Իմ արևաշող ժպիտով ու թովիչ ձայնով ջերմ բարևներ եմ ուղարկում բոլորիդ՝ իմ ծանոթ ու մտերիմ դարձած անծանոթներին, բոլոր հայերին։ Ամեն անգամ անսահման շատ ու անչափ թանկագին նամակներ եք թողնում ինձ մոտ, այս անգամ էլ ես եմ որոշել նամակ գրել ձեզ։ Նամակս գրում եմ Ջաբրաիլի հրեշտակների դիրքից, ուր ապրել եմ կյանքիս վերջին րոպեներն ու այնտեղի պարզ երկինքը տեսել վերջին անգամ։ 1996 թվականի օգոստոսի 19-ին, մութն արդեն ընկնում էր, ժամը 9-ին ծնվեցի ես ու առաջին անգամ նայեցի հայոց խաղաղ երկնքին, ու մի քաղցր ժպիտ իջավ իմ երեսին, որով ժպտացի իմ ողջ կյանքի ընթացքում։ Ծնողներս նայեցին ինձ ու կոչեցին ԱԴԱՄ: Համաձայնեք, որ յուրահատուկ անուն է։
Իմ ծնողներն ինձ առաջին հերթին մեծացրել են որպես Մարդ, որի շնորհիվ էլ ես պատերազմի դաշտում չեմ նահանջել, չեմ դավաճանել ու չեմ դրժել երդումս, այլ պայքարել, հաղթել, պահպանել եմ հայրենիքը, որն այնքան մերն է։
Ու հիմա նամակս ուզում եմ ուղարկել այն բոլոր անցորդների միջոցով, ովքեր ամեն օր անցնում են մեր տան կողքով, հայացքով փնտրում ինձ, կարդում պատին փակցված հուշատախտակը՝ ուր գրված է, որ հենց Երևանի սրտում ծնվել, ապրել ու երազել եմ ես։ Կարդում են, որոշները մտքով ժպտում ինձ հետ ու շարունակում իրենց օրը` ժպիտս պահելով իրենց սրտում։
Մի քանիսն էլ գալիս են առաջ, ու հարևանները ուղեցկում են մեր տուն։ Մտնում են ներս ու ողողվում նկարներիս անսահմանության մեջ։ Տան 4 պատերից յուրաքանչյուրին փակցված են նկարներս, հուշամեդալներս։ Դարակում համաչափ դասավորված են ինձ նվիրված գրքերը, տողերը, նկարները։ Ու ամեն մեկը իր մի մասնիկը թողնում է ինձ մոտ ու իմ մասին հուշերով լցված դուրս գալիս մեր տանից` մտապահելով նկարներից իրեն նայող հայացքս։
Մեր փողոցում փոքրիկները ջուր են խմում իմ անունը կրող ցայտաղբյուրից ու շարունակում իրենց մանկան անհոգ խաղը, որտեղ մանուկ հասակում եղբորս ու ընկերներիս հետ ես էլ էի խաղում, վազվզում ու զբոսնում։
Պապ ջան, գիտեմ, որ հիմա նկարներիս էլ չնայես, միևնույնն է պատկերս աչքիդ առաջ է։ Դու հերթով նայում ես բոլոր այն ֆիլմերը, որոնք հաճախ էի սիրում դիտել ես։ Ու այնտեղ գտնում ես ինձ, որովհետև այդ բոլոր ֆիլմերը հերոսապատումներ էին։ Իմ կյանքն էլ է հիմա մի հերոսապատում։
Մամ ջան, հիշում եմ, երբ վերջին անգամ նոյեմբերին արձակուրդ էի եկել, քեզ տանը հրաժեշտ արեցի, չթողեցի, որ մինչև վերջ գայիր, որովհետև տան ջերմության մեջ է հաճելի մորը հրաժեշտ տալը։ Ու ես այդ օրը շատ էի շտապում, թեև ժամանակ դեռ շատ կար, բայց Արցախի հողը ինձ էր կանչում։
Ես հիշում եմ իմ մանկության խաղերը եղբորս հետ։ Մենք միասին ֆուտբոլ էինք խաղում, հաճախում էինք լողի ու բռնցքամարտի։ Հիմա հաճախ եմ հայտնվում եղբորս երազներում ու ամեն անգամ իբրև բանակից, պատերազմից տուն եմ գալիս։ Ես եղբորս միացրել եմ մի աղջկա հետ, որովհետև նրանց էի միասին երջանիկ տեսնում։
Ես հայտնվում եմ բոլոր անծանոթների ճակատագրական պահերին, երբ ինչ-որ կարևոր հարց է լինում, ես հայտնվում եմ նրանց կողքին, ու այդ որոշումը միշտ դրական է լինում։
2016 թվականի ապրիլի 2-ին մենք 7 ընկերներով պայքարում էինք թշնամու 100-ից ավել ոհմակի դեմ։ Մենք 5 ժամ շարունակ 7 հոգով կրակում էինք ու ջախջախում այդ խելագար ամբոխին, ու նրանք կարծես չվերջանային։ Հետո միայն ես էի մնացել։ Պայքարում էի, կրակում անդադար։ Ու մեկ էլ մի կրակ, ու փշրվեցին տարիների պահած երազանքներս, ու հայոց երկինքը, սահելով աչքերիս մեջ, մարեց, խամրեց ու տարավ եռաբլուր։
Եռաբլուրում մի խորհրդավոր լռություն կա, միշտ ինձ ուղղված երկտող ու մի փունջ անուշաբույր ծաղիկ։
Ես էլ մի ծաղիկ եմ, ես էլ մի երկտող, ես էլ մի խորհուրդ, երազանք ու հուշ բոլորիդ սրտում, մտքում, երազում։ Ու կապրեմ այնքան, որքան ինձ հիշեք։
Ու կապրեմ երկար։
Ձեր Ադամ…
Ու այս ամենին պատասխան` ես էլ որոշեցի նամակ գրել Ադամին ու պատմել իրեն իմ այցի մասին:
Մի օր շրջում էի երևանի փողոցներով, երբ մի ցուցանակի վրա կարդացի «Այս տանը ապրել է Հերոս Ադամ Սահակյանը»…
Շտապեցի ներս մտնել:
Հուզմունքս ու հպարտությունս խառնվել էին իրար: Դեռ չէի հասցրել դուռը երկրորդ անգամ թակել, երբ բարի ժպիտով դուռը բացեց Հայրիկդ: Գիտե՞ս Ադամ, մի թաղծոտ ժպիտ կա նրա երեսին, ու անսահման բարի աչքեր: Երևի ամեն անգամ դուռը բացելիս նա մտածում է, որ այս անգամ դռան ետևում դու կլինես: Մտա ներս, մեկ անգամ ևս դիտեցի բոլոր նկարներդ, նվերներդ: Հետո եկավ մայրիկդ: Նրա աչքերի մեջ էլ սպասում ու կարոտ կա Ադամ: Միջոցառումներին տեսել էի նրան, բայց համարձակություն չէի ունեցել մոտենալ: Իսկ հիմա քո տանն էի Ադամ, ինչպե՞ս կարող էի չխոսել նրա հետ: Երկար զրուցեցինք, քո մասին շատ խոսեցինք․ բարի հուշերն այնքան շատ էին․․․
Ձեր տանից դուրս եկա այնպես հպարտորեն, չէ՞ որ բոլորին բախտ չի վիճակվում լինել քո նման հերոսի տանը, թեև ձեր տան դռները ջերմորեն բաց են քեզ հարգողների առաջ:
Հպարտ եմ քեզնով Ադամ,
Շնորհակալ եմ քեզ, եղբայր:
Անի Ավետիսյան
2-րդ կուրս