ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԶԱՌԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԶԱՌԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՀԵՏ

1726

«Թումո»-ն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ, անվճար կենտրոն է։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ։

Ո՞րն է կենտրոնի գերագույն նպատակը։

-Կենտրոնի նպատակն է Հայաստանում բնակվող պատանիներին տալ հնարավորություն ընդլայնել իրենց մտային հորիզոնները, ավելի լայն աչքերով նայել աշխարհին, սովորել, ստանալ արդիական հմտություններ և առաջ գնալ, դուրս գալ մեծ աշխարհ, ձեռք բերել մասնագիտություն զինված լինելով ամենազորավոր հմտություններով։

Թումո»-ն ստեղծվել է 2011 թվականին, և այժմ 10000-ից ավել սաներ ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում զարգացումը։

-Մինշանակ բոլոր թվերը և տվյալները խոսում են նրա մասին, որ նախագիծը հաջողվել է և շարունակում է առաջ գնալ։ Այժմ ունենք 4 կենտրոն և մոտ ժամանակներս Կողբում ենք պլանավորում բացել։ Մեկից հինգ դառնալը շատ մեծ ցուցանիշ է։

Ինչո՞վ է «Թումո»-ն տարբերվում նմանատիպ այլ կառույցներից։

-Այն առանձնահատուկ է, այստեղ և’ դպրոցական միջավայր է, և’ դպրոց չէ, քոլոջ չէ, համալսարան չէ, որի ծրագիրը յուրահատուկ է և ինքնատիպ: Առաջին հերթին ուսանողներին ազատ ընտրության հնարավորություն է տալիս։ Այստեղ արվեստն ու տեխնոլոգիաները խաչվում են միմյանց։ Յուրահատուկ է նրանով, թե ինչպես է դասավանդվում որևէ առարկան կան թեման, մենք չունենք դաս կամ տնային հանձնարություններ։

Ի՞նչ հետաքրքիր պատմություններ, գաղափարներ կան, որ կուզենայիք առանձնացնել, որոնք կապված են կենտրոնի սաների հետ։

 -Շատ այդպիսի պատմություններ կարող եմ նշել, դրանք բազմաթիվ են, սակայն նշեմ վերջիններից մի քանիսը։ Օրինակ՝ Գյումրիի կենտրոնի ուսանողներից մեկի՝ Մարտին Մանուկյանի արած լուսանկարը այժմ պատրաստվում է մեկնել Վենետիկ, որտեղ «Արսենալ»-ում, որը շատ հայտնի մի ցուցասրահ է, պետք է մասնակցի «Արտելա Գունա» միջազգային մրցույթին, որը հավակնում է վերցնել առաջին տեղը։ Մարտինի և իր ընկերների նկարները, որոնք արվել են գերմանացի արվեստագետ Կատարինա Ռոտերսի հետ մի նախագծում, մասնակցել են Վենետիկի «Բենալեյ» Հայաստանի պաշտոնական տաղավարի ձևավորման մեջ։ Մենք նաև ունենք տարբեր մրցանակներ ֆիլմարտադրության տարբեր մրցույթներից։ Մեր ուսանողների կողմից արված ֆիլմը, որը մրցում էր հիմնականում ամերիկյան ֆիլմերի հետ, ստացավ գլխավոր մրցանակ Երևանում անցկացվող «Ֆրանչա» բնապահպանական միջոցառման սահմաններում։

Ո՞րն է «Թումո»-ի հաջողության գրավականը։

-Սաների այն աշխատանքային փորձը, որ նրանք ձեռք են բերում, և մեր թիմում շատ ունենք կենտրոնի նախկին ուսանողներ, որը և հաջողություններից մեկն ենք համարում։ Գրավականը այն ծրագրի մեջ է, որը իրականացնում ենք, կրթական ծրագիրը, որի վրա միշտ աշխատում ենք, բարելավում ենք, չենք կանգնում նրա վրա ինչին հասել ենք, և այն տալիս է իր արդյունքները։ Մենք բոլորս վստահ ենք, որ այն գործը, որը մենք անում ենք, շատ օգտակար է Հայաստանի և երիտասարդների համար, և այդ վստահությունը մեզ շատ մեծ ուժ ու եռանդ է տալիս։

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին։

-Նախ՝ եթե 12-18 տարեկան եք և մեր կենտրոնում չեք, եկեք և գրանցվեք։ Այն հնարավորությունները, որ կենտրոնը կարող է տալ, օգտագործեք։ Մենք հավատացած ենք, որ ամեն երեխա ունի հատուկ տաղանդ, հատուկ հմտությունների տեր կարող է դառնալ։ Թերահավատորեն մի’ վերաբերվեք ո´չ արվեստին՝ իր ամենաավանդական հասկացության մեջ, ոչ էլ տեխնոլոգիաներին, որոնք կարող են այդ արվեստը դարձնել ավելի մոդայիկ և արդիական։ Եվ երբեք մի’ թերագնահատեք սովորելու ուժը, ամեն ինչ կարող ես սովորել և ամեն ինչի կարող ես հասնել։

Հարցազրույցը՝ Արմենուհի Օվսեպյանի

4-րդ կուրս

Կիսվել