ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՍՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՍՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ

1508

Ֆուտբոլիստներին բնորոշ կտրուկ ու հստակ քայլվածքով Սոսը գալիս էր հանդիպման վայր։ Մարդկանց մեջ միանգամից աչքի էր ընկնում շիկահեր, կապուտաչյա մի պատանի, որը, չնայած իր տարիքին, բավական բարձրահասակ է։ Ասաց՝ դա իր գեներում է. բարեկամներն էլ բարձր հասակ ունեն, ու ծիծաղով նշեց, որ ամեն հավաքույթի տղաներին կանգնեցնում են կողք կողքի ու չափում, թե իր հասակն ինչքան է ավելացել։

Պայմանավորվել էինք ժամը 15։00-ին հանդիպել, եկավ 14։55 ու ներողություն խնդրեց ուշանալու համար։ Ես էլ ասացի, որ դեռ հինգ րոպե կա մինչ հանդիպումը, և չի ուշացել։ Ինձ հակադարձեց ՀՖՖ-ի կողմից սահմանված նորմերից մեկով. «Մի՛ մոռացիր, որ 10։00-ն իրականում 09։50-նն է»։

Դեռ մանկուց էլ ուզում էր ֆուտբոլով զբաղվել։ Բայց ծնողները, հատկապես մայրը, դեմ էին ու ասում էին.

-Հայաստանում ֆուտբոլը քեզ ապագա չէ, և լավ կլինի, եթե ուշադրությունդ դասերին հատկացնես։  

 Շատ է բարկանում նման խոսքերից՝ նշելով, որ երկիրը կապ չունի ֆուտբոլիստ լինել կամ չլինելու հետ։ Լավ մասնագետը ամեն տեղ հաջողության հասնում է` լինի Հայաստանում կամ Իսպանիայում։ Օրինակ է բերում Հենրիկ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին, Մարկոս Պիզելիին և այլ հայազգի ֆուտբոլիստների։ Ասում է, որ իր տարիքային խմբի ֆուտբոլիստները շատ ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս միջազգային հարթակներում։ Հիմա ոչ մեկ չպիտի ասի, թե Հայաստանում ապագա չկա։ Ընդհակառակը, հիմա մեր երկրում գնալով նոր դռներ են բացվում ֆուտբոլասերների համար։

Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի հավաքականը հաջողության չի կարողանում հասնել հարցին պատասխանում է. «Ֆուտբոլը թիմային խաղ է։ Այստեղ պիտի համախմբված խաղ ցույց տաս։ Սա առաջին խոչընդոտն է, որ մեր հավաքականը պիտի հաղթահարի։ Երկրորդը, կարծում եմ, ֆուտբոլիստների չափից շատ ինքնավստահ լինելն է»։

Երբ 10 տարեկան էր, վերջնականապես որոշեց ֆուտբոլով զբաղվել, բայց ծնողները համոզեցին, որ հաճախի իրենց դպրոցում բացված կարատեի խմբակ՝ ազատ ժամանակը լցնելու համար։ Մի քանի ամիս զբաղվեց, մասնակցեց մրցաշարերի, գրանցեց լավ արդյունքներ։ Մի անգամ էլ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ցանկություն հայտնեց հանդիպել Սոսի հայրիկի հետ ու ասաց, որ տղային տանեն ֆուտբոլի, որովհետև ունի տաղանդ։

 Հենց այդ պահից սկիզբ դրվեց նրա ֆուտբոլային կարիերային։ Առաջին թիմը Էջմիածնում էր, որտեղ մարզիչը սկզբում ասաց, որ բավական ուշացել են, ֆուտբոլով պետք է զբաղվել վաղ տարիքից, և եթե չարդարացնի, ապա պիտի դուրս գա։ Որոշ ժամանակ անց Սոսին ուղարկեցին Երևանի «Միկա» ակումբ։ 2017 թվականին ճանաչվեց տարվա լավագույն կիսապաշտպան։ Իսկ 2018-ի ամռանը տեղափոխվեց մինչև 14 տարեկանների Հայաստանի հավաքական։ Զրույցի ընթացքում ցույց տվեց մարզաշապիկը. ուշադրությունս գրավեց ներսում կարված պիտակը՝ «Հավաքական, իմ պատի՛վ» մակագրությամբ։

 Ո՞րն է իր երազանքի ակումբը, կամ ի՞նչը կհամարի  իր մասնագիտական կարիերայի գագաթնակետը հարցին պատասխանում է․ «Այն ակումբը, որի շնորհիվ սկսեցի սիրել ու զբաղվել ֆուտբոլով՝ Բարսելոնան է։ Շատ կուզեի, որ մի օր իրենց մարզաշապիկներից մեկի վրա գրվի իմ ազգանունը՝ Հովհաննիսյան»,- ասում է Սոսը։

Սոսի քույրը՝ Ալինան ասաց, որ ինչքան գնում, այնքան մեծ փոփոխություններ է նկատում նրա մեջ։ Գրեթե ամեն օր ուտում էր արևածաղիկ, չիփսեր, խմում գազավորված ըմպելիքներ, բայց հիմա կտրականապես հրաժարվում է։

Ֆուտբոլիստ տղայի մայրը մի ցանկություն ունի. «Չգիտեմ` հետագայում ինչ-որ հաջողությունների կհասնի՞, թե ոչ, միայն մի բան եմ ուզում, որ զբաղվի իր սիրած ու նախընտրած մասնագիտությամբ»։

Սուսաննա Քթոյան

2-րդ կուրս

Կիսվել