ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԵՆ

ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԵՆ

901

Ֆուտբոլը մարզաձևը աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Այն թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

ֆուտբոլի պատմության սկզբում այս խաղով հետաքրքրված էին միայն տղամարդիկ, և այն համարվում էր արական սպորտաձև: Մեր օրերում կանայք ոչ միայն կարող են երկրպագել ֆուտբոլային խաղը, այլ նաեւ կարող են ֆուտբոլ խաղալ: Այսօր աշխարհում մեծ մասսայականություն է վայելում կանանց ֆուտբոլը:

Մենք հարցում անցկացրեցինք 20 հոգու շրջանակներում: Նրանցից 8-ը կարծում են, որ աղջիկն ու ֆուտբոլ ասվածը ընդհանրապես համատեղելի չեն, աղջիկները պետք է լինեն նուրբ, կանացի: Իսկ մարդկանց մնացած մասը մտածում է, որ դա յուրաքանչյուրի ընտրությունն է, և նորմալ է աղջիկների մասնակցությունը այդ սպորտին:

20-ամյա Վազգենը և 21-ամյա Յուրին լավ են վերաբերվում աղջիկների ֆուտբոլ խաղալուն ու երկրպագելուն, իսկ 19-ամյա Մարիամն ասում է, որ չի խաղում, բայց սիրում է այդ սպորտաձևը: «Արդեն անցել են ժամանակները, երբ սպորտը բաժանում էին տղաների և աղջիկների մեջ։ Ես ապրում եմ ֆուտբոլով։ Մարդիկ պետք է զբաղվեն նրանով, ինչը իրենց դուր է գալիս: Աղջիկը կարող է սիրել, խաղալ ֆուտբոլ և չկորցնել կանացիությունը։ Ֆուտբոլը կոպիտ սպորտաձև է, բայց ամեն մարդ ինքն է դասավորում իր կյանքը»:

Այս հարցում հետաքրքիր էր մեծահասակների կարծիքը: 65-ամյա Միքայել պապը, ֆուտբոլի մեծ սիրահար լինելով, ասում է, որ աղջիկները սպորտում ավելի մեծ ձեռքբերումների են հասնում: «Սպորտը մնում է սպորտ, աղջիկը կարո՞ղ է ծանրամարտիկ լինել, թենիսիստ, շախմատիստ, իսկ ֆուտբոլիստ՝ չէ՞»:  Իսկ 49-ամյա պարոն Էդիկը ` վիճելով Միքայել պապի հետ, ասում է, որ աղջիկների գործը ճաշ եփելն ու երեխա պահելն է, բայց եթե ընտրում է սպորտի ճամփան, թող դա լինի գոնե գեղասահքը ,միայն ոչ ֆուտբոլ: «Չեմ ընդունում ես, ախր ֆուտբոլը խաղում են իրար խփելով, երբեմն վնասելով, ո՞նց եք պատկերացնում էդ ամենը աղջիկները անեն»:

Տարբերություն չկա` կանանց, թե տղամարդկանց ֆուտբոլում բոլոր կանոններն ու պայմանները նույն են, սակայն, ըստ մասնագետների՝ կանայք ավելի արագ են մտածում ու կողմնորոշվում:

Սոնա Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել