ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՂԲԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՂԲԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

1706

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին է գտնվում Արմաղանը հրաբխային լեռը։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին գտնվում է 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Իր գեղեցիկ շրջակայքի և այդ գողտրիկ լճակի շնորհիվ Արմաղանը իրավամբ համարվում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը, որը դեպի իրեն է ձգում բազմաթիվ տեղաբնակների և զբոսաշրջիկների:    Այն նաև սկսնակ լեռնագնացների սիրված վայրերից մեկն է։

Թեև լեռը գրանցված է ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, սակայն նրա հանդեպ հոգածությունը բավարար համարել չի կարելի: Ինչպես շատ ու շատ այլ տարածքներում, այստեղ ևս աղբի «գերիշխանություն» է: Աղտոտված է  նաև լճակը։ Երբ այս մասին զրուցում էի Մարտունի քաղաքի բնակիչ, լրագրող, «Զանգակ» հեռուստաընկերության աշխատակից, «ԱՍՊ» ակումբի հիմնադիր  Տիգրան Բաղիշջանյանի հետ, ով ամեն տարի տասնյակ զբոսաշրջիկների է ուղեկցում Արմաղան լեռ և հարակից տեսարժան վայրեր, նա ասաց, որ Արմաղան լեռը աղտոտված է հիմնականում կենցաղային աղբով։ Վերջին անգամ անցած տարի աշնանը, երբ զբոսաշրջիկների է ուղեկցել Արմաղան լեռ, «վիճակը իսկապես մխիթարելի չի եղել»: Ըստ նրա՝ լեռ այցելում են ոչ միայն որպես տեսարժան վայր, այլ շատերն այդտեղ նաև կազմակերպում  են ժողովրդի լեզվով ասած ««ուտուշ-խմուշ բաց երկնքի տակ»։ «Մարդիկ գնում են այնտեղ զվարճանում, բաժակ բարձրացնում, կենաց ասում, իսկ հետո աղբը թողնում ու հեռանում։ Եվ խնդիրը այն չէ, որ նրանք չեն կարողանում այդ աղբը իրենց հետ տանել, պարզապես դա անելու ցանկություն ու կուլտուրա չունեն»,- ասաց զրուցակիցս։

Արմաղանի տարածքում կառուցվել է «հաց ուտելու» համար նախատեսված շինություն, ինչը, մեղմ ասած, նպաստում է աղտոտվածության աճին։ Տիգրան Բաղիշջանյանի կարծիքով՝ տարածքում առկա եկեղեցուց բացի՝ մնացած շինությունների կառուցումը ավելորդ էր։

«Երբ զբոսաշրջիկների եմ ուղեկցում դեպի Արմաղան լեռ, նրանք, տեսնելով տիրող վիճակը, սկսում են հավաքել աղբը, ինչը չեն անում տեղաբնակ այցելուները»,- ասաց Տիգրան Բաղիշջանյանը: Նա նաև նշեց, որ ինքը խնդրի լուծման մեկ ելք է տեսնում՝ երկու բաղադրիչով՝ աղբավերամշակման գործարան հիմնելը և էկոլոգիական պատշաճ դաստիարակություն ապահովելը:

Նաիրա Կարապետյան

4-րդ կուրս

Կիսվել