«Լսարանից դուրս» շարքի մասնակիցն այս անգամ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի, սարկազմով ու ժպիտով լի, էությամբ իր անվանը հավատարիմ Զվարթ Պետրոսյանն է:
-Անունդ այնքան էլ տարածված չէ, ինչո՞ւ հենց Զվարթ:
-Տատիկիս պատվին են Զվարթ անվանակոչել: Սկզբում չէի սիրում անունս, ուզում էի չափահաս դառնալուն պես փոխել այն, բայց հետո հասկացա, որ հորս կնեղացնեմ այդ քայլով: Հիմա սիրում եմ անունս, ինձ լավ եմ զգում, որ իր 4 թոռնուհիներից հենց ինձ է բաժին հասել իր անունը:
-Ինչպե՞ս եղավ այդ անցումը:
-Սկսեցի համակերպվել ու, բացի դա, սկսեցի հաճախ լսել, որ անունս շատ է սազում ինձ, փորձում էի անվանս ու էությանս բալանսը պահել:
-Մանկությունդ անցել է Ռուսաստանում, ո՞րն է ռուսաստանյան ամենավառ հիշողությունը:
-Ռուսաստանում ընկերներ չունեի, վառ հիշողություններս եղբորս հետ արած չարաճճիություններն են: Մի անգամ որոշել էինք մամային վախեցնել. դանակին տոմատ էինք քսել ու պառկել գետնին, մաման մյուս սենյակից եկավ, տեսավ ու վատացավ (ծիծաղում է-հեղ.):
-Ինչո՞ւ Ռուսաստանում չունեիր ընկերներ, հիմա կարծես շատ ընկերներ ունես:
-Ռուս երեխեքը շատ ագրեսիվ, կոպիտ ու կռվարար էին, ես էլ չէի կարողանում իրենց հետ շփվել, բախտս բերել էր, որ ունեի եղբայր, ում հետ խաղում էի:
-Հիմա ովքե՞ր կարող են դառնալ քո ընկերները, ի՞նչ հատկություններ պետք է ունենան նրանք:
-Պետք է լինեն նվիրված, ազնիվ, չստեն, ուրախանան ամեն մի փոքր հաջողությամբ:
-Քեզ ճանաչողները նշում են, որ ունես սարկազմ, երբևէ նեղացե՞լ է ինչ-որ մեկը:
-Մտերիմներս չեն նեղանում, սակայն երբեմն հաշվի չեմ առնում, որ դիմացինս մտերիմս չէ և կարող է նեղանալ, բայց երբ զգում եմ, որ բանը հասել է նեղանալուն, սարկազմը միանգամից փոխարինում եմ զղջման խոսքերով:
-Ի՞նչ սուպերունակություն կուզեիր ունենալ:
-Դրանք ինձ մոտ երկուսն են՝ երգելու ունակությունը, որն իմ դեպքում իսկապես սուպերունակություն կլինի, և շատ կուզեմ թռչել, վերևից տեսնել երկիրս, հեշտությամբ երկրից երկիր տեղափոխվել, բայց առանց փետուրների:
-Գիտեմ փետուրի հանդեպ վախիդ մասին, բացի դրանից, ուրիշ ո՞ր հատկություններդ են քեզ «հետապնդում» մանկությունից:
-Բնավորությանս մեջ ունեմ մի շատ վատ գիծ՝ չեմ սիրում, երբ ձեռք են տալիս, տեղաշարժում են իմ իրերը: Ընտանիքիս անդամները գիտեն, չեն կպչում իրերիս:
-Իսկ ալկոհոլի հանդեպ սերը, չէ՞ որ փոքր տարիքում սիրում էիր բաժակաճառերից հետո մի կում խմել օղուց:
-Հիմա բացարձակապես չեմ խմում, երևի փոքր տարիքում հագեցել եմ:
–Ստացած հաճոյախոսություններից ո՞րն է եղել ամենատպավորիչը:
-Չի եղել էնպիսին, որ տպավորվի:
-Ի՞նչն է տխրեցնում քեզ:
-Տխրեցնում է անձրևային եղանակը, բայց միայն այն ժամանակ, երբ պետք է տանից դուրս գամ, քանի որ չեմ սիրում անձրևանոց վերցնել ինձ հետ ու ստիպված թրջվում եմ:
-Բարկությունդ ինչպե՞ս ես արտահայտում:
-Արտահայտման ձևերը տարբեր են. փակվում եմ սենյակում, բղավում եմ, լուռ եմ մնում, հարազատներիս հոգու հետ եմ խաղում, կատակում եմ…
-Ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում կյանքում, եթե կա այդպիսին:
-Լուրջ չեմ վերաբերում կարգախոսներին: Կարծում եմ՝ կարգախոսները չեն, որ պետք է մարդուն առաջնորդեն կյանքում: Եթե մարդը հոգեպես ուժեղ ու կայուն է, իրեն կարգախոս պետք չէ ոգեշնչվելու համար, առանց դրա էլ կարող է հասնել իր նպատակին:
-3 բան, որ կխնդրես ոսկե ձկնիկից:
-Մտերիմներիս առողջություն, սիրելի մասնագիտական աշխատանք, հարատև երջանկություն:
-Ո՞րն է երջանկության բանաձևը:
-Մարդը երջանիկ է, երբ իր ներսում ամեն ինչ ներդաշնակ է, երբ ժպիտը կեղծ չէ, համապատասխանում է մարդու հոգեվիճակին:
– Ի՞նչն է քեզ մոտիվացնում:
-Կարծում եմ՝ ցանկացած ուսանողին մոտիվացնում է լավ դասախոսը, ով լսարան է մտնում սիրով ու սովորեցնելու նպատակով: Մոտիվացնում է նաև ինտերակտիվ ու հետաքրքիր դասապրոցեսը, իսկ առհասարակ, եթե մարդը աշխատասեր է, կարող է մոտիվացվել ամեն ինչից՝ արևից, անձրևից, բնությունից…
-Խոսեցիր դասապրոցեսից, որքանո՞վ են ֆակուլտետից սպասելիքներդ արդարացված:
-Սպասելիքներս ֆակուլտետից հիմնականում արդարացված են: 1-ին կուրսում փոքր-ինչ հիասթափված էի, բայց արդեն 2-րդ կուրսում հասկացա, թե իրականում որտեղ եմ և հասկացա ամենակարևորը՝ պետք է դու ցանկություն ունենաս սովորելու` անկախ դասաժամից, դասախոսից, դու պետք է քեզնից պահանջես և չսպասես որևէ մեկի պարտադրելուն: Երբ սկսում ես այսպես մտածել, յուրաքանչյուր սպասելիք արդարացված է լինում:
-Մեդիայի ո՞ր տեսակն է քեզ ավելի շատ գրավում:
-Թե՛ որպես ընթերցող, թե՛ որպես ապագա լրագրող ինձ ամենից շատ գրավում է առցանց մամուլը, որովհետև այն ամենահասանելին ու ամենաօպերատիվն է, որտեղ չես սահմանափակում ասելիքդ ժամանակի սղության պատճառով:
–Առցանց ո՞ր լրատվամիջոցում կցանկանաս աշխատել:
-Դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ:
–Ո՞վ և որտե՞ղ կլինես 5 տարի անց:
-Չեմ կարող հստակ ասել, թե որտեղ կլինեմ, բայց հուսամ՝ իմ լրագրողական աշխատանքով շատ զբաղված:
-Եվ վերջում, ինչպե՞ս կուզես վերնագրեմ հարցազրույցը:
-Ինքնաճանաչման ճանապարհին:
Հարցազրույցը՝ Լիլիթ Մկրտչյանի
2-րդ կուրս