Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Առուշանյանի հետ զրուցել ենք Ֆեյսբուքյան տիրույթում անձնական տվյալների խախտումների ու դրանց կանխարգելումների մասին:
-Գործակալությունը ստեղծվել է 2015թ. և, ըստ էության, բավական երիտասարդ է: Արդյոք քաղաքացիները տեղյակ են գործակալության մասին և ստանու՞մ եք դիմումներ սոցցանցերում անձնական տվյալների պաշտպանության հարցերով:
-Այո, բավական շատ են դիմում մեզ: 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի մարտ ամիսը Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տրամադրել է 866 խորհրդատվություն, որոնցից՝ 211-ը՝ քաղաքացիների, 358-ը՝ իրավաբանական անձանց, 194-ը՝ պետական մարմինների, 66-ը՝ լրագրողների, 16-ը՝ ՀԿ ներկայացուցիչների, 20-ը՝ փաստաբանների, 1-ը՝ միջազգային կառույցի։ Գործակալությունը մեծ դերակատարում ունի նախ և առաջ որպես խորհրդատվական կառույց՝ թե° ֆիզիկական անձանց համար, թե° պետական ու իրավաբանական կառույցների։ Հիմնականում ֆեյսբուքում անձնական տվյալների պաշտպանության հարցերով դիմում են 14-23 տարեկան անձինք։ Նրանց կողմից ներկայացվող հարցերը վերաբերում են ոչ միայն անձնական տվայլներին, այլ ցանցային անվտանգությանը ևս։ Գուցե դա այնքան էլ մեր գորածառույթներով սահմաված չէ, բայց ունենք փորձագետ ով պատասխանում է հենց այդ հարցերին, ի վերջո ցանցային անվտանգությունը սկսվում է ինտերնետ գրագիտությունից։
-Ունենք ծնողների մի ստվար բանակ, ովքեր շատ բուռն կերպով ֆեյսբուքյան էջերում տեղադրում են իրենց երեխաների լուսանկարներն ու տեսանյութերը, այս մասով գործակալությունը կատարու՞մ է խորհրդատվական ծանուցումներ կամ բողոքներ ստանու՞մ եք:
-Դե յուրաքանչյուր ծնող կարծում եմ ինքը պետք է լինի այնքան մեդիագրագետ, որ մտածի, պե՞տք է արդյոք իր երեխայի նկարը տեղ գտնի սոցիալական ցանցում, թե ոչ։ Մեզ վերջին շրջանում հատկապես դիմում են դպրոցներում տեղի ունեցող մասսայական միջոցառումների ժամանակ կատարված տեսանյութերի ու նկարների համացանցում տեղադրելու բողոքներով։ Օրինակ, ունեցանք մի դեպք, երբ shamshyan.com –ի կողմից գիշերօթիկ դպրոցում կատարված ինքնասպանության փորձի լուսաբանման ժամանակ խոշոր պլանով ցուցադրել են խոցելի խումբ համարվող երեխաներին։ Մեր գործակալությունը դիմեց նրանց, այս սխալը շտկելու համար, քանի որ այստեղ կա ինքնության նույնականացման խնդիր։ Այս կայքի հետ կապված նման դեպքեր շատ են եղել, բայց հիմա, կարծես թե, նրանք սկսել են փոխել աշխատելաոճը։ Ունեցանք մի դեպք, երբ մասնավոր դպրոցներից մեկում մասսայական միջոցառումների ժամանակ պարբերաբար կատարվել էին տեսանկարահանումներ և դրանք տեղադրվել էին դպրոցի համացանցային տարբեր էջերում կամ լուսաբանվել էին ԶԼՄ-ներով։ Ծնողներից մեկը դիմել էր մեզ` ասելով, որ չի ցանկանում իր երեխային ցուցադրեն նկարներում կամ այդ տեսանյութերում։ Դե դպրոցի տնօրինությունը զարմացած էր` չհասկանալով, թե ինչ վատ բան կա դրանում, բայց իրականում էստեղ էլի ունեինք ինքնության նույնականացման խնդիր։
-Ինչպես Դուք նշեցիք, մեր հասարակությունն ունի իրավագիտակցության պակաս, որը կարծում եմ ակնհայտ է հատկապես այն դեպքերում, երբ օգտատերերը տարբեր խմբերում տեղադրում են կորած անձնագրերի, վարորդական վկայականների կամ այլ լուսանկարներ՝ փնտրելով սեփականատիրոջն, և դա էլ հերիք չէ, խորհուրդ են տալիս բոլորին դրանք տարածել։
-Դե, առաջին հայացքից թվում է, թե մարդիկ լավություն են անում` չգիտակցելով, թե ինչքան վտանգ կա դրա տակ թաքնված։ Անցյալ տարի սրա մասին նաև հրապարակեցինք հորդոր-խնդրանք, մասնավորապես նշելով հնարավորինս զերծ մնալ նման գործողություններ իրականացնելուց։ Կամ գոնե փակել այն տվյալները, որոնք կարող են նույնականացնել անձին: Այս պարագայում դրանք են լուսանկարը, կամ ծննդյան տարեթիվն ու փաստաթղթերի սերիաները։ Լավագույնն, ինչ կարող են անել այս դեպքում, դա կորած փաստաթուղթը մոտակա ոստիկանական բաժանմունք ներկայացնելն է։ Զարմանալիորեն այս մասով բողոքներ չենք ունեցել, բայց իրականում սա մեծ վտանգ ներկայացնող երևույթ է։
-Վերջին մի քանի տարիներին Ֆեյսբուքում շատ ակտիվ շրջանառվում են տարբեր թեստ-խաղեր, որոնց «գայթակղությանը» օգտատերերի մեծ մասը չի կարողանում դիմակայել, բայց փորձագետներն անընդհատ բարձրաձայնում են դրանց վտանգների մասին։ Ի՞նչ է անում գործակալությունն այս ուղղությամբ։
-Ի՞նչ եք եղել նախորդ կյանքում, ինչպիսի՞ն կլինեք գլամուրային ամսագրի շապիկին կամ նման այլ առաջին հայացքից անմեղ խաղերը իրականում անձնական տվյալների հզոր որսացողներ են, որոնք կարողանում են հաշված վայրկյանների ընթացքում Ձեզնից խլել անձնական բնույթի ինֆորմացիայի մեծ չափաբաժին։ Դուք համաձայնվում եք մասնակցել այդ խաղերին, տալիս եք Ձեր համաձայնությունը, որ այն օգտվի Ձեր տվյալներից: Եվ ահա հաջորդ մի քանի վայրկյանների ընթացքում, մինչ Ձեր էկրանին կհայտնվի Ձեր հարցման պատասխանը, համակարգը Ձեզնից խլում է անձնական բնույթի ինֆորմացիայի մեծ չափաբաժին։
-Ստացված բողոքների հիման վրա գործակալությունն իրավասություն ունի՞ իրականացնելու վարչական վարույթներ։ Եվ հատկապես ի՞նչ տեսքով է դա իրականացվում։
-Այո, անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործառույթներից մեկն էլ հենց վարչական վարույթներ հարուցելն է և դրա շրջանակում որոշումներ կայացնելն ու դրանք պարտադրելն է։ Դա կարող է լինել նաև տուգանքի տեսքով։ Վարույթը հարուցվում է դիմումների հիման վրա։ Սրանք դատական գործընթացներ չեն, այլ քաղաքացիական վարույթներ են։ Եթե կողմերից մեկը չի ընդունում կայացված որոշումը, ապա արդեն կարող է դիմել դատարան։ 2015թ. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով հենց սահմանված են մեր այս լիազորությունները։ Մենք նաև առաջնորդվում ենք միջազգային կոնվենցիաներով։
-Դուք նշեցիք, որ գործակալությունն իրականացնում է նաև խորհրդատվական միջոցառումներ։ Իսկ ունե՞ք ուղեցույցներ կամ թռուցիկներ, որոնք կնպաստեն մարդկանց մեդիագրագիտության բարձրացմանը։
-Գործակալության ստեղծումից ի վեր, այս 4 տարվա ընթացքում արդեն ունենք 10-ից ավել ուղեցույց, որոնք հնարավորինս տարածում ենք նախ և առաջ սոցիալական ցանցերում։ Մեր ուղեցույցները հիմնականում տալիս են գործնական խորհուրդներ։ Ունենք նաև ավելի համապարփակ ուղեցույցներ, որոնք վերաբերում են անձնական տվյալների պաշտպանության իրավունքին և առավել մեծածավալ են։ Դրանց մեջ են, օրինակ, երեխաների անձնական տվյալների, աշխատողների աձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցները, ինչպես նաև խորհրդատվական որոշումները։ Ֆեյսբուքի համար ունենք գործնական ուղեցույց` ինչպե՞ս դիմել Facebook-ին անձնական կամ այլ տվյալները հեռացնելու համար։ Առհասարակ, եթե ազնիվ գտնվենք, ապա կարող ենք խոստովանել, որ Ֆեյսբուքը բավական լավ քաղաքականություն ունի անձնական տվյալների պաշտպանության համար, պարզապես պետք է լինել ուշադիր։ Գրանցվելուց կարգավորումներ տալիս ավելի նպատակահարմար է սահմանել միայն Ձեզ կամ Ձեր ընկերների համար: Մեր բոլոր ուղեցույցները տեղադրված են արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։
-Արդյոք անձնական տվյալների իրավունքը բացարձակ է։
-Միանշանակ չենք կարող ասել, որ դա բացարձակ իրավունք է, ո°չ։ Այն հավասարակշռվող իրավունք է, քանի որ մյուս կողմում կանգնած է տեղեկատվության ազատության իրավունքը։ Այսինքն, պետք է միշտ կշեռքի նժարի վրա դնել այդ երկու իրավունքները։ Վառ օրինակ, վերջերս տեղի ունեցած պաշտոնյաների պարգևավճարների մասին շրջանառվող լուրերն էին, որոնց համար երկու հակադիր բևեռներ այդ երկու իրավունքներից մեկն ու մեկի պաշտպանողն էին։ Բայց միշտ կարևոր է առաջնորդվել այն կանոնով, որ արդյոք մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը չի խախտում մյուսի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
-Գործակալությունը կարո՞ղ է ասել, որ գրանցել է հաջողություններ կամ դրական տեղաշարժ օգտատերերի կողմից սոցցանցերում իրենց անձնական տվյալների պաշտպանության մասով։
-Կարծում եմ, որ այո, կա։ Իհարկե չեմ ուզենա նման մեծ պատասխանատվություն վերցնել և ասել, որ դա միայն գործակալության շնորհիվ է։ Պարզապես նաև կա այն գործոնը, որ նոր սերունդը գնալով դառնում է առավել իրավագիտակից ու մեդիագրագետ։ Իհարկե այս տեղարշաժի համար գործակալությունը աշխատանքներ միշտ է տանում՝ հանդիպումներ և ուսուցումներ տարբեր շրջանակների՝ այդ թվում նաև պետական օղակների աշխատակիցների, դպրոցականների, համալսարանականների հետ, ուղեցույցների պատրաստում, սոցցանցերի մեր էջերում անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված նյութերի տեղադրում և ոչ միայն։ Ամսական ամենաքիչը 3-4 ուսուցում ունենում ենք այս թեմայով մեր փորձագետի հետ, ով առավել գործնական կիրառելի խորհուրդներ է տալիս։
-Ֆեյսբուքի հնարավորություններից է նաև այսպես կոչված ուղիղ եթերի հնարավորությունը։ Մասսայական միջացառումների ժամանակ այս «բարիքից» օգտվելն ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։
-Ինչպես լուսանկարը, այնպես էլ տեսանյութը կարող է բերել ինքնության նույնականացման խնդրի։ Եթե օգտատերը միայն ինքն է երևում տեսանյութում, ապա այստեղ լուրջ խնդիր չկա որպես այդպիսին։ Բայց մասսայական միջոցառման ժամանակ արդեն պետք է երկար մտածել այս գործիքից օգտվելուց առաջ։ Եթե հանրային միջոցառման ժամանակ մասնակիցը կարող է լրատվամիջոցին խնդրել իրեն չնկարահանել, ապա նույն միջոցառմանը ներկա այլ մասնակիցներից անհնար է պահանջել դա։ Սա անվերահսկելի է դառնում։ Բայց ունենք նաև նման հարց. և° լուսանկարի, և° տեսանյութի պարագայում մարդուն նույնականացնելը դժվար է մեծ խմբերի ու մարդաշատության դեպքում, այսինքն ընդհանուր պլանի օգտագործման ժամանակ սա այլևս անձնական տվյալ չի համարվում։
-Հանրային մեծ ճանաչում ունեցող մարդկանց մեծ մասը ևս ունի հաշիվ Ֆեյսբուքում: Սրան զուգահեռ նրանց երկրպագուները ևս բացում են նրանց անուններով տարբեր էջեր: Ի՞նչ խնդիրներ կարող է սա առաջացնել այս մարդկանց համար:
–Նախ այդպիսի պարագայում, ցանկացած մարդ, ում անունից բացվում է հաշիվ, որն իրեն չի պատկանում, կարող է դիմել Ֆեյսբուքի ադմինիստրացիային, այն ապաակտիվացնելու համար: Գործակալությունը նման դիմումներ բավական շատ է ստանում: Մենք կապնվում ենք Ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ` այդպիսի կեղծ էջերը արգելափակելու համար: Ի վերջո դրանց կողմից տարածվում են մարդկանց լուսանկարները, որոնք մարդու ինքնությունը նույնականացնող ամենամեծ տվյալներն են համարվում: Իհարկե, Ֆեյսբուքին դիմելուց առաջ մենք կապնվում ենք էջի հետ, խնդրում այն հեռացնել: Եթե դա չի արվում, հաջորդ քայլն արդեն Ֆեյսբուքին դիմելն է: Մենք կարող ենք նաև դիմող կողմի պահանջով հարուցել վարչական վարույթ: Քանի, որ տեղի է ունենում մարդու ինքնության գողություն:
– Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները Ֆեյսբուքում:
– Իմ կարծիքով դպրոցական տարիքից պետք է ուսուցանվի մեդիագրագիտությունն ու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Մենք նման նախաձեռնություն ենք ուզում կյանքի կոչել գոնե ավագ դասարանների համար: Քանի որ, եթե այդ տարիքից գոնե ունենան այդ իրավագիտակցումը, կկարողանան հասկանալ, թե ինչ կոնտենտ հրապարակել ու ինչ եղանակով: Ի վերջո Ֆեյսբուքը թույլատրում է գրանցվել 13 տարին լրացած անձանց: Եթե հենց այդ տարիքում նրանք կրթվեն, կկարողանան լինել գոնե քիչ թե շատ պաշտպանված և կկարողանան համացանցից անվտանգ օգտվել: Հաջորդ գործոնը ծնողինն է: Նա պետք է լինի հետևողական ու հսկի երեխայի համացանցային վարքը: Մենք խորհուրդ ենք տալիս երեխաների համար միացնել հատուկ կարգավորումները: Եվ իհարկե, ցանկացած մարդ, համացանցում որևէ լուսանկար կամ տեղեկություն հրապարակելուց առաջ պետք է գիտակցի, որ այն հավերժ մնալու է այդ տիրույթում:
Հարցազրույցը՝ Լուսինե Թովմասյանի
5-րդ կուրս