«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»- ՄԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»- ՄԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

1592

Զրուցակիցս պատանի դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Մանե Դանիելյանն է: 

-Մանե, կուզեի իմանալ, թե ինչո՞ւ  երաժշտությունն ընտրեցիք:

-Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում. հայրս գեղանկարիչ  է, մայրս ևս զբաղվել է երաժշտությամբ: Եվ այնպես ստացվեց, որ ես էլ արվեստի այս ճյուղն ընտրեցի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում էլ արվեստը շատ կարևոր դեր ունի:

-Ե՞րբ եք սկսել մասնագիտանալ այս ասպարեզում:

-Վեց տարեկանում հաճախել եմ Արարատի Ղազարոս Սարյանի անվան երաժշտական դպրոց: 2 տարի սովորել եմ Երևանի Չայկովսկու,այնուհետև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում: Այժմ ԵՊԿ-ի երկրորդ կուրսի ուսանողուհի եմ:

-Նշեցիք, որ արվեստագետների ընտանիքից եք: Տանը շա՞տ են քննարկում Ձեր մասնագիտական գործունեությունը:

-Այո, դուք  ճիշտ նկատեցիք: Նրանց խորհուրդները, մոտեցումները  շատ են օգնում: Հայրս սովորեցրել է ինձ լինել համբերատար, շատ աշխատել: Եվ հենց դրա շնորհիվ էլ հասել եմ ներկայիս հաջողություններին:

-Կպատմե՞ք  Ձեր գործունեության և հաջողությունների մասին:

-Դեռ 2011թ․ Փարիզում մասնակցել եմ  «Պատանի դաշնակահարների» միջազգային մրցույթին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Անցյալ տարի մեկնեցի Ավստրիա, որտեղ կրկին ներկայացրի Հայաստանը` հաղթահարելով եզրափակիչ փուլը: Մասնակցել եմ նաև Մալթայում և Վրաստանում անցկացված մրցույթներին:

-Ո՞ր ելույթն է Ձեզ համար ավելի հիշարժան:

-Երևի թե Փարիզում «Ֆլամ» մրցույթի  ժամանակ կատարած բոլոր ելույթները, որովհետև դրանք առաջինն էին նման մեծ բեմում: Շատ էի հուզվում: Դա շատ պատասխանատու մրցույթ էր:

-Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում միջազգային բեմերում ելույթ ունենալիս:

-Ամենից դժվարն այն է, որ դու քո հարազատ միջավայրում չես: Մարդիկ ևս այլ են: Ունեն իրենց մտածելակերպը և կանոնները, որոնց պետք է ենթարկվես, որովհետև դու նրանց մշակութային դաշտում ես: Չնայած, ըստ իս, երաժշտությունը սահմաններ չի ճանաչում և  հասկանալի է բոլորի համար:

-Եթե չընտրեիք այս  ուղին, ուրիշ ի՞նչ ճանապարհ կընտրեիք:

-Ես ինձ այլ ոլորտում, այլ գործով զբաղվելիս չեմ պատկերացնում: Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է, այն կյանքիս անբաժան մասնիկն է դարձել:

Հարցազրույցը՝ Էմմա Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել