ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

3028

Էքստրեմալ տուրիզմը զբոսաշրջության այն տեսակն է, որը միավորում է ակտիվ հանգստի սիրահարներին։ Ադրենալինի պակասը զբոսաշրջիկների մի մասին հասցնում է Իսպանիայի Պամպլոնա քաղաք՝ «Սան Ֆերմին» (վազք ցլերի հետ) փառատոնին մասնակցելու, մյուսներին՝ Չինաստան՝ անցնելու 1800 մետր բարձրություն ունեցող Սյան Մեն լեռան ապակյա կամրջի վրայով։

Եկեղեցիներ, սարեր, կիրճեր, աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի. տեսարժան վայրերի պակաս չի զգացվում նաև Հայաստանում։ Առաջին քրիստոնյա երկրում զբոսաշրջության առավել զարգացած ճյուղերն են կրոնականը (Գեղարդ, Տաթև) և առողջարանայինը (Ջերմուկ, Աղվերան)։ Հայաստանի ճանաչելիությունը զբոսաշրջության ոլորտում բարձրացնելու նպատակով մեր երկրում ևս սկսեց զարգանալ էքստրեմալ տուրիզմը։

Հոգեբան Աննա Մինասյանի խոսքով՝ հանգստի այս տեսակը ընտրում են ոչ միայն ադրենալինի սիրահարները, այլև նրանք, ովքեր ֆոբիաներ ունեն: Նրանք փորձում են իրենց ապացուցել, որ վախը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցը նրան դեմառդեմ հանդիպելն է։

«Մենք չենք վախենում բարձրությունից, վախենում ենք ընկնելուց»:

Հենց այս խոսքերը պիտի քսանչորսամյա Ալեքսանդր Ռուդակովին օգնեին հաղթահարել ակրոֆոբիան և դառնային նրա կյանքի կրեդոն.

«Բարձրության հանդեպ վախս դեռ մանկուց հիվանդագին է եղել։ Նույնիսկ ընկերներիս տուն չէի գնում, եթե նրանց տունը շենքում հինգերորդ հարկից ավելի բարձր էր գտնվում։ Դա շատ էր անհանգստացնում և՛ ինձ, և՛ ծնեղներիս»։

2017 թվականին ընկերների հետ առաջին անգամ Հայաստան եկավ։ Հայաստանյան հանգստի ժամանակ ընկերները որոշեցին՝ Ալեքսանդրին պիտի ծանոթացնեն բարձրության հետ. «Այդ այցը փոխեց կյանքս, իմացանք, որ Հայաստանում զիփլայն կա: Ինքս ինձ ասացի, եթե չհաղթահարեմ վախս, ապրելը շատ ավելի դժվար կդառնա։ Բայց ինչքան էլ փորձեմ նկարագրել զգացողություններս, չեմ կարողանա։ Թռիչք էր, վախից քարացած մարդու թռիչք»։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երեք անգամ Հայաստան է եկել։

 «Ուժեղ կապվածությում եմ զգում այս երկրի հանդեպ, վստահաբար կարող եմ ասել, որ դեռ էլի եմ գալու»։

Մի քանի քայլ և օդում ես,  թռիչքի բարձրությունից կարող ես հիանալ հայաստանյան բնության գեղեցկությամբ։

 Տիգրան Չիբուխչյանի «Yell Extreme Park» նախագիծը խթան հանդիսացավ տարեկան ավելի քան 5800 զբոսաշրջիկների ուշադրությունը Տավուշի մարզի փոքրիկ Ենոքավան գյուղի վրա սևեռելու համար։ Նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին։ Նախնական շրջանում «Extreme park»-ի հիմնական պարծանքը զիփլայնն էր, իսկ այսօր ակտիվ հանգստի սիրահարներն հնարավորություն ունեն կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն, լեռնահեծանվավազք, քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն և այլն։

Պարոն Չիբուխչյանի խոսքով՝ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի էքստրեմալ զբոսաշրջության տեսանկյունից. «Ռելիեֆի առումով բավական հաջողակ ենք, այն մեզ թույլ է տալիս այստեղ զարգացնել տուրզմի աշխարհում հին, բայց մեզ համար բավական նոր տեսակը»։

Նա բազմիցս նշել է, որ նախագծի նպատակը Հայաստանը արկածային զբոսաշրջության խոշոր կենտրոն դարձնելն է, ինչպես նաև՝ առողջ ապրելակերպի խրախուսումը։ Անդրադառնալով զբոսաշրջիների ներհոսքի թեմային, Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ իրենք համագործակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տուրիստական գործակալությունների հետ. «Ուրախությամբ եմ նշում, որ շատ են այցելուները հենց Հայաստանից, ինչը վկայում է բնակչության ակտիվ կյանք վարելու ցանկության մասին։ Փորձում ենք այնպես անել, որ ավելանա օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքը»։ Ավելի վաղ Banks.am կայքին տված հարցազրույցում պարոն Չիբուխչյանը նշել էր, որ «Yell Extreme Park»-ը հիմնականում զբոսաշրջիկներ է հյուրընկալում Ռուսաստանից, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններից:

(Նյութն ամբողջությամբ այստեղ՝ https://banks.am/ru/news/interviews/14583 )

Ամենաերկար ճոպանուղուց մինչև ամենաերկար զիփլայն։

 «ՏաԹևերը», ըստ հարցված օտարերկրյա զբոսաշրջիկների, հայաստանյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, իսկ հայերի համար իրենց ռեկորդակիր պարծանքը։

Այն միավորում է տուրիզմի երկու, իրարից բացարձակ տարբեր ճյուղ՝ կրոնականն ու էքստրեմալը։ Իրար է կապում Հալիձորն ու Տաթևի վանքը։ Ուշագրավ է այն փաստը, որ ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է ոչ միայն օդուղու երկարության ( 5752մ.) այլև կառուցման ժամկետի (10ամիս) շնորհիվ։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2010-2017 թվականն ընկած ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղին հյուրընկալել է ավելի քան 600.000 այցելուի։

Միասնական ուժերով նոր ռեկորդին ընդառաջ

 Դեռ 2017 թվականից մեկնարկել էին Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ աշխատանքները։ Այն կառուցելու համար հարկավոր էր 200.000 ԱՄՆ դոլար։

Նախագծի հեղինակները, գումարի մեծ մասն ունենալով, մնացած մասը որոշեցին լրացնել կոլեկտիվ դրամահավաքի միջոզով։ Այսպես Indiegogo միջազգային հարթակում մեկնարկեց դրամահավաք արշավ, որին մասնակցեցին Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից։ Այսպիսով ցանկացողներն իրենց ներդրումն ունեցան նախագծի իրագործման հարցում։

Ըստ պաշտոնական տվյաների՝ «Յելլ Էքստրիմ Պարկում» հսկա զիփլայն կառուցելու համար նոր վայր են փնտրում: Այս տարի այնտեղ պետք է գործեր աշխարհի ամենաերկար զիփլայնը, որը պետք է 2700 մ լիներ: Սակայն Դուբայում (2720 մ) ու Հարավային Կորեայում (3120 մ) հասցրել են գերազանցել զիփլայնի ռեկորդային երկարությունը: Իսկ «Յելլ»-ում նախապես նշված կետում հսկա զիփլայն կառուցելու գաղափարի վրա հիմնադիրներն այլևս չեն աշխատի, քանի որ այդ վայրի ռելիեֆային պայմանները նպաստավոր չեն: Ամեն դեպքում,  «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, լրագրողների հետ զրուցում հավաստիացրել է, որ Հայաստանն անկախ ամեն ինչից  հսկա զիփլայն ունենալու է»։

Հ.Գ. Հաշվի առնելով այն փաստը, որ երկրի զարգացումը խթանող  ամենաարդյունավետ ճյուղերից մեկը համարվում է տուրիզմը, այսպիսի նախագծերի իրականացումը կարող է նպաստել երկրի ճանաչելիության բարձրացնանը։

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել