ՊԱՏԿԵՐԻՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՂԸ

ՊԱՏԿԵՐԻՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՂԸ

897

Ստեղծագործելը դարեր շարունակ եղել է ընտրյալների մենաշնորհը` հենված բնական օժտվածության և տարիների ընթացքում ձեռք բերված փորձի և իմացության վրա: Նկարիչները սովորական գիծը վերածում են իմաստակիր գծի և պարզ ներկը` գեղանկարչական գույնի:

Երիտասարդ նկարիչ Նարեկ Պողոսյանը այդ ընտրյալներից մեկն է: Նա ծնվել է 1997թ ապրիլի 15-ին, Երևան քաղաքում: Մեծացել է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ընտանիքում, ովքեր Նարեկի խոսքով պարգևել են իրեն անհոգ մանկություն: Ծնողների խոսքով`  Նարեկը մանուկ հասակում շատ ակտիվ և չարաճճի երեխա է եղել: «Նարեկը շատ աշխույժ է եղել, միշտ վազվզում և իրեն վնաս էր տալիս: Մի օր էլ, որ պետք է հաջորդ օրը մասնակցեր կավճանկարչության մրցույթի, կոտրել էր աջ ձեռքը և ստիպված նկարել էր ձախ ձեռքով․ ոչ պակաս լավ էր ստացվել, և հենց նա էլ հաղթեց այդ մրցույթում»,-պատմում է մայրը:

Դպրոցում կազմակերպված միջոցառումները միշտ զարդարել են Նարեկի ձեռքի աշխատանքները. ուսմանը զուգահեռ հաճախել է գեղարվեստական քոլեջ, որտեղ 5 տարի սովորելով` ստացել է գեղանկարչի որակավորում: Դեռևս մանկապարտեզ հաճախելիս միշտ իր հետ են եղել նկարչական ալբոմն ու մատիտը: Հիմա Նարեկի համար հետաքրքիր և փոքր-ինչ զավեշտալի են այդ ժամանակաշրջանի հիշողությունները: Հիշում է. «Դրսում զանազան  խաղերից  հետո միշտ հոգնած ու սպառված էներգիայով գալիս էի տուն ու  մի հարմար, հանգիստ անկյուն գտնում և նկարում»: Նարեկն այդ շրջանում հիմնականում նկարում էր բնապատկերներ: Իր խոսքով՝  տարիների ընթացքում աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ կատարելագործվեցին աշխատանքները և սկսեց նկարել նաև դիմանկարներ:

Երիտասարդ նկարիչը սիրում է նկարել կտավի վրա, իսկ ստեղծագործելու ցանկությունը կարող է ծնվել նույնիսկ ամենապարզ ու հասարակ երևույթներից: Նա նկարում է գրեթե ամեն ինչի վրա` լուցկու տուփի, պաղպաղակի փայտերի և այլն: «Ինձ դուր է գալիս բարդ լուծումներ գտնելը, և անչափ հետաքրքիր ու, բնականաբար, բարդ է փոքր հատվածներում նկարելը: Անընդհատ փորձում եմ էլ ավելի կատարելագործել աշխատանքներս և գույներին նոր շունչ հաղորդել, կենդանություն տալ պատկերին և մատուցել յուրահատուկ նրբերանգներով»,- պատմում է Նարեկը: Նա նշում է, որ երբեմն ունենալով տրամադրության անկում` իր աշխատանքներին մշտապես հաղորդում է այն ժպիտն ու էներգիան, որը տվյալ պահին, թեև քողարկված,  կրում է իր մեջ: Մարդկանց հետ շփում, անձրևոտ եղանակ, մթության մեջ դրված ապակե բաժակ, անապակ գինու կարմիրի երանգ … , ահա այս ծայրահեղություններից է սնվում նկարչի մուսան, որով էլ կերտում է իր աչքի տեսածն ու պատկերացումները:

Որքան էլ զարմանալի կթվա, դպրոցն ավարտելուն պես Նարեկն ընտրել է այնպիսի մասնագիտություն, որը որևէ ընդհանուր կապ չի ունեցել արվեստի հետ: Նա ավարտել է ԵՊՀ -ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանք բաժինը: Թեև երկրորդ մասնագիտությունն առնչություն չուներ նկարչության հետ, սակայն Նարեկը կարևորում է այն, որ փոխարենը տվել է գիտելիքներ մարդկանց հարաբերությունների, հասարակությունում ինքնադրսևորման և կայացման մասին: Նրա խոսքով՝ սոց. աշխատանք մասնագիտությունը Եվրոպայում բավականին եկամտաբեր աշխատանք է, սակայն դա նրան այդքան գայթակղիչ չթվաց, որպեսզի թողնի նկարչությունը և այլ գործունեություն ծավալի արտերկրում:

Հիմա սոցիալական կայքերը հարթակ են հանդիսանում երիտասարդ նկարչի աշխատանքները տարածելու և պատվերներ կատարելու համար: Մինչ օրս ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ: Դրանց մեծ մասը եղել են քոլեջում սովորելու տարիներին, իսկ վերջերս էլ կայացավ գարնանը նվիրված իր հերթական բացօթյա ցուցահանդեսը:

Դիմանկարների մեծաքանակ պատվերներ ունենալուն զուգահեռ ստանում է նաև այլ առաջարկներ, մասնավորապես` տիկնիկագործություն, street art, ինչպես նաև` մեր քաղաքում բնակվող այլազգի երեխաներին դասավանդել նկարչություն:

Ընկերները Նարեկին բնութագրում են որպես ընկերասեր, պարտաճանաչ և միշտ ձեռք մեկնող անձնավորություն: Մանկության ընկերներից Տիգրանը շատ հետաքրքիր ու զավեշտալի դեպքեր հիշեց իրենց դպրոցական տարիներից. «Նարեկը դպրոցում շատ օրինակելի աշակերտ է եղել, լավ սովորող, պարտաճանաչ, և բոլոր ուսուցիչները առանձնահատուկ էին վերաբերվում Նարեկին: Մի անգամ, երբ քիմիայի դասն էր, և ուսուցիչը ուշացել էր, Նարեկը որոշել էր, որ պետք է սկսենք դասը և կատարենք քիմիական փորձարկումներ: Տարբեր նյութեր իրար խառնելուց հետո կարծես հրավառություն սկսվեց դասարանում, որովհետև սխալ նյութեր էին իրար խառնվել»:

Նարեկն ունի բազմաթիվ երազանքներ ու նպատակներ, սակայն ներկայիս նպատակն է հիմնել իր արվեստի դպրոցը և ունենալ նոր, ավելի մասշտաբային ցուցահանդեսներ:

Օֆելյա Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել