ԹԱՏՐՈՆԸ ԿԱ ՈՒ ՀԱՎԵՏ ԿԱՊՐԻ

ԹԱՏՐՈՆԸ ԿԱ ՈՒ ՀԱՎԵՏ ԿԱՊՐԻ

1474

Գայանե Վարդիկյանը սովորել է Երևանի պարարվեստի ուսումարանի դասական պարի բաժնում: Աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի արտիստ: 2009թ․-ից աշխատում է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի և պարուսույց:

Ինչպե՞ս էիք պատկերացնում Ձեր կյանքը երիտասարդ տարիքում:

– Անամպ, լուսավոր և սպասումներով լի։

-Արդյո՞ք ամեն ինչ Ձեր պատկերացումներով ու երազանքներով գնաց:

– Իհարկե ոչ: Մինչև 20 տարեկանը այդպես էր: Հետո կյանքը ինձ գցեց իր հորձանուտը, որը տևեց համարյա 20 տարի:

-Կուզեի՞ք ամեն ինչ այլ կերպ լիներ, և Դուք լրիվ այլ ուղղությամբ գնայիք:

– Մինչև թատրոնի դերասան դառնալը ուզում էի ամեն ինչ ջնջվեր, ու նորից սկսվեր կյանքս, բայց թատրոնի բեմը ամեն ինչ մոռացնել տվեց:

-Ի՞նչ է տվել թատրոնը Ձեզ և Դուք` նրան։

– Ես դեռ ոչինչ չեմ տվել, բայց թատրոնը ապրելու ու արարելու երջանիկ հնարավորություն:

-Նաև պարուսույց եք, ինչպե՞ս եք կարողանում  համատեղել 2 տարբեր մասնագիտություններ:

– Ցանկության դեպքում համատեղելը դժվար չէ, եթե մարդկային գործոնը չի խանգարում, ամեն ինչ հաղթահարելի է:

-Այդ մասնագիտությունները ունե՞ն նմանություններ:

– Բազում: Երկուսն էլ պահանջում են աշխատասիրություն, նվիրվածություն և դերասանի վարպետություն:

-Եթե լիներ իրավիճակ, որ ընտրեիք այդ մասնագիտություններից միայն մեկը, ո՞րը կլիներ Ձեր ընտրությունը:

– Թատրոնը: Երևի հոգիս հավետ հյուսվել է նրան ու չի էլ կամենում ետ քանդվել։

-Եղե՞լ են կերպարներ,որոնք չցանկանալով եք մարմավորել:

– Ոչ: Իմ բոլոր կերպարներն էլ սիրելի և հոգուս մոտ են եղել, նույնիսկ ըստ հանդիսատեսի` բացասական կերպարներս ունեն իրենց արդարացումը:

-Լավ կամ վատ տրամադրությունը կարո՞ղ է խանգարել Ձեր խաղին:

– Ես ամեն ինչ թողնում եմ դրսում ու մտնում թատրոն, ինչպես եկեղեցի կմտնեմ:

-Կա՞ն խոսքեր, բառեր, որոնք ասում եք բեմ դուրս գալուց առաջ, եթե այո, ինչքանո՞վ են դրանք օգնում:

– Խնդրում եմ Աստծուն, որ իմ հետ լինի: Առ այսօր օգնել է:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն կլինի թատրոնի ապագան:

– Թատրոնը եղել է, կա ու հավետ կապրի․․․ Քանի գոյություն ունի մարդկությունը, այն մշտապես հայելու նման ցույց կտա մարդկությանն իր դեմքը՝ գեղեցիկ, թե այլանդակ, բարի, թե չար…

-Իսկ ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հայ թատրոնի հանդիսատեսին:

– Սպասումով լի, հանդուրժող ու արդար քննադատ:

-Այժմ շատ դերասաններ ցանկանում են հայտնվել էկրանին, երբևէ կնկարահանվե՞ք ֆիլմերում կամ հեռուստասերիալներում:

– Թատրոնի բեմը չի փոխարինվում նույնիսկ ամենամեծ նկարահանման հրապարակով, այնտեղ չկա հեքիաթ, չկան հանդիսատեսի աչքեր, չկա կենդանի շփում: Եթե նկարահանվեմ էլ, դա կլինի միայն հետաքրքրություն, ուղղակի փորձելու համար և ինչպես շատ դերասաններ` գումար աշխատելու համար, բայց դա ինձ չի գերում:

-Կյանքում առավելապես ի՞նչն եք կարևորում:

– Կարևորում եմ մարդկային մաքուր փոխհարաբերություններն ու օգտակար լինելու հնարավորությունը մարդկանց ու արվեստին:

Հարցազրույցը՝ Սոնա Սողոմանյանի

2-րդ կուրս

Կիսվել