ՍՈՒՐՃ ԿԱՄ ԹԵՅ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻ՛Ր ԵՂԵՔ

ՍՈՒՐՃ ԿԱՄ ԹԵՅ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻ՛Ր ԵՂԵՔ

1480

Հայաստանում ավելի շատ սուրճ է ներկրվում, քան թեյ։ Կարելի է եզրակացնել՝ մեր երկրում սրճասերներն ավելի շատ են։ Սուրճն ամենաարագ սպառվող մթերքներից է։ Սակայն սպառման ահռելի ծավալները դեռ որակի նշան չեն։ Սուրճ, թե՞ թեյ, ո՞րն է ավելի օգտակար, ինչպե՞ս խանութներում առաջարկվող բազմազանության մեջ կատարել ճիշտ ընտրություն։ «Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս խանութում սուրճ կամ թեյ ընտրելիս պարտադիր ուշադրություն դարձնել մակնշմանը․ «Քաղաքացին պետք է թեյ կամ սուրճ գնելիս ուշադիր լինի։ Նրան պետք է տեսանելի լինի արտադրման օրը, պիտանելիության ժամկետի ավարտը, անպայման պետք է հայերենով մակնշած լինի պահպանման պայմանները և այդ պայմանների մեջ լինեն՝ ինչպիսին պետք է լինի պահպանումը և հետևել, որ պահպանման պայմանները պահպանված լինեն։ Երկրորդը, երբ խոսում ենք սուրճից, աղացած սուրճ ձեռք բերեք այնտեղից, որտեղից հստակ երևում է սուրճի արտադրման օրը, այդ թվում հատիկավոր՝ չաղացած վիճակում, և անպայաման ուշադրություն դարձրեք սուրճի տեսակին, ծագմանը, երկրին»։

Մեր երկրում թեյը համարվում է ոչ վտանգավոր արտադրանք։ Սննդի  անվտանգության պետական ծառայությունից Վահե Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ սրանք ներկրման ժամանակ սահմանային հատուկ  ստուգումներ չեն անցնում։ Հատուկ մեթոդաբանությամբ սահմանված բացառապես փաստաթղթային ստուգումներից հետո ներկրված արտադրանքը հայտվում է շուկայում։ Լաբորատոր փորձաքննության ենթարկվում է միայն հատուկ դեպքերում։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այս դաշտում շատ բացթողումներ է նկատում. «Կա 3 հիմնական ուղղություն, որտեղ պետք է վերահսկողություն իրականացվի։ Առաջին՝ սահմանում, երբ ներմուծվում է ապրանքը։ Այստեղ միայն փաստաթղթին են նայում, չեն վերահսկում։ Մինչդեռ կարելի էր մոնիթորինգ իրականացնել, հենց ի սկզբանե ուսումնասիրել։ Երկրորդն արտադրության փուլն է, երբ ապրանքը սկսում է արտադրվել։ Այստեղ ևս վերահսկողություն չկա։ Երրորդն արդեն իրացման փուլն է, որտեղ փաթեթավորված ապրանքի ժամկետները և պահպանման պայմանները կրկին անտեսվում են»։

Թեյի սովորական ծրարիկում տասնյակ հավելումներ կան, այդ թվում նաև ծրարիկն ու թելն իրար ամրացնող սոսինձը։ Այս և այլ նյութերի համն ու հոտը թեյում չեզոքացնելու համար արտադրողը համային և բուրավետ հավելումներ է ավելացնում։ Իսկական բուսական և չարոմատիզացված թեյի ու սուրճի մասին իրական պատկերացում կազմելու համար խոսեցինք «Tea Art» ընկերության հիմանդիր տնօրեն Ալեքսանդր Դաշյանի հետ. «Երբ թեյը լցնում ենք ջրի մեջ և այն անմիջապես գույն է տալիս՝ սև կամ կանաչ, արդեն պարզ է դառնում, որ դրա մեջ կան հավելումներ՝ հոտավետ նյութեր, ինչ-որ ներկանյութեր, որոնք ապահովում են թեյի գույնը։ Շատ կարևոր է նայել թեյի տերևների որակին պատրաստելուց հետո, և երբ թեյը պատրաստում վերջացնում եք, տերևները պետք է բացվեն։ Չինական թեյերի տերևները մինչ պատրաստելը շատ փոքր են լինում, իսկ պատրաստելուց հետո՝ տերևները մինչև 10 անգամ կարող են մեծանալ։ Իսկ երբ փաթեթով թեյը պատրաստելուց հետո բացեք, կտեսնեք, որ դրա մեջ փոշի է»։

Խնդրահարույց է նաև սուրճի շուկան։ Սպառողների մի մասը նախընտրում է արդեն աղացած ու հերմետիկ փաթեթավորված սուրճ, մի մասն էլ նախընտրում է իր աչքի առաջ աղալ տալ թափանցիկ տարաներում լցված սուրճի հատիկները։ Որն է ավելի օգտակար և հուսալի։ «Tea Art» ընկերության հիմանդիր տնօրեն Ալեքսանդր Դաշյանը խորհուրդ է տալիս չգնել նախապես աղացած, փաթեթավորված սուրճ, քանի որ այն կորցրած է լինում իր համային և որակական հատկությունները, սուրճը պետք է գնել միայն թարմ աղացած վիճակում։ Սուրճ, թե թեյ… Սննդաբանը խորհուրդ է տալիս ջուր՝ սովորական ջուր։ Այնուհետև միայն թեյ և սուրճ, բայց չափի մեջ։

Վերջին ժամանակներս արագ սպառվում են նաև դեղատներում հայտնված նիհարեցնող սրճերն և թեյերը։ Իրականում, ինչպես նշում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, սուրճն ու թեյը քաշի նվազեցման հետ որևէ կապ չունեն. «Նիհարեցնող թեյերը քաշն իջեցնում են կամ իրենց միզամուղ հատկություններով, այսինքն՝ օրգանիզմից հեռացնում են ջուրը, և մարդը կշեռքի վրա կանգնելիս տեսնում է իջեցված կիլոգրամներ, կան դրանք լուծողական թեթև էֆեկտ ունեն և պարունակում են Սենա բույսի հավելումներ կամ ուրիշ լուծողականներ՝ բուսական ծագման, և կրկին օրգանիզմից հեղուկի դուրսբերման օրինակով կշեռքի սլաքն իջեցնում են ներքև կամ պարունակում են նյութեր, որոնք փակում են ախորժակը։ Այս խումբն առավել քան վտանգավոր է առողջության համար»։

Եվ այսպես, սուրճ և թեյ ընտրելիս պարտադիր ուշադրություն դարձրեք մակնշմանը, կիլոգրամով սուրճ և թեյ գնելիս պահանջեք վաճառողից սերտիֆիկատը, որում նշված է պահպանման ժամկետը, ներմուծման ամսաթիվն ու արտադրման վայրը։ Հիշեք նաև, որ մակնշումն ու ծրարիկի իրական բաղադրությունը կարող են չհամընկնել։ Եվ ընդհանրապես, մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ծրարիկով թեյից և օգտագործել թեյի տերևիկները։ Իսկ դեղատներում վաճառվող նիհարեցնող թեյն ու սուրճն իրականում ոչ թե թեյ կամ սուրճ են, այլ ախորժակ փակող պրեպարատներ։

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս 

Կիսվել