Բլից հարցազրույց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ:
-Սերը Ձեզ համար…
-Սերն ինձ համար նվիրում է, էներգիայի և մոտիվացիայի աղբյուր, ստեղծարար մտածողության առաջնորդ:
-Կյանքի մեծ ձեռքբերումը…
-Իմ կյանքի անցած ուղին իմ ամենամեծ ձեռքբերումն է՝ դժվար, բայց հետաքրքիր: Վստահ կարող եմ ասել՝ հաջողել եմ բոլոր կարևոր ոլորտներում՝ մասնագիտական, ընտանեկան, ընկերական…
–Տարվա ո՞ր եղանակն եք համարում Ձերը։
-Տարվա բոլոր եղանակները, եթե արևային են: Ես արև եմ սիրում:
-Ի՞նչ պատկեր հայտնվեց այս պահին ձեր մտքում:
-Պենրոուզի եռանկյունը, որն անհնարին պատկերներից մեկն է: Չգիտեմ ինչու, բայց այդ պատկերն անընդհատ իմ մտքում է: Հետաքրքիր պատմություն ունի: 1935 թվականին շվեդ նկարիչ Օսկար Ռեուտերսվարդը պատկերում է խորանարդների հավաքածուի տեսքով պատկեր: Այս պատկերը լայն ճանաչում է ստանում 1958 թվականին, երբ բրիտանական հոգեբանական ամսագրում անգլիացի մաթեմատիկոս Ռոջեր Պենրոուզը հոդված է հրապարակում անհնարին պատկերների մասին: Այս հոդվածում անհնարին եռանկյունը պատկերվում է ավելի ընդհանուր ձևով` ուղիղ անկյուններով միացած երեք չորսուի տեսքով:
– Ժպտում եմ, որովհետև…
-Որովհետև ուզում եմ, որ ուրիշներն էլ ժպտան։ Ժպիտը բարություն է, դրական միջավայրի ստեղծման նախապայման, խոչընդոտները հաղթահարելու բանաձև:
-Մասնագիտությունը Ձեր կյանքում:
-Երբ փոքր էի, երազում էի լրագրող դառնալ, հենց դարձա, որոշեցի ընդլայնել մասնագիտություն ստանալու, նոր բան սովորելու հարթակները․ հանրային կապեր, լրագրություն, քաղաքագիտություն, կառավարում, հոգեբանություն, սոցիոլոգիա, կարողությունների և հմտությունների զարգացում: Առաջընթացի և զարգացման բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները մասնագիտական որակների բարելավմանն են միտված: Ու ես սիրում եմ, բոլոր այն մասնագիտությունները, որոնք, որպես գործիք օգտագործելով, լուծում եմ իմ առջև դրված բոլոր խնդիրները:
-Ո՞ր գույներն եք նախընտրում։
-Բնության կողմից ստեղծված բոլոր գույները սիրում եմ, բայց իմ կյանքում կարմիրն է գերակշռում:
-Մարդկանց արտաքինում ի՞նչն եք նկատում առաջինը:
-Ինձ համար դեմքը, հատկապես աչքերը, որոնց միջոցով շատ բան կարող ես հասկանալ, նույնիսկ ոչ վերբալ շփման ժամանակ:
– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:
– Վախենում եմ կորուստներից, ժամանակի անիմաստ վատնումից:
-Ձեր ամենաշատ օգտագործած բառը։
-Իմ բառամթերքում շատ բառեր կան, բայց վերջին տարիներին «կերպար» և «փոխհարաբերություն» բառերն եմ շատ օգտագործում:
Հարցազրույցը՝ Անի Ավետիսյանի
2-րդ կուրս