Հոգեբան Ասյա Ղազարյանը ծնվել և ապրում է Արարատ քաղաքում։ Խոսելով մասնագիտական կողմնորոշման մասին՝ ասաց. «Երբ դեռ 7-րդ դասարան էի, մի տղայի մասին լսեցի, ում ծնողները նրան լքել էին։ Նա սկսել էր զբաղվել գողությամբ և ասում էր, թե դա իրեն հաճույք է պատճառում։ Ուսուցիչներիցս մեկը դա մեկնաբանեց որպես հոգեբանական բարդույթ։ Կարծում եմ՝ այս դեպքը հետաքրքրություն առաջացրեց հոգեբանի մասնագիտության հանդեպ։ Հասկացա, որ ցանկանում եմ մարդկային նոր տեսակներ բացահայտել»։
Սերը դեպի այս ուղին նրան առաջ մղեց և ընդունվեց իր նախընտրած ֆակուլտետը. «Առաջին կուրսում միայն երազում էի, որ սխալված չլինեմ մասնագիտությանս հարցում, բայց ժամանակը ցույց տվեց, որ այս ճանապարհն իմն է»։ Հոգեբանությունը մեր հերոսուհու մոտ նաև հատուկ բնավորություն է ձևավորել. սովորել է կառավարել հույզերը և լինել համբերատար։
Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո, առանց ժամանակ վատնելու, երիտասարդ հոգեբանը փորձեց ստացած գիտելիքները գործնականում կիրառել. աշխատել է «Անանիա Շիրակացի» ճեմարանում։ Միաժամանակ օգնում էր նաև ներառական խնդիրներ ունեցող երեխաներին։
Որոշ ժամանակ անց Ասյան հասկացավ, որ ուզում է իր կենրոնն ունենալ. անկյուն, որտեղ կկարողանար իր հմտությունները կիրառել հանուն հասարակության։ «Մի քանի ամիս առաջ Արարատ քաղաքում ստեղծվեց մեր «Աճ» զարգացման կենտրոնը։ Մենք թիմով ուղղակի արեցինք այն, ինչ կարող էինք։ Այժմ մեր կենտրոն շատ երեխաներ են այցելում։ Փոքրիկ քաղաքում այն իսկապես շատ անհրաժեշտ անկյուն էր։ Դա նաև մեր ծնողները կփաստեն»։ Երիտասարդ տնօրենի խոսքով՝ իրենք հատուկ զարգացնող խաղերի, հետաքրքիր զրույցների, այցելությունների միջոցով ապահովում են սաների լավ, բովանդակալից առօրյան։ Կենտրոնում աշխատանքներ են տարվում նաև խոսքային և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ։
Կենտրոնի աշխատակիցները երիտասարդ մասնագետներ են, ովքեր ունեն պատրաստակամություն, նորը փնտրելու կարողություն և ճկունություն։ Հոգեբանի խոսքով՝ փորձի պակասն իր թիմի անդամներին չի խանգարում. «Բոլորին խորհուրդ եմ տալիս լինել համարձակ, նորարար, միևնույն ժամանակ հիշել սահմանների երբեմն փշոտ լինելու մասին։ Հարցրեք շատ, փորձեք ավելի շատ. չափից դուրս ինքնավստահությունը երբեք չի օգնել։ Այն փոխարինեք համեստ լավատեսությամբ և համառ աշխատասիրությամբ»։
Ասյա Ղազարյանի համար հաջողակ լինելն ուղիղ համեմատական է հստակ նպատակադրումներ ունենալուն և գործնական քայլերով առաջ շարժվելուն. «Իմ կյանքում ամեն նորը սկսվում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, իսկ ձախողումները հաջորդիվ հաջողությունների հիմնաքարն են դառնում»։
Մեր հերոսուհու համար մոտիվացիայի նախընտրելի օրինակ չկա. «Հենց ես եմ միշտ առաջ մղել, մոտիվացրել ինձ, օգնել ճիշտ ապրել։ Ուրախ եմ, որ այդպես է. դա սեփական անձի հանդեպ վստահություն է ձևավորում, ստիպում չվերցնել այլ կերպարներ, ուսումնասիրել սեփական անձը և 24 ժամ ինքդ քեզնից չձանձրանալ»:
Էմմա Հովհաննիսյան
4-րդ կուրս