«ԳՐՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԿԵՐԱԿՈՒՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՄՈՒՀՈՏԻ»․ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«ԳՐՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԿԵՐԱԿՈՒՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՄՈՒՀՈՏԻ»․ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

1252

Այսօր տեխնիկան շարժվում է ժամանակին զուգընթաց։ Այս երևույթը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ այդ թվում և գիտակրթականին։ Եթե մոտ 15 տարի առաջ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ գրքերը կարող են թղթի վրայից տեղափոխվել այլ հարթակ, ապա հիմա կարելի է առանց գրադարան կամ էլ գրախանութ գնալու համացանցով որոնել անհրաժեշտ գիրքը և ընթերցել այն էլեկտրոնային տարբերակով։ Իսկ այս տարբերակը կարո՞ղ է փողարինել տպագրին, կամ էլ ինչպես ասում են՝ գրքի բույրին։ Այս մասին զրուցել ենք «Ավետիք Իսահակյան» գրադարանի փոխտնօրեն  Ռուզաննա Բարսեղյանի հետ։

-Մեզ մոտ ձևավորվել է ընթերցանության նոր կուլտուրա․ ընթերցողն առաջ ուներ միայն մեկ տարբերակ՝ գիրքը, իսկ հիմա հայտվել են էլեկտրոնային կրիչները և քչացրել տպագիր գիրք ընթերցողների քանակը։ Առաջ մենք չէինք պատկերացնում, որ գրադարանը, իր գրքերն ունենալուց բացի, պետք է ունենա նաև էլեկտրոնային հարթակ, որտեղ կներկայացնի իր՝ արդեն էլեկտրոնային գրքերի ցանկը։

Տիկին Բարսեղյանը նշեց, որ ամեն տարի գրադարանն անցկացնում է հարցումներ՝ պարզելու, թե հասարակությունը որ գրքերին է տալիս իր նախապատվությունը և որն է ընթերցում ավելի շատ՝ էլեկտրոնային տարբերակը, թե՞ տպագիրը ։

-Գերակշռող մասը նախընտրում է տպագիր տարբերակը։ Նրանք իրենց ընտրությունը բացատրում են՝ սկսած աոողջությունից (տեսողություն, նյարդերի լարվածություն և այլն), վերջացրած գրքի բույրով։

Փորձենք  ներկայացնել  էլեկտրոնային  գրադարանների  մի  քանի  առավելությունները՝ նախ, ամենաառաջինը, մեր որոնած  գիրքը շատ  արագ  ենք  գտնում՝  մի  քանի  վայրկյանի  ընթացքում, հաջորդը՝ այլևս  չենք  գնում  այդ  գիրքը   գրախանութից՝ օրինակ  5000 դրամով, այլ  պարզապես  օգտվում ենք  էլեկտրոնային  գրադարանից, իսկ  երրորդ  առավելությունը, որ  հնարավոր  է  գտնել  թարգմանված  գրքեր, որոնք վաճառքում չկան:

Ռուզաննա Բարսեղյանը նշեց, որ բախտ է ունեցել լինել մի շարք երկրների գրադարաններում և առնչվել այդ երկրներից յուրաքանչյուրի կրթական ոլորտի հետ։

-Բարեբախտաբար այնտեղ ևս սովորական գիրքն անկում չի ապրել և շարունակում է «հաղթել» էլեկտրոնային գրքին։ Էլեկտրոնային տարբերակով գրքերը մեր նոր ժամանակի արտացոլանքն են, այս ոլորտում՝ տեխնիկայի նվաճումը։ Վերջինս, սակայն, միայն կարող է լրացնել գրքին, բայց երբեք չի փոխարինի նրան։ Գիրքը կենդանություն ունի․ այն միայն փոշոտվում ու մաշվում է, բայց երբեք չի հնանում։

Գրքի էլեկտրոնային տարբերակը նույնն է, ինչ կերակուրն առանց համուհոտի, և ես հուսով եմ, որ այս պատկերը չի փոխվի այնքան ժամանակ, մինչև չդադարի տպագիր գրքի հրատարակությունը։ Ոչինչ չի  կարող ջնջել, մոռացնել գիրքը, պարզապես պետք է ընդունել վերջին մի  քանի տարիների նոր և լավ երևույթը՝ էլեկտրոնային գիրքը:

Անահիտ Մարանջյան

4-րդ կուրս

Կիսվել