«X FACTOR»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՍԵՐՍ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ. ՄԱՐԻԱՄ ԱԴԱՄՅԱՆ

«X FACTOR»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՍԵՐՍ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ. ՄԱՐԻԱՄ ԱԴԱՄՅԱՆ

1485

«X Factor 4» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից, ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ադամյանը մեզ հետ զրույցում պատմել է բնավորության գծերի, տարօրինակ սովորությունների, երաժշտության նախընտրելի ոճի մասին:

-Մասնակցել ես Երգի պետական թատրոնի (ԵՊԹ) «Ամենից ամենա», «Նոր ալիք», «X Factor 4» մրցույթներին, առհասարակ մրցույթներն ի՞նչ են տալիս քեզ:

-Ինքս մրցութային երգչուհի եմ ու շատ եմ սիրում մասնակցել մրցույթների, որովհետև դրանք առաջին հերթին տալիս են շատ մեծ փորձ:

-Ինչո՞ւ «Մարիամ և Էմաննուել» խումբը չշարունակեց իր ընթացքը, հետագայում հնարավո՞ր է ձեր խումբը տեսնենք որևէ ծրագրի կամ համերգի շրջանակներում:

-Մենք ուղղակի երկու անհատ էինք, որ միացել էինք, որպեսզի «X Factor»-ում շարունակենք ելույթ ունենալ, երբեք խումբ չենք եղել, բայց հետագայում սպասվում է համագործակցություն:

-«X Factor 4» ծրագրի մասնակիցներից, բացի Էմաննուելից, կա՞ ինչ-որ մեկը, ում հետ մինչ այժմ շփվում ես:

-Այո, Տյոմը:

-Ինչո՞ւ քեզ չենք տեսնում հեռուստատեսային այլ երաժշտական նախագծերում:

-Երբ սովորում եմ ու երգով եմ զբաղվում, դրանցից մեկն անպայման տուժում է: «X Factor»-ին մասնակցելու ժամանակ դասերս տուժել էին,  հիմա ավելի շատ կենտրոնացած եմ դասերիս վրա:

-Ընկերներդ պնդում են, որ շփվող ես, անմիջական, սակայն շատերն առաջին հայացքից մտածում են, որ սառն ես ու գոռոզ, ո՞րն է պատճառը:

-Միշտ ունեմ լուրջ դեմքի արտահայտություն, երևի դա է պատճառը, բայց իսկապես գոռոզ չեմ (ժպտում է-հեղ.):

-Նշիր բնավորությանդ գծերից 3-ը:

-Բարի եմ, բայց դրա մասին շատերը չգիտեն, ընկերասեր եմ ու շուտ եմ բռնկվում, որը փորձում եմ ուղղել:

-Ո՞ր կենդանու հետ կհամեմատես քեզ և ինչու՞:

-Կատվազգիներից ինչ-որ մեկի, երևի ավելի շատ կատվի. երկուսս էլ շատ ենք սիրում հարձակվել:

-Բացի գլուխն ապակյա դռներին խփելուց, ուրիշ ի՞նչ տարօրինակ սովորություններ ունես:

-Որտեղ էլ լինեմ, ինչ հանգամանքներ էլ լինեն, եթե զգամ, որ շրթներկս լավ վիճակում չի, կուղղեմ այն:

-Պատմիր մանկությանդ ամենավառ հուշերից:

-Առաջին դասարանում էի, երբ տատիկս մեքենա էր գնել, մեզ շարադրություն էին հանձնարարել, ու ես գրել էի՝ երբ տխուր եմ լինում, տատիկս ինձ նստեցնում է իր սպիտակ ML-ը(Mercedes) և սլանում դեպի տուն:

-Արմատներով Ապարանից ես, ինչպե՞ս ես վերաբերվում ապարանցիների մասին հումորներին:

-Իրական ապարանցիները հենց իրենք են իրենց մասին հումորներ անում:

-Ընկերներդ նշում են, որ եթե ինչ-որ մեկը քեզ դուր չի գալիս, դա անպայման ցույց ես տալիս: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել:

-Չեմ մտաբերի կոնկրետ դեպք: Էնպես չի, որ մարդու դեմքին ասում եմ, ուղղակի ինքնաբերաբար վերաբերմունքս միշտ դրական չի լինում: Դա հիմնականում պայմանավորված է մարդկանց արարքներով:

-Օրինակ ի՞նչ պետք է անի մարդը, որ առաջին հայացքից քեզ դուր չգա:

-Չեմ սիրում, երբ ծաղրում են ուրիշներին, նման դեպքերում չեմ կարողանում ինձ զսպել ու պաշտպանում եմ դիմացինիս:

-Եթե հնարավորություն ունենաս կյանքիդ որևէ պահ նորից ապրել, ո՞րը կլինի դա:

– «X Factor»-ը, որովհետև դեռ ավելի նշանակալից բան չի եղել իմ կյանքում:

-Ո՞րն է քո սիրած վայրը Երևանում:

-Դժվար հարց է… համալսարանը:

-Նշիր 3 իր, որ միշտ քեզ հետ են:

-Պայուսակ՝ իր բոլոր պարագաներով՝ շրթներկ, հեռախոս…

-Գիտես անգլերեն, ճապոներեն, սովորում ես իտալերեն. ո՞ր ազգի մշակույթն է գրավում ամենից շատ:

-Ասիականը, եթե լիներ կորեերեն, ճապոներենի փոխարեն դա կընտրեի:

-Ո՞ր երկրում կցանկանաս ապրել:

-Ուզում եմ գնալ արտասահման ու մի քանի տարի ապրել, բայց գիտեմ, որ, միևնույն է, հետ եմ գալու Հայաստան:

-Ովքե՞ր են քո ամենասիրելի երգիչն ու երգչուհին:

-Ջասթին Թիմբրլեյքն ու Ալիշա Քիզը, իսկ ամենասիրելի խումբը՝ «Arctic Monkeys»:

-Երաժշտության ո՞ր ոճն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Հիմա՝ ռոքը, բայց 2-3 տարի առաջ նախըտրում էի հիփ-հոփը:

-Ի՞նչ երգ է միշտ հնչում ականջակալներումդ:

-Արդեն մի շաբաթ է՝ լսում եմ Ջորջա Սմիթի «Teenage Fantasy»-ն:

-Ինչո՞ւ եկար Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, չէ՞ որ սովորել ես ԵՊԹ-ում,  հաջորդ տրամաբանական քայլն այլ տեղ պետք է տաներ:

-Տրամաբանական էր, բայց պետք չէր. Կոնսերվատորիայում իսկական մասնագիտություն չէի ստանալու, ուղղակի գիտելիքներ էի ստանալու երաժշտության մասին: Էստեղ ընդունվեցի, որ ավելի խելացի դառնամ (ժպտում է՝ հեղ.):

-5 տարի անց կտեսնենք Մարիամ Ադամյան երգչուհուն, թե՞ դիվանագետին:

-Հավանաբար` երկուսը մեկում:

Հարցազրույցը՝ Լիլիթ Մկրտչյանի

2-րդ կուրս

Կիսվել