ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻՑ ՎԱԽԵՑՈՂ ԱՆՆԱՆ

ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻՑ ՎԱԽԵՑՈՂ ԱՆՆԱՆ

1102

«Լսարանից դուրս» շարքի մասնակիցն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Չիբուխչյանը։

Դպրոցական տարիներին սպորտով եք զբաղվել՝ բադմինտոն հետո հանդբոլ: Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ սպորտաձևի փոփոխությունը:

-Սպորտաձևի փոխելը երևի ավելի շատ ձանձրալի դառնալու հետ է կապված: Բադմինտոնը դարձավ ավելի ձանձրալի, մրցույթներ չէին կազմակերպվում: Ու երբ լսեցի հանդբոլ խաղի մասին, ավելի հետաքրքրեց, կանոնները երևի ավելի շատ նման են ֆուտբոլին: Չնայած ֆուտբոլ չէի սիրում, բայց հանդբոլ սիրեցի ու հենց դրանով էի ուզում շարունակել, բայց եղան շատ բայցեր:

Ի՞նչ բայցեր: Ձեր ապագան չէի՞ք տեսնում այդ ոլորտում:

–Հակառակը՝ ես հենց հանդբոլում էի տեսնում, որովհետև շատ էի սիրում այդ սպորտը: Բայց տանը ասում էին, որ ինչ-որ տղայական քայլվածք եմ ձեռք բերում, մարմինս մկանոտում է ու ամեն ինչը նմանվում է տղայի: Երևի թե՝ ճիշտ էին ասում, որովհետև հիմա, երբ ես եմ տեսնում աղջիկների, ովքեր զբաղվում են սպորտով, մկանոտ են, ինձ դուր չի գալիս, ու ես ինձ չեմ պատկերացնում նման մարմնով:

Սպորտից՝ լրագրություն: Ինչո՞վ են նման կամ տարբեր:

-Երևի ամենամեծ նմանությունները երկուսն են՝ ուժը և շատ ջանք գործադրելը, որովհետև առանց այս երկուսի ոչնչի չես հասնի թե՛ սպորտում, թե՛ մասնագիտության մեջ: Պետք է շատ ուժ ունենալ երկուսի դեպքում էլ առաջ գնալու համար: Տարբեր են նրանով, որ, օրինակ, երբ դու խաղում ես հանդբոլ ու մի խաղը պարտվում ես, դու դրանից այնքան չես հիասթափվում, ինչքան, երբ որպես լրագրող գնում ես հարցազրույցի ու հարցազրույցը չի ստացվում: Հաջորդ հարցազրույցին արդեն գնում ես անվստահ, այն մտայնությամբ, որ ոչինչ չի ստացվի: 

Մի անգամ նշել եք, որ վախ չունեիք ոչնչից մինչև ծաղրածուին մոտիկից տեսնելը: Կպատմե՞ք այդ պատմությունը:

-Դե հա, ես միշտ մտածել եմ, որ ոչնչից չեմ վախենում, բայց մի քանի ամիս առաջ՝ քրոջս երեխայի կնունքի օրը, ծաղրածու էր եկել ու շոուի ժամանակ, որ մոտեցավ ինձ, ես իր դեմքին նայեցի ու վախեցա: Իր դեմքը՝ կարմիր քիթը, էդ նկարած դեմքը, պարիկը, շատ վախենալու կերպար էր ինձ համար: Դրանից հետո ինչքան ծնունդ լինում է, ես փորձում եմ հնարավորինս մոտ չգնալ, որովհետև շատ-շատ եմ վախենում: Երբ եկա տուն, ման եկա ու գտա, որ իրոք կա վախ ծաղրածուներից:

Իր, որ գալիս է մանկությունից:

-Տատիկիս նվիրած շղթան, որը մինչ այժմ կրում եմ, մի բան եմ նկատել, եթե անգամ մի օր շղթան չգցեմ, օրս այնքան էլ լավ չի անցնի:

Արարք, որի համար զղջում եք:

-Երբեք չեն եղել արարքներ, որ անեմ ու փոշմանեմ, ինչ եղել է, արդեն եղել է, երբեք ետ չեմ նայել, դա սխալ է, եթե նայես, երբեք առաջ չես գնա:

Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեզ մի քանի տարի անց:

-Ինձ տեսնում եմ որպես լրատվական մեկնաբան: Ուժերիս ներածին չափով ամենը կանեմ նպատակս իրականացնելու համար:

Ո՞վ է լրագրողի Ձեր իդեալը:

-Իդեալներ չունեմ եւ ոչ մի բնագավառից:

Եթե ոչ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ապա՞:

-Եթե անկեղծ, չգիտեմ՝ ինչ պատասխանել, որովհետև չեմ մտածել երբեք այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Մարիամ Նազարյանի

2-րդ կուրս

Կիսվել