ՄԵԿ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿՆ ԷԼ Է ԲԱՎԱԿԱՆ

ՄԵԿ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿՆ ԷԼ Է ԲԱՎԱԿԱՆ

1411

«Լսարանից դուրս» շարքի մասնակիցը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Պետրոսյանն է: Աննան պատմում է ծովը ցատկելու, կիրակի օրվա կեսը անկողնում անցկացնելու, տղա ծնվելու ցանկության և մի ուրիշ տղայի ծեծելու մասին:

Ինչպե՞ս կանվանեք Ձեր կյանքի այս հատվածը:

-Պաթետիկ թող չհնչի, բայց կարծում եմ իմ կյանքի  «Վերածննդի»-ի ժամանակաշրջանն է հիմա, քանի որ այս տարիքում մարդ փորձում է ամեն կերպ զարգացնել իր անհատականությունը, զբաղվել ինքնաճանաչողությամբ ու հնարավորինս շատ բան սովորել։

Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ մոտիվացնում:

-Աննային մոտիվացնելը շատ հեշտ է. ինձ համար առհասարակ ամեն բան կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ՝ սկսած մեկ բաժակ տաք թեյից, վերջացրած սիրելի երաժշտության առաջին իսկ նոտայից։ Ինձ մոտիվացնող ֆակտորները անսահման շա՜տ են՝ ինձ շրջապատող մարդիկ, սիրելի մասնագիտություն, ֆիլմեր, գրքեր, անգամ դրսի եղանակը։

Մասնագիտական գիտելիքներ ավելի շատ ստացել եք մշակույթի քոլեջի ժուռնալիստիկայի ֆակուլտետի՞ց, թե՞ Երևանի պետական համալսարանից:

-Հաշվի առնելով այն փաստը, որ քոլեջում սովորել եմ 4 տարի, իսկ համալսարանի դեռ երկրորդ կուրսում եմ, հետևաբար ավելի շատ գիտելիքներ ստացել եմ քոլեջում։ Սակայն, անկեղծ ասեմ, համալսարան ընդունվելիս ակնկալիքներս ամեն դեպքում ավելին էին. քոլեջում դեռ առաջին կուրսից տեսականին հավասար ուսանողները հնարավորություն էին ունենում նաև գործնական պրակտիկա ստանալ զանգվածային տարբեր լրատվամիջոցներում։ Կարծում եմ՝ համալսարանն այս կողմից փոքր-ինչ թերանում է։

Կենդանիների հանդեպ սերը Ձեր թույլ կողմերից է: Ի՞նչ կանեք, եթե Ձեր աչքի առաջ վատ վարվեն փողոցային շների կամ կատուների հետ:

-Ազնվությամբ եմ ասում՝ ամենածայրահեղ քայլին էլ ընդունակ եմ։ Այդպիսի դեպքեր, ցավոք, եղել են, ու մի անգամ նույնիսկ բակի տղաներից մեկին «ծեծել եմ» ՝ աչքիս առաջ շանը ոտքով հարվածելու համար։

Եթե սերը չլիներ

-Աշխարհը գոյություն չէր ունենա…

Աղջիկները սիրում են երազել ու պատկերացնել իրենց կյանքի որոշ դրվագներ, առաջին սերն ու առաջին համբույրը նմա՞ն էին պատկերացումներիդ:

-Իմ պատկերացումները գրեթե միշտ համընկնում են իրականությանը, որովհետև մենք՝ աղջիկներս, սովորաբար շատ վառ երևակայություն ենք ունենում, ու որևէ երևույթի շուրջ միշտ բոլոր հնարավոր ու անհնար տարբերակները մեր գլխում նախօրոք ունենում ենք:

Սովորաբար ի՞նչ վիճակում է լինում Ձեր սենյակը՝ խառն ու թափթփված, թե՞ կոկիկ հավաքած:

-Սենյակս ներաշխարհիս արտացոլանքն է. եթե հավեսս ու տրամադրությունս տեղն է, ուրեմն շուրջս պետք է խիստ կոկիկ ու մաքուր լինի: Ինչ մեղքս թաքցնեմ, լինում են նաև կիրակիներ, երբ ես մինչև կեսօր որոշում եմ անկողնում պառկած անցկացնել։ Բայց, ընդհանրապես, Աննան մաքրության կողմնակից է թե՛ ներսում, թե՛ դրսում:

Համալսարանն ավարտելուց հետո կմտածեք ընտանիք կազմելո՞ւ, թե՞ կարիերա ստեղծելու մասին:

-Իհարկե կփորձեմ համատեղել մեկը մյուսի հետ, բայց միևնույն ժամանակ ես այն մարդն եմ, ում համար ընտանիքն ամեն ինչից առավել է։ Այսինքն, եթե հարկ լինի ընտրություն կատարել, որքան էլ սիրեմ մասնագիտությունս, միևնույն է՝ կընտրեմ ընտանիքս:

Քանի՞ երեխա եք պլանավորում ունենալ:

-Չեմ մտածել այդ ուղղությամբ, առավել ևս պլանավորել, բայց երեխաներ անտանելի շա՜տ եմ սիրում ու կարծում եմ, որ 2-3 հաստատ:

Ինչպիսի՞ն ու որտե՞ղ է Ձեր երազանքների տունը:

-Կարծում եմ, որ ցանկացած մարդու համար իր երազանքների տունն այնտեղ է, որտեղ մարդ իրեն երջանիկ ու ապահով է զգում: Ես ինձ այդպես եմ զգում իմ սիրելի մարդկանց կողքին:

Ո՞րն է 21-րդ դարի հայ աղջկա կերպարը:

-Որքան էլ, որ եվրոպական «կարգերն ու բարքերը» մտել են մեր մեջ, ու այսօր հայ աղջիկները շատ հաճախ ազատությունը խառնում են «ազատամտության» հետ, միևնույն է, մենք ունենք մեզ բնորոշ հատուկ բարություն ու նվիրվածություն, ընտանիքի արժեքն ու կարևորությունը գիտակցելու կարողություն, անմնացորդ սիրելու բացառիկ տաղանդ: Դրա հետ մեկտեղ՝ խորամանկություն ու զգուշավորություն: Ի վերջո, Շիրազն իզուր չի ասել. «Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր»: Ի՞նչ, մտածու՞մ էիք վատ բաներ եմ ասելու (ծիծաղում է)։

Կուզեի՞ր տղա ծնվել, ինչո՞ւ:

-Ի՞նչ մեղքս թաքցնեմ. տղա լինելը մանկությանս երազանքն է եղել (ծիծաղում է)։ Մինչև անգամ 8-9 տարեկան ինձ տղայի նման էի պահում՝ կարճ մազեր, տղայական հագ ու կապ, անգամ ընկերներիս մեծ մասը տղաներ էին։ Հետո մեծ քույրիկիս ջանքերով կամաց-կամաց համակերպվեցի աղջիկ լինելուս փաստի հետ, հիմա արդյունքն ակնհայտ է:

Ամենախենթ քայլը ո՞րն է եղել:

-Մի դեպք կառանձնացնեմ, որը երևի կյանքումս գործած ամենաանհեթեթ քայլերից մեկն էր: 6-7 տարի առաջ շա՜տ ցուրտ եղանակի, տաք հագուստով ցատկել եմ ծովը՝ 2 օտարերկրացի ուսանողներին ցույց տալու համար, թե ինչքան  «ուժեղ աղջիկ եմ ես»։ Բայց խնդիրն այն էր, որ այդ ժամանակ ես ընդհանրապես լողալ չգիտեի, իսկ այն հատվածը, որտեղից ցատկել էի, բավականին խորն էր։ Բախտս բերեց. որտեղից, որ ցատկել էի, բռնվելու տեղեր կային, ու միայնակ մի կերպ հասա ափ:

Ինչպե՞ս հասկանալ Ձեր ֆեյսբուքյան էջում փակագծերի մեջ նշվածը՝ hades Pluton:

-Անկեղծ ասած, երբեք այս մասին չեմ խոսել ու հիմա էլ փակագծերը չեմ բացի, միայն կասեմ, որ այդ անվան հետ կապված շատ հիշողություններ ունեմ:

Ալկոհոլային ի՞նչ խմիչք եք նախընտրում, ալկոհոլն ի՞նչ ազդեցություն է ունենում Ձեզ վրա:

-Ալկոհոլ ո՛չ սիրում եմ, ո՛չ օգտագործում: Այո՛, այո՛, ես գոյություն ունեմ:  Իհարկե դեպքեր եղել են, որ փորձել եմ, և, բարեբախտաբար, բոլոր փորձերս անհետևանք են մնացել:

Եթե մեկ ցանկության հնարավորություն ունենաք, ի՞նչ կկամենաք:

-Ես մինիմալիստ մարդ եմ, ինձ մի կախարդական փայտիկն էլ հերիք կլիներ: (ծիծաղում է)

Հարցազրույցը՝ Միլենա Մովսեսյանի

2-րդ կուրս

Կիսվել