«Կույր կետադրություն» գրքի, իր գրական աշխարհի և առաջիկա նորությունների մասին զրուցել ենք 29-ամյա գրող, արձակագիր, կինոգետ Արամ Ավետիսի հետ:
-Ինչո՞ւ Արամ Ավետիս, ոչ թե Ավետիսյան:
-Իմ ազգանվան մի մասն է: Դա հեգնանք է: Իմ գրականության մեջ չկա ոչինչ բարի: Ավետիսը գուցե նորություն որպես, ոչ թե բարի լուր, այլ բառի լուռ, այսինքն՝ բառի լռություն: Իմ բերանում բառերը դառնում են լռություն, և ես երազների լեզվով եմ խոսում: Այս ամենը կոչվում է Ավետիս կամ նորություն:
-Երբևէ կպատկերացնեի՞ր, որ կգա ժամանակ, ու մարդիկ կընթերցեն քո հեղինակային գրքերը
-Ես գրելուց դրա մասին չեմ մտածել, և հենց դա է ինձ օգնել գրել։
– 2017 թվականին լույս է տեսել քո առաջին գիրքը՝ «Կույր կետադրություն» վերնագրով, ինչպիսի՞ն էին արձագանքները:
–Շատ հակասական: Հակասական լինելը առաջին նախապայմանն է լավ գրականության համար:
– Ինչո՞ւ «Կույր կետադրություն»:
-Սա ազատության և սահմանների կռիվն է, սա տեսնող աչքի և կույր մտքի կռիվն է:
-Ւ՞նչն է քո ոգեշնչման աղբյուրը, կամ՝ ո՞վ:
-Ոգեշնչվում եմ ես իմ կարդացած գրքերով ու իմ կյանքով, սս նշանակում է՝ ինքս ինձ եմ ոգեշնչում։
-Դու սկսել ես ստեղծագործել 17 տարեկանից, իսկ ինչո՞ւ ոչ ավելի շուտ:
-Ուզում էի դեռ ապրել:
–Ւնչպիսի՞նն է Արամն առօրյա կյանքում և գրական աշխարհից դուրս:
-Երբեմն տանելի, բայց շատ հաճախ հակառակը:
–Մանկուց երազանք կամ նպատակ ունեցե՞լ ես դառնալ գրող, արձակագիր:
-Փոքրուց սիրում էի կարդալ, բայց չէի մտածում, որ կգրեմ:
–Կարգախոս:
-Չլինել ուղղակի սպառող:
–Ի՞նչ երազանքներ ունես:
-Ես չունեմ երազանքներ, քանի որ ապագան այն տեղը չէ, որի համար ես կստեղծեմ երազանքներ:
-Ի՞նչը կարող է խանգարել ստեղծագործելիս:
-Իմ այն մտքերը, որ երբեմն ավելի շատ են, քան իմ ներսի գրականությունը:
-Կյանքի բեկումնային շրջան:
-Երբ ես որոշեցի, որ իմ մտքերը մենակ իմը չեն: Տպագրեցի ու հասկացա, որ դրանք միշտ էլ կմնան մենակ իմը: Նրանք չկարողացան միավորել իմ շուրջը հավաքված մարդկանց, այլ հակառակը՝ նրանք դարձան այն պատը, որը ակնհայտ մեկուսացրեց ինձ:
-Արամ Ավետիսն ունի՞ ընտրյալ:
-Ոչ:
-Ամենաշատը ինչի՞ց ես վախենում:
-Բուկովսկու ասած՝ ամբոխի հանճար լինելուց:
-Առաջիկայում սպասվո՞ւմ են նորություններ:
-Մի ամսից կտպագրվի իմ նոր՝ «Ճարտարապետական մուտացիա» գիրքը անհատի ու քաղաքի բախման մասին:
Հարցազրույցը՝ Սիլվի Նազարանի
2-րդ կուրս