ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼ. ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԱԾ ԳԱՌՆԻՆ

ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼ. ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԱԾ ԳԱՌՆԻՆ

1101

Գառնիի համակուրսեցիները երկու տարի առաջ համալսարանի ընդունելության ցուցակում անվճարներից հետո առաջին անունը կարդալիս կարծում էին, թե իրենց  կուրսում կա շատ խելացի տղա, այնինչ սեպտեմբերի 1-ը անակնկալներով լի էր: Գառնին տղա չէր, այլ 13 տարի առաջ Սիրիայից որպես հայրենադարձ տեղափոխված մի աղջիկ: «Լսարանից դուրս» շարքի մասնակիցը այս անգամ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Գառնի Մութաֆյան է:

-Երբ տեղափոխվեցիք Հայաստան, ի՞նչ դժվարություններ են եղել:

– Ամենամեծ դժվարությունը եղել է ընտելանալը հայ համայնքին, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվեց:

-Կուզեի՞ր վերադառնալ և կրկին ապրել Սիրիայում:

Հիմա կդժվարանամ պատասխանել, քանի որ 13 տարին քիչ չէ ընտելանալու և, ինչու չէ, նաև սիրելու ու կապվելու Հայաստանի հետ, բայց, իհարկե, կցանկանամ մեկնել Սիրիա, քանի որ իմ մանկության ամենապայծառ օրերը անցկացրել եմ այնտեղ, բայց մշտական ապրել՝ երևի թե ոչ:

-Մանկության ամենավառ հիշողությունը:

 -Մեր տան դիմացի այգին, որտեղ փոքրիկ ավազան կար: Այդ վայրը շատ խորհրդանշական է ինձ համար:

-Ունե՞ս ընկերներ, ովքեր մանկությունից մինչ օրս քեզ հետ են:

 -Այո´, ունեմ շատ ընկերներ, բայց նրանցից կառանձնացնեմ Անժելային, մարդ, ով եղավ իմ՝ Հայաստան տեղափոխվելուց հետո ամենամեծ ձեռքբերումը, իհարկե ունեմ շատ մտերիմ ընկերներ թե´ համալսարանում, թե´ համալսարանից դուրս:

-Երբևէ մտածե՞լ ես ուրիշ մասնագիտության մասին:

-Ո´չ, քանի որ ուրիշ ոչ մի մասնագիտություն չի կարող լինել այնքան հոգեհարազատ, որքան լրագրությունը:

-Եթե հնարավորություն ունենայիր որևէ երկիր գնալու, ո՞րը կլիներ այդ երկիրը:

-Կգնայի Իսպանիա, պարզապես հետաքրքիր է ինձ իրենց մշակույթը:

-Որո՞նք են այն 5 իրերը, որ քեզ համար ամենակարեւորն են:

Հեռախոսս, ատամի մածուկ և ատամի խոզանակս, ականջակալներս ու որևէ հետաքրքիր գիրք:

-Լինո՞ւմ է, երբ ինչ-որ մեկին նեղացնես ու դրա համար զղջաս:

-Ինձ մոտ լինում են պահեր, երբ ինչ-որ չարություն է մտնում մեջս, ու այդ պահին ով հայտնվում է դիմացս, ամեն ինչ անում եմ, որ նեղացնեմ: Հիմնականում կեսից այդ չար Գառնին հեռանում է, բայց շատ քիչ մնում է:

-Որո՞նք են քո բնավորության ամենավատ կողմերը:

-Չեմ ասի, թող գաղտնիք մնա:

-Ինչպե՞ս կբնութագրես քեզ 3 բառով:

-Համառ, նեղացկոտ, բարի:

-Ինչի՞ց ես վախենում ամենաշատը:

-Սխալվելուց և այդ սխալվելու պատճառով կորցնելուց:

-Սիրո քո բնորոշումը:

-Սերը, երբ դիմացինդ քեզ չի համեմատում ուրիշների հետ, երբ պատրաստ է քեզ ամեն հարցում աջակցել, անկախ նրանից՝ ճիշտ ես, թե` սխալ:

-Դու քեզ ո՞ր տարիքում ես զգում հիմա և ինչո՞ւ:

 -Հիմա ես 16 տարեկան եմ, որովհետև չեմ համակերպվում այն մտքի հետ, որ արդեն 20 տարեկան եմ:

Ո՞րն է քո իդեալական օրը:

-Ամբողջ օրը տանը մենակ նստած գիրք կարդալ, ֆիլմ դիտել, հաց ուտել, քնել, արթնանալ և կրկին գիրք կարդալ, ֆիլմ դիտել, հաց ուտել և քնել:

-10 տարի հետո որտե՞ղ և ինչպե՞ս ես պատկերացնում քեզ:

-Չեմ պատկերացնում: Ապրում եմ ներկայով, քանի որ ապագան անհայտ է, իսկ անհայտ բանի մասին մտածելը ժամանակի կորուստ:

-Ո՞ւմ կցանկանայիր նմանվել, իդեալներ ունե՞ս:

– Իդեալներ չունեմ: Թող մեծամտություն չհնչի, ես ինքս ինձ համար ամենալավ իդեալն եմ:

Եթե լինեիր նախագահ, ի՞նչ կփոխեիր առաջինը:

Չեմ ուզում նախագահ լինել:

-Ինչպե՞ս է անցկացնում Գառնին իր ազատ ժամանակը:

-Ինչպես մայրս կասեր՝ հեռախոսի մեջ մտած:

-Եթե լոտոյով մեծ գումար շահեիր, ի՞նչ կանեիր:

 -Բնակարան և մեքենա կգնեմ և կհիմնեմ իմ սեփական հեռուստաընկերությունը:

-Գառնին ունի՞ երազանքներ:

-Իսկ կա՞ մարդ, ով չունի, բայց Գառնին իր երազանքները պահում է իր ներսում՝ հավատալով, որ դրանք անպայման կատարվելու են:

Հարցազրույցը՝ Սիլվի Նազարյանի

2-րդ կուրս

Կիսվել