«Յուրաքանչյուր մարդ ինքնարտահայտման իր ձևն է փնտրում: Հաճախ այդ ձևն այնքան սպեցիֆիկ է, որ շրջապատում ընկալվում է որպես խենթություն. այլ աչքով են նայում: Եթե ամեն մարդ, օրինակ, ծիրան վաճառելու փոխարեն՝ գտնի «խենթանալու» իր ձևը, ապա այս հասարակության վրա կարելի է հույս դնել»,- ահա այս կարծիքին է տերարիումիստ Կարեն Մարտիրոսյանը, ով արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է այս գործով։
-Սովորաբար, մարդկանց թվում է, որ իրենք են ընտրում մասնագիտություն, սակայն դա այդպես չէ։ Այն տեղի է ունենում անկախ քեզանից։ Մարդը մանուկ հասակից զգում է, որ այն իրեն օդի, ջրի պես անհրաժեշտ է։ Մասնագիտությունը տարիների ընթացքում դառնում է ապրելակերպ։ Այն պետք է զգալ և ոչ թե մտածել դրա մասին,- նշում է նա:
Դեռ երեք տարեկանից արտահայտվեց սողունների հանդեպ Կարենի յուրօրինակ սերը: Այդ տարիքում անգիտակցաբար առնչվում էր բակի դոդոշների, գորտերի հետ, կերակրում էր նրանց: Չի կարող ասել, թե ինչո՞ւ հատկապես սողունների, երկկենցաղների հանդեպ հակում ունի:
-Ձգողական ուժ կա, բնազդով եմ սիրում։
Այդ ժամանակ նա անգամ չէր էլ կարող մտածել, որ տարիներ անց աշխատելու է Երևանի կենդանաբանական այգում՝ ակվատերարիա բաժնի ղեկավար։ Այս դաշտը վախենալու չէ, և յուրաքանչյուրին այդ վախը հաղթահարելու համար ընդամենը 15 րոպե է անհրաժեշտ։
-Եթե մարդը մանուկ հասակից իր շրջապատում օձեր տեսներ, շփում ունենար նրանց հետ, ապա նա կգիտակցեր, որ իրականում օձերը այնքան էլ սարսափելի չեն, ինչքան թվում է։
Բնությունը Կարենի մեջ ուժեղ է եղել, ծնողները նրան սատարել են, տագնապը միայն այն ժամանակ է եղել, երբ տանը թունավոր օձեր են հայտնվել։ Եթե մարդը կարողանա այն գործը, որով զբաղվում է, ճիշտ մատուցել, հասարակությունը նրան կընդունի։ Կենդանիների հետ աշխատելը շատ ավելի բարդ է։ Կենդանի սիրելը և նրանց խնամելը շատ են տարբերվում միմյանցից։
-Մեր պայմաններում կենդանի խնամելը ծանր աշխատանք է, որովհետև օձին միայն չես կերակրում, այլ բնական էկոհամակարգի բացակայության պայմաններում նրա համար հատուկ բնություն ես ստեղծում: Չնայած մեր ժամանակներում մարդիկ նյութապաշտ են դարձել, կենդանիների հանդեպ սերը մի տեսակ վերացել է:
Օձերի խնամակալությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ՝ նախասիրություն։ Սողունների հետ շփվելու Կարենի փորձը ցույց է տվել, որ նրանց խնամքը պայմանավորված չէ միայն գրականություն ուսումնասիրելով, այլ պետք է նրանց սիրել, որպեսզի կարողանաս հասկանալ կենդանուն: Սողունների հետ կապված վտանգավոր միջադեպեր Կարենի հետ եղել են, նա համարում է, որ թունավոր օձի հետ շփվելիս պետք է ունենալ բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը ձեռք է բերվում տարիների ընթացքում։
-Կյանքում շատ ավելի դժվար բաներ կան, քան մասնագիտական դժվարությունները։ Սկսնակը չի կարող միանգամից մասնագիտանալ իր գործում։ Դա մի դժվարին ճանապարհ է, որ պետք է հաղթահարել, այն պատմություն է, որի փուլերը պետք է անցնել։
Կարենի կարծիքով՝ օձերն ամենամաքուր կենդանիներն են, և եթե վերջին տարիներին շատ են խոսում մարդկանց խայթելու դեպքերի մասին, ապա մեղքը միանշանակ մարդկանցն է: Ըստ նրա, եթե համեմատենք օձերին և մեքենաներին, մեքենաներն ավելի վտանգավոր են:
– Մենք փողոցում չենք տեսնում այդ սպանող գործիքները, որ անընդհատ աշխատում են, եթե ոչ ամբողջ աշխարհով, ապա Հայաստանի մասշտաբով վերցնենք վիճակագրությունը՝ քանի մարդ է մահանում վթարներից և քանի մարդ է կծվում կամ մահանում օձերի խայթոցներից։ Ամբողջ տարի կարող է մեկ կամ մի քանի օձի խայթոցի դեպք գրանցվել, իսկ վթարներից օրեկան ինչքան մարդիկ են մահանում։
Տերարիումիստը փաստում է, որ իրականում օձ պահելը, բացի կենսաձևից, նաև թանկ հաճույք է, որովհետև պետք է ի վիճակի լինել ապահովել կեր, հոսանք, հիգիենա, ժամանակ և այլ կարևոր հանգամանքներ։
Արմենուհի Օվսեպյան
4-րդ կուրս