«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ… ». ԱՐՏՅՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ… ». ԱՐՏՅՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

4970

2016 թվականը հոբելյանական է և՛ հանրային ռադիոյի, և՛ հանրային հեռուստատեսության համար: Այս տարի Հայաստանի մայր ռադիոն բոլորում է գոյության 90, իսկ հեռուստատեսություն՝ 60 ամյակը:        

1926 թվականի սեպտեմբերին հիմնադրվեց Հայաստանի մայր ռադիոն: Թեև այն իր գոյության ընթացքում տարբեր անվանումներ է ունեցել, այնուամենայնիվ միշտ եղել է և շարունակում է մնալ համայն հայության և հայոց պետության ազգային կյանքի կենսագիրն ու տարեգիրը:   

Ռադիոյի հիմնադրումից ճիշտ  30 տարի հետո՝ 1956 թվականի նոյեմբերի 29-ին, ստեղծվեց  Հայաստանի հանրային հեռուտատեսությունը: Այդ օրը պատահական չէր ընտրված. նոյեմբերի 29-ը Խորհրդային Հայաստանի ծննդյան օրն էր համարվում:        

Արմեն Հովհաննիսյան, Արշալույս Սարոյան, Մարատ Մարինոսյան, Կիմ Արզումանյան, Վիլեն Զաքարյան,  Հովհաննես Հակոբյան,  Ջոն Կիրակոսյան, Գրիգոր Չալիկյան, Գալուստ Հալաջյան, Լեռա Շախնազարյան, Ալվարդ Միրզոյան, Նառա Շլեպչյան, Լևոն Պարոնյան… այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Նրանք հանրայինի վետերաններն են, մարդիկ ովքեր եղել են հանրայինում հիմնադրումից ի վեր: Ցավոք այսօր նրանցից շատերը մեզ հետ չեն, բայց մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք բախտ են ունեցել անձամբ ճանաչելու  նրանց:

Արտյոմ Մխիթարյանը այդ  մարդկանցից մեկն է, ով ձեռնամուխ է եղել կարևոր և հատկանշական  մի նախաձեռնության. նա փնտրել, գտել և մեկտեղել է մի շարք լուսանկարներ, որտեղ պատկերված են հանրայինի վետերանները՝ մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով կերտել և մեզ են փոխանցել հսկայական և անգնահատելի ժառանգություն:

Կես դարից ավելի է ինչ ռեժիսոր Արտյոմ Մխիթարյանն աշխատում է հանրային հեռուստատեսությունում: Սկզբում՝ որպես ռեժիսորի օգնական, հետո՝ օպերատոր, այնուհետև Հանրայինի լուրերի բաժնի գլխավոր ռեժիսորի պաշտոնն է զբաղեցրել: Մի առիթով Արտյոմ Մխիթարյանն ասել է. «Հեռուստատեսությունը մարդիկ են: Հեռուստատեսությունը հետաքրքիր է այն մարդկանցով, ովքեր աշխատել և աշխատում են այնտեղ, ովքեր հիմնադրել են այն»:

Արտյոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում պատմեց իր մասնագիտական գործունեության, հեռուստատեսության և ամենագլխավորը՝ այն մարդկանց մասին, ում շնորհիվ այսօր մենք ունենք Հանրային հեռուստատեսություն:

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցից մի հատված:
-Պարոն Մխիթարյան,  ինչպիսի՞ն էր Ձեր մուտքը հեռուստատեսություն:      

-Երևանում էր Անդրեյ Տարկովսկին: Մոսկվայում անբարենպաստ եղանակներ լինելու պատճառով, իր դիպլոմային աշխատանքից որոշ հատվածներ պետք է նկարահանվեին այստեղ: Ստացա առաջարկ նկարահանվելու այդ ֆիլմում:
Գնացինք կինոստուդիա: Աշուն էր և մոտ մեկ ամիս կինոխմբի հետ աշխատեցինք: Տակովսկին ֆիլմի ռեժիսորն էր, նրա հետ աշխատում էր ճանաչված օպերատոր Վասիմ Յուսով, ում աշխատանքն ինձ ավելի հետաքրքրեց և դուր եկավ: Ես ոգևորվեցի օպերատորական աշխատանքով:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք այդ ժամանակահատվածից:       

-Նկարահանումներից մեկի ժամանակ ինձ հաջողվեց բռնել տեսախցիկներից մեկը, որն լավ ամրացված չէր եռոտանուն (ռուս.՝ штатив): Դա թանկարժեք սինխռոն տեսախցիկ էր, իսկ այն ժամանակ այդ տեսախցիկները շատ ծանր էին և թանկ: Նրանք հասկացան, որ ես նրանց փրկիչն եմ, ինչ-որ առումով (ժպտում է) :

-Ո՞րոնքն էին Ձեր հաջորդ քայլերը այս ոլորտում:

-Տավրոսն ինձ ասաց, որ բացել են Հեռուստաստուդիա: Սկսեցի աշխատել հեռուստաստուդիայում՝ որպես ռեժիսորի օգնական, գրական-դրամատիկական խմբագրությունում: Դա 1961 թվականի հունվարի 16-ն էր: Գլխավոր ռեժիսորը Մարատ Մարինոսյանն էր: Այստեղ փորձերի էին գալիս Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը…: Շատ հետաքրքիր էր աշխատել այս մարդկանց հետ: Կիմ Արզումանյան, Վաղինակ Մարգունի, Էդգար Էլբակյան, Վալոդյա Աբաջան, Կարպ Խաչվանկյան… բոլորի անունները թվել չեմ կարող, բայց բոլորն էլ հետաքրքիր մարդիկ էին:
Ներկայացման տեքստերից ավելի շատ ինձ հետաքրքրում էին փորձերի ընդմիջումները: Հեռուստաստուդիայի տարածքը շատ փոքր էր և շոգ, քանի որ լուսավորություն ապահովող սարքերը հզոր էին: Ընդմիջմանը դուրս գալով՝ փորձերի մասնակիցները սկսում էին զրուցել տարբեր հետաքրքիր թեմաների մասին: Նրանք չէին խոսում ո՛չ թատրոնից, ո՛չ կինոյից: Խոսում էին շատ հասարակ թեմաներով, օրինակ թե ով ինչ գնեց, կամ ով ուր գնաց: Պարզ, անկեղծ, հումորով և անմիջական այս զրույցները շատ ավելի հետաքրքիր էին: Նրանց նման մարդիկ էլ չկան: Ունենք էլի անվանի, լավ երիտասարդներ, բայց նրանք ուրիշ էին…

 -Պարոն Մխիթարյան, մեծ  փորձառություն ունեք՝  երկար տարիների աշխատանքային փորձ: Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր նոր են սկսել աշխատել  հեռուստատեսությունում:     

-Ես հավատում եմ, որ երիտասարդների մեջ հետաքրքիր մարդիկ շատ կան: Այսօրվա տեխնիկան լավն է և պարտադրում է նոր, հետաքրքիր մտահղացումներով հանդես գալ: Ցավոք այսօր քչերն են ճանաչում հանրայինի հիմնադիրներին և այն մարդկանց, ովքեր աշխատում են կադրից դուրս: Այսօրվա երիտասարդները չեն հասկանա և չեն պատկերացնի այն դժվարությունները, որոնք կային 60 տարի առաջ այս ոլորտում: Ամեն դեպքում ինչ մասնագիտության տեր էլ լինեն, առաջին հերթին պետք է լավ մարդ մնան: Ամենագլխավորը հեռուստատեսությունում մարդիկ են…

Հարցազրույցը վարեց Միլենա Մկրտչյանը                                                                                                   1-ին կուրս

pv_586706-00_00_00_00-still020pv_586706-00_00_01_11-still006pv_586706-00_00_01_07-still005pv_586706-00_00_01_01-still014

Կիսվել