ապա` դատավոր, բայց «քամին քշեց» ու ուրիշ ուղղությամբ տարավ:

Ասում է, որ անկարգ աշակերտ է եղել` միայն  հումանիտար առարկաներով հետաքրքրված: Դանիել Վարուժանի անվան դպրոցում էր սովորում: Գրողի 120-ամյակի օրը հայոց լեզվի ուսուցչուհին միջոցառման տարավ Արթուրին, որ բանաստեղծություն ընթերցի: Կարդաց ու սիրեց ասմունքը: Դպրոցում բացվեց թատրոն-ստուդիա, և Արթուրը սկսեց այնտեղ խաղալ:

«Երբ ներքաշվում ու վարակվում ես թատրոնով, դա ցմահ մի սիրո է վերածվում»,-ասում է նա:

Գաբրիելյանների տոհմում արվեստի հետ ոչ ոք կապ չի ունեցել:

Ժամանակն անցնում էր, ու ինչպես բոլորը, այնպես էլ Արթուրը պետք է գնար ծառայելու:

Զորակոչվեց ու ընդունեց զինվորական երդումը: Պատմում է, որ բանակային կյանքը նոր սկիզբ դրեց պատվի ու հեղինակության: Ասես նոր ծնված լիներ ու հասկանար, թե ինչ  է սեփական պատասխանատվությունը հայրենիքի ու հասարակության նկատմամբ:

Արթուրը դեռ ծառայելու ընթացքում աչքի էր ընկնում իր բարձր ինտելեկտով ու կարգապահությամբ:

Մշեցիների մոտ զորացրվելը մեծ տոն է: Նա հիշում է մոր փռած մեծ սուփրան, թե ոնց էր հայրը հպարտությամբ պատվոգրերը ցույց տալիս հյուրերին:

Արթուրը գնաց Կապանից, բայց մտովի երբեք չլքեց Կապանը:

Ավարտեց թատերական ինստիտուտը ու կանգնեց բարդ ընտրության առաջ` մնալ Երևանում, որտեղ իր ամբողջ կյանքն է անցկացրել, թե հետ դառնալ արդեն հարազատ մի քաղաք, որի թատրոնում շատ անելիք կա: Որոշումը Կապանի թատրոնի օգտին էր:

Իր խաղացած ամեն կերպարի առանձնահատուկ է վերաբերվում: «Բոլոր կերպարներս  հավասարապես թանկ են, քանզի ինձնից են ծնվել՝ իմ մտքի հոգու խմորումներից, մարմին առած իմ ասելիքն են դրանք»:

Կապանն ու կապանցին նրան շատ սիրեցին: Ինքն իրեն հեշտ մարդ է համարում` բոլորի հետ լեզու գտնող, բայց և անսանձ ու    խելառ:

«Կապանցիները ջերմ, շփվող, անկեղծ ու նվիրվող մարդիկ են, և դրա համար է, որ ես այնտեղ ունեմ ինձնից 20 տարով մեծ և ինձնից 10 տարով փոքր ընկերներ»:

Նարեկն իր մտերիմ ընկերն է, որի հետ ամենաշատն է վիճում` տարբեր թեմաների շուրջ համաձայնության չեն գալիս:

Ասում է, որ Արթուրից համբերատար լինել է սովորել:

Եվ չնայած իրենց բազում վեճերին, Նարեկն ընդունում է, որ գրեթե միշտ մեղավորն ինքն է:

Արթուրը երկու երազանք ուներ` Արևմտյան Հայաստան գնալ, որն իրականացրել է դեռ անցած տարի, իսկ մյուսի մասին ասում է, որ Աստված ուշացնում է:

Նա նաև թատերական փոքր խմբակ ունի: Խմբակի սաները ոգևորությամբ են պատմում ընկեր Արթուրի մասին: Շուշանը արդեն 3 տարի է` Արթուրի աշակերտն է: Պատմում է, որ ամռանը, երբ հյուրախաղերի էին, պիտի մի գիշեր Երևանում անցկացնեին: Արթուրը բոլոր երեխաներին իր տուն տարավ և ամեն մեկին վերաբերվում էր որպես սեփական զավակի:

«Չնայած պարապմունքների ժամանակ նա խիստ ու պահանջկոտ է, բայց միևնույն է` իր դասերն ամենահետաքրքիրն ու ամենահաճելին են»:

Կապանում Արթուրին ճանաչում են որպես արտիստ` այդպես են կոչում, երբ ուզում են հասկացնել, թե ում մասին է խոսքը:

Այդ կեղծանունը ստացել է ծառայության տարիներին: Ծառայակից ընկերներից մեկը մի անգամ նրան այդպես դիմեց ու հաջորդ օրվանից ամբողջ գումարտակն ու բրիգադը այդպես սկսեցին դիմել: Շատ պարտավորեցնող է «Արտիստը»:

Թատրոնին սիրահարված, բազում կանանց հետ բեմում հայտնված այս երիտասարդի սիրտն ազատ է, ընտրյալ կին նա դեռ չունի: «Գուցե նա շատ մոտ է, բայց երևի ես շատ զբաղված եմ և հիմարաբար չեմ նկատում»,- ասում է Արթուրը:

Իր պատկերացմամբ` իսկական կինը պետք է ուժեղ լինի` փորձություններին դիմակայող, պայքարող ու հաղթող, եթե պետք է` փխրուն:

Ինքն իրեն և´ երջանիկ, և´ հաջողակ է համարում:

Ասում է, որ Կապանի թատրոնն ամուր հիմքեր ունի, այն, ինչ ինքն արել է թատրոնի համար, համարում է իր ծառայությունը, իր պարտքը` փոխարենը վարձատրվելով անսահման սիրով, որով պարուրել են իրեն կապանցիները:

Այն հարցին, թե մոտ ապագայում ի՞նչ ունի անելու, պատասխանեց, որ թատրոնում մի շարք ներկայացումներ պետք է բեմադրվեն, որոնցում դերեր է ստացել:

Քաջարանի և Կապանի արվեստի դպրոցներում իր աշակերտների հետ նոր ներկայացումներ պետք է ցուցադրեն: Հյուրախաղերի ու փառատոնի են պատրաստվում:

Նա կարծում է, որ երբեք սեփական եսը չի նույնանում կերպարի հետ: «Բեմում ամեն ինչ կարող ես անել, բեմն ուրիշ է, բայց երբ այնտեղից իջնում ես, արդեն դու ես, ոչ թե կերպարդ»:

Սոնա Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել