ՍԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԻՄ ՈՒ ՔՈ ՄԱՍԻՆ

ՍԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԻՄ ՈՒ ՔՈ ՄԱՍԻՆ

2136

Նոյեմբերի 4-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում կայացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների հետմահու ցուցահանդեսը:

Ադամը ծնվել է 1996 թ. օգոստոսի 16-ին Երեւանում: 2002 թվականից սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան հ. 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին: Զոհվել է ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը  Ջաբրայիլի ուղղությամբ տեղակայված դիրքերը պաշտպանելիս:

Ցուցահանդեսին ներկա էին ոչ միայն հարազատները, ընկերները, ծանոթ կամ անծանոթ մարդիկ, այլև դպրոցի ուսուցչական կազմը՝ Ադամի անունով անվանակոչված դասարանի աշակերտության հետ միասին:

-Ադամը սովորեցրեց մեզ ճանաչել պայքարելու ոգին, ճանաչել հերոսությունը, սովորեցրեց սիրել հայրենիքը, ապրել վերջինիս համար և ապրել այսպես հերոսաբար, – նշեց Ադամի դասղեկը:

Ցուցահանդեսի նախաձեռնությունը Երեւանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանինն էր, ուր Ադամն անցկացնել հասցրեց իր ուսանողական կյանքի  երկու տարին:

-Ադամին ճանաչում էի դեռ ընդունելության քննություններից,- պատմում է համալսարանի դիզայն ֆակուլտետի փոխդեկան Թամարա Սարգսյանը,- այն օրը, երբ նա եկավ համալսարան՝ հայտագրվելու, ես անձամբ ընդունեցի նրան: Նա նպատակասլաց էր, մյուս դիմորդներից տարբերվում էր նրանով, որ հստակ գիտեր, թե որ մասնագիտությունն է ընտրում և ինչի համար: Հետագայում ինձ բախտ վիճակվեց նաև Ադամին դասավանդելու, որն էլ հնարավորություն ընձեռեց նրան ավելի լավ ճանաչելու: Ադամը մինիմալիստ էր իր աշխատանքներում, նա այնքան մեծ էներգիա ուներ, որ մինիմալիզմով կարողանում էր ստեղծել հզոր գործեր:  Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այս աշխատանքներն իրենց հորինվածքային լուծումներում  ավարտուն և շարունակվող են միաժամանակ, նրանք ունեն ասելիք, որ կարելի է զարգացնել՝ տվյալ ոլորտի համար արժեքավոր մի բան ստանալու համար: Սա  կարծես Ադամի  կոչն է առ այն, որ չի ավարտվել նաև իր մասնագիտական վերելքն ու ստեղծագործական կարիերան:

Ցուցահանդեսը տևելու է մեկ շաբաթ, աշխատանքների հետ ցուցադրվելու են նաև հերոսի լուսանկարները:

-Սա գաղափար է՝ բոլորիս սրտից, սա պատմություն է իմ ու քո մասին, պատմություն՝  Ադամի և իր  անցած ճանապարհի մասին, – հավելեց Թ. Սարգսյանը:

img_3204 img_3206

 

Միլենա Խաչիկյան
1-ին կուրս

Կիսվել