ԿՈՒՐՍԱՅԻՆ, ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՎԱԶԴԸ ԱՐԳԵԼԵԼՈՎ՝ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՉԻ ՎԵՐԱՆԱ

ԿՈՒՐՍԱՅԻՆ, ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՎԱԶԴԸ ԱՐԳԵԼԵԼՈՎ՝ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՉԻ ՎԵՐԱՆԱ

1531

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 27-ին 115 կողմ, 2 ձեռնպահ և 1 դեմ ձայներով ընդունեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Օրինագծով արգելվում է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը»։

Դասախոսները ողջունում են այս որոշումը, իսկ նման գործունեություն ծավալող կենտրոնները եւ նրանց հաճախորդ ուսանողները դժգոհ են։

Երևանի պետական համալսարանի մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ ինքնուրույն աշխատանքների թե վաճառքը, թե  գովազդը արատավոր երևույթ է. «Այն կենտրոնները, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, պայմաններ են ստեղծում, որ ուսանողը չմտածի: Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է գովազդը արգելվի, այլև նրանց գործունեությունը ընդհանրապես պետք է դադարեցվի:Նրանք կարող են այնպիսի ճանապարհներ գտնել, որով կկարողանան մոտիվացնել ուսանողներին՝ գրելու իրենց սեփական աշխատանքները: Ես միշտ խրախուսում եմ այն աշխատանքները, որոնք ուսանողի սեփական մտքի և մտածողության արդյունք են»։

Արդյոք ներկայացված աշխատանքից պարզ է՝ այն ուսանողի սեփական աշխատա՞նքն է, թե՞ ոչ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը նկատեց. «Ես բազմիցս ասել եմ՝ անհնար է, որ գիտական ղեկավարը չհասկանա՝ այդ աշխատանքը իր դիպլոմնիկն է գրել, թե՝ ոչ: Դրա համար տարբեր դասախոսական հնարքներ կան: Հարցերի միջոցով կարելի է պարզել, հնարավոր է ընթացիկ քննարկումների և աշխատանքի ժամանակ պարզել»։

Կան նաեւ ուսանողներ, ովքեր գոհ են այս որոշումից:  «Միանշանակ պետք է արգելվեն դիպլոմային և կուրսային աշխատանքների և’ գովազդը, և’ վաճառքը: Նման ծառայություններից օգտվելը պետք է դատապարտելի լինի և պատժվի: Դա գողություն է, խաբեություն, բացի դրանից` անարդար վերաբերմունք է նաև այն ուսանողների նկատմամբ, ովքեր իրենք են իրենց ներկայացրած աշխատանքների հեղինակը: Կարծում եմ` պետք է և’ բուհերը հետևողական լինեն, և’ պետական մակարդակով հարցը լինի ուշադրության կենտրոնում»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Թամարա Գասպարյանը։

Իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էլենիտա Սարգսյանը կարծում է, որ  դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդը արգելող օրենքն այդքան էլ ճիշտ չէ.

«Գովազդի արգելումը, ըստ իս, նորմալ է, բայց եթե այդ օրենքը հետագայում տանելու է նաև վաճառքի արգելմանը, ես այնքան էլ համամիտ չեմ, որովհետև կարծում եմ՝ դա կողքից օգնություն է ուսանողին: Չորրորդ կուրսի ուսանողների մեծ մասը աշխատում է, և հնարավոր է՝ չհասցնեն ինքնուրույն գրել դիպլոմայինը: Բացի այդ, ուսանողներ կան, ովքեր ուզում են պարզապես ավարտել համալսարանը, թեկուզ ցածր գնահատականով: Ես կարծում եմ, որ դիպլոմայինները, կուրսայինները կարելի է այդքան էլ չկարևորել, որովհետև ուսանողը կարող է այնքան էլ լավ չներկայացնել այդ աշխատանքները, բայց ուսումնառության տարիների ընթացքում շատ լավ սովորել»։

Կուրսային և դիպլոմային աշխատանքներ  վաճառող bankreferat.am-ի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ սա սխալ որոշում էր: Եթե նրանց խնդիրը կրթական համակարգի բարելավումն է, ապա նրանք պետք է սկսեն բուհերի ներսից: Այս որոշմամբ նրանք նպաստում են կոռուպցիոն դեպքերի բազմացմանը: Գովազդի կամ նույնիսկ վաճառքի արգելման դեպքում այս երևույթը չի վերանա, որովհետև այսօր էլ կան բազմաթիվ էլեկտրոնային էջեր, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ և բավականին որակով աշխատանքներ են պատրաստում»։

Նշենք, որ շուկայում կուրսային, դիպլոմային աշխատանքների գները տարբեր են՝ կախված էջերի քանակից, թեմայից, որակից։ Ընդհանուր առմամբ՝ կուրսային աշխատանքների գները տատանվում են 2000-10000 դրամի սահմաններում, իսկ դիպլոմայիններինը՝ 20-70 հազար դրամի սահմաններում։

Գառնի Մութաֆյան

2-րդ կուրս

Կիսվել