ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ՇԱՀԻ՞

ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ՇԱՀԻ՞

2144

Թե մի պատահական օր, պատահական միջավայրում մեկն ունեցել է օգնության կարիք ու հարցրել՝ ո՞վ, իսկ դու ոտքի ես կանգնել ու ասել՝ ե՛ս, ուրեմն դու արդեն կամավոր ես:
Իսկ ըստ Օքսֆորդի բառարանի՝ կամավորն այն անձն է, ով անվճար աշխատում է կազմակերպության համար: Չվարձատրվող լինելով է, որ այն նույնացվում է բարեգործության հետ: Սակայն սա ամբողջությամբ բարեգործություն չէ: Կամավորություն անելով երիտասարդները լուծում են աշխատանքային փորձի, ընկերներ ձեռք բերելու, մասնագիտական և ոչ մասնագիտական հմտություններ ստանալու խնդիրներ:
Գաղափարը՝ որտեղի՞ց
Տասնիներորդ դարում Ամերիկայում կարիքավորներին օգնող խմբեր կազմվեցին, ապա հիմնվեց Ամերիկյան Կարմիր Խաչը՝ կրկին կամավորության սկզբունքով: Սակայն երևույթն առավել լայն տարածում գտավ 1920-ականներին` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ կարիք առաջացավ փլատակների տակ գտնվող Եվրոպան վերականգնել: Մի խումբ ֆրանսիացի խաղաղասեր ակտիվիստներ կազմեցին կամավորական խմբեր, որոնք պետք է օգնեին Եվրոպայի բնակիչներին վերականգնել իրենց տները: Այսպես սկիզբ առավ նաև միջազգային կամավորությունը (աշխատանքներ ձեռնարկվեցին նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս):
Մերոնք
Կամավորության պրակտիկան չափազանց տարածված է Հայաստանից դուրս և քիչ-քիչ սկսում է նաև Հայաստանի ներսում տարածվել: Խոսքը բոլոր տեսակի կամավորությունների մասին է, բացի զինվորականից. կամավորության այս տեսակն է մեր բանակի հիմքում: Եվ ոչ էլ բժշկական կամավորության մասին, քանի որ բժշկությունը, ասում են, նախ կամավորություն է, հետո միայն աշխատանք:
Հայ կամավորների մասին խոսել հնարավոր է, հնարավոր է նաև խոսել նրանց հետ (այո՛, նրանք գոյություն ունեն): Ուրեմն, Հայաստանում կամավորական աշխատանքի մասին՝ երեքի օրինակով:
Հայկ Պերթիկյանն է: Կամավորություն անելու մեծ «փորձ» ունի: Կամավոր է եղել տարբեր կազմակերպություններում, այդ թվում և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունում: Պատմում է. «Այնտեղ կամավորություն անել եմ սկսել, որ օգնեմ Հայկական Վիքիպեդիային զարգանալ: Ճիշտ է, ես էլ ընթացքում գիտելիքներ եմ ձեռք բերել, բայց էդ իմ հիմնական նպատակը չէր: Մենք խմբով մանկատներ էինք գնում՝ նվերներ բաժանելու, որ երեխաներին ուրախացնենք ու հուսադրենք: Իսկ կամավորությունը շատ կարևոր է: Կարծում եմ՝ ով ազատ ժամանակ ունի, պիտի զբաղվի կամավորությամբ, որովհետև, ճիշտ է, Հայաստանում դրան էդքան կարևորություն չեն տալիս, բայց, օրինակ, ԱՄՆ-ում եթե գոնե 2-3 ամիս ինչ-որ կամավորություն չես արել, չես կարող աշխատանք գտնել»:
Արձանագրենք՝ այլոց օգնելու, ուրախացնելու ցանկություն: Գիտելիքների ձեռքբերում:

14962905_1143767012372537_1542821694_n
Ժանետտա Ավետիսյանը, որ կրկին «ստաժավոր» կամավորներից է, այս գործի շահերի մասին է պատմում. «Կամավորության մեջ հեռատես ու զուգորդվող շահ կա: Ի՞նչ է նշանակում հեռատես շահ: Երբ դու, իհարկե, հետապնդում ես քո անձնական շահը, բայց դա զուգորդվում է նաև քո դիմացինի շահի հետ: Դիմացինիդ պետք է անվճար աշխատանք, քեզ պետք է հավես ժամանակ, փորձ, նոր դռներ ու նոր ուղիներ: Օրինակ՝ Հռոմի պապի այցի հետ կապված, բավականին աշխատել եմ, հոգնել, բայց անվճար գնացել եմ Գյումրի, մնացել գիշերը, սնվել, ամբողջ գիշեր խաղացել, խոսել, ծիծաղել եմ, տեսել եմ Հոռոմի պապին, ծանոթացել եմ շատ մարդկանց հետ ու կյանքիս հուշերի ալբոմում ավելացրել եմ անմոռանալի հավես հուշ: Կամավորության մեջ չպիտի հետապնդես նյութական շահ, չպիտի հետապնդես անձնական շահ, պիտի թիմում աշխատել կարողանաս ու չլինես հոտած մեկը, որ քեզնից չձանձրանան»: Հարցնում եմ՝ իսկ դա որքանո՞վ կօգնի հետագայում աշխատանք գտնելու համար, իսկ Ժանետտան… «Կամավորությունը ռեալ աշխատանք գտնելու համար շատ բան չի տալիս, զուտ CV է լցնում, որն էլ, իր հերթին, ցույց է տալիս քո հասարակական ակտիվությունը: Իմ ընտրած ուղու վրա (ուղին՝ իրավաբանություն) ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ կամավորական աշխատանքը, բայց թարգմանչի, հոգեբանի, սոցիոլոգի, մանկավարժի, ինչպես նաև լրագրողի և շատ ու շատ ոլորտների մասնագետների համար ճիշտ ընտրված կամավորական աշխատանքը կարող է և մեծագույն նշանակություն ունենալ: Կամավորությունը փորձ է, որը քեզ հետագա կյանքում որոշակի սխալներից ու սխալ մարդկանցից հետ է պահում»:
Արձանագրենք՝ փորձի հարստացում, հեռատես, զուգորդվող շահ, հուշերի ալբոմում՝ +1 հուշ:14971677_1143767092372529_793330439_o
Ժան Հակոբյանն էլ Սիրիայից է եկել Հայաստան՝ կամավորություն անելու: Բասկետբոլի մարզիչ է: Ժանը պատմում է. «Ուրեմն ես Հայաստան եկայ «Birthright» անունով ընկերութեան հետ, այս ընկերութեան նպատակն է` հաւաքել հայերը աշխարհի չորս կողմէն եւ բերել Հայաստան, որպէսզի ծանօթանան Հայաստանին եւ ժողովուրդին հետ, նաեւ կամաւորական գործ ընեն Հայաստանէն ներս: Մենք այստեղ կու գանք որոշուած ժամանակով, օրինակ 3-4 ամիս եթէ կ’ուզենք կրնանք շարունակել… Կամաւորութիւն գալուց առաջ ինծի հարցուցին, թէ ինչ գործ կ’ուզես, որ կամաւորութիւն ընես, ես իրենց ըսի, որ ես սփորթով հետաքրքրուած եմ եւ փափաք ունիմ, որպէսզի ըլլամ պասկեթպոլի մարզիչ, քանի ես ասկէ առաջ ունեցած էի փորձառութիւն մարզելու մէջ: Այսպիսով ինծի առաջարկեցին, որպէսզի կամաւորութեան գործ ընեմ «Մխիթար Սեբաստացի» համալիրին մէջ: Ուրախ եմ այս դպրոցէն ներս մաս կազմելով, թէեւ կամաւոր գործով, եւ կ’ուզեմ աւելի երկար ժամանակ աշախատիլ նոյնիսկ իմ կամաւորական օրերս վերջանալէն յետոյ, քանի ինծի համար մեծ հաճոյք եւ ուրախութիւն է այսպիսի կազմակերպուած եւ լաւ դպրոցի հետ աշխատիլը… »
Հարցնում եմ՝ ի վերջո ինչի՞ համար կտրել-անցնել կիլոմետրեր ու կամավորություն անել: Ժանը պատասխանում է. «…թէ Հայաստանի ժողովուրդին հետ շփուելու,թէ օգնութիւն ընելու, թէ Հայաստանը տեսնելու… նիւթական մտածմունքներէ հեռու, երբ որ բան մը կը սիրես, ինչ ալ ըլլայ կ’ընես եւ երբ որ Հայաստան կը սիրես եւ առաջին անգամ կ’ըլլայ գալդ, ինչպէս կ’ուզես օգնէ, թէեւ պզտիկ օգնութիւն»: Սահմանված ժամկերի ավարտվելուց հետո Ժանը հավանաբար էլի կմնա Հայաստանում և կշարունակի աշխատել:

14922972_1143767165705855_1161141354_o
Արձանագրենք՝ վերադարձ հայրենիք և… և վե՛րջ
Կամավորակական աշխատանքն այլ աշխատանք է, շահը՝ այլ շահ: Մեր երեք կամավորներն էլ կարծում են՝ երիտասարդությունը պետք է այս առումով շահամոլ լինի:

Վիկտորյա Մարկոսյան
2-րդ կուրս

Կիսվել