«ՏԱՐԲԵՐՎԻՐ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ԼՈՒՐՋ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ» . ՎԱՀԱԳՆ ԴԻԼԲԱՐՅԱՆ

«ՏԱՐԲԵՐՎԻՐ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ԼՈՒՐՋ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ» . ՎԱՀԱԳՆ ԴԻԼԲԱՐՅԱՆ

1249

Վահագն Դիլբարյանը  «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության գործընկեր և բիզնես թրեյներ է, ինչպես նաև  «100 բիզնես գաղտնիքներ» գրքի և «Բիզնես գաղտնիքներ» բլոգի հեղինակը:

– Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք գործել բիզնես ոլորտում: Ի սկզբանե կա՞ր որևէ նպատակ տվյալ ոլորտում ինչ-որ բան ստեղծելու և դա դարձնելու հիմնական աշխատանք:

– Իրականում մանկուց գումար շատ եմ սիրել: Ինձ համար ամեն ինչի չափանիշը դա է եղել, նպատակս ՝ աղքատ չմեռնելը: Դեռ մանուկ հասակից ասում էի, որ պետք է բիզնես ունենամ, և բազմաթիվ տեղեր աշխատելուց հետո այդ միտքը այնքան արմատացավ իմ մեջ, որ որոշեցի իմ սեփականը ունենալ:

– Մարդուն աշխատանքի ընդունելիս առաջինն ի՞նչ եք փնտրում իր մեջ։

– Առաջինը և ամենակարևորը իր մարդկային հատկանիշներն են, թե ինքն ինչքանով է ազնիվ, վստահելի, ինչքանով է պատրաստ սովորելու, երկրորդ՝ շատ եմ գնահատում իր աշխատասիրությունը, իսկ վերջում ՝  պրոֆեսիոնալիզմը, քանի որ մարդ կարող է պրոֆեսիոնալ չլինել, բայց աշխատասիրության շնորհիվ տիրապետի բավականաչափ գիտելիքների:

– Որպես բիզնեսի սեփականատեր ՝  ինչպիսի՞ պարտավորություններ ունեք աշխատակիցների հանդեպ:


– Գերնպատակս ինչքան հնարավոր է շատ աշխատատեղեր ստեղծելն է, իսկ աշխատողների հանդեպ պարտավորությունս նրանց համար հետաքրքիր միջավայրի ստեղծումն ու  գրեթե ամեն ինչի ապահովումն է: Այս պահին ժամանակը ամենաքաղցրն է ինձ համար: Ես ժամանակին շատ եմ տուժել ժամանակ չունենալու պատճառով, իսկ հիմա ինքս դա գիտակցելով՝ աշխատողներին հնարավորություն եմ տալիս իրենց ազատ ժամանակը ցանկացածի պես տնօրինելու. նրանք աշխատում են 13:00-19:00:

-Ի՞նչ սխալներ եք թույլ տվել աշխատանքը սկսելիս:

-Միակ սխալս դիվերսիֆիկացիա չանելն է, այսինքն մեկ ուղղությունից կախված լինելը:

– Ո՞րն է Ձեր բիզնեսի առանձնահատկությունը:

– Ինֆորմացիան գումար դարձնելը:Այսօր ցանկացած մարդ, ով ժամանակ է անցկացնում համացանցում, այդտեղից փնտրում է երկու բան ՝ ծանոթություն և ինֆորմացիա: Մենք այդ ինֆորմացիան տրամադրում ենք, որն էլ դարձնում ենք գումար: Մեր ընդհանուր նպատակը ոչ թե Հայաստանից գումար դուրս բերելն է, այլ՝ դրսից Հայաստան բերել:

– Կնշե՞ք այն ընկերությունները, որոնց հետ համագործակցում եք:

– Համագործակցում ենք Amazon, Facebook և Google ընկերությունների հետ:

– Ինչպե՞ս վերադարձնել կորցրած հաճախորդին:

– Իրականում սա անհատական հարց է, չկա ինչ-որ ֆորմուլա, որ երբ անես արդյունք լինի:Ամեն ինչ կախված է մոտեցումից և ընթացքից: Այդուամենայնիվ, սկզբում պետք է հասկանալ, թե ինչ պատճառով է հաճախորդը հրաժարվում ծառայություններից, իսկ հետո փորձել խնդիրը վերացնել, հետագայում մյուսներին կորցնելու հավանականությունը կրճատել:

– Հաջողության գաղտնիքը բիզնեսում:

– Դա փոքր դետալների մի ամբողջություն է, որով ուրվագծվում է հաջողության պատկերը, բայց ամենակարևորը թե՛ կյանքում, թե՛ բիզնեսում ծանոթությունն է:

– Ձեզ հաջողակ համարու՞մ եք:

– Ո՛չ, քանի որ դրան հասնելու համար դեռևս նպատակներ կան: Դրանցից մեկը ոլորտում համաշխարհային մասշտաբով ինչ-որ նորույթ մտցնելն է, ինչպես նաև ունենալ ընկերություն, որը կունենա 500-ից ավել աշխատող:

– Ի՞նչ է պետք Հայաստանին զարգացման և մի օր ուժեղ երկրների ցանկում հատնվելու համար:

– Լավ կադրեր:

– Խորհուրդ բոլոր նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան ստեղծել:

– Եթե ցանկանում եք լուրջ նվաճումների հասնել կյանքում, ապա տարբերվեք:

Հարցազրույցը՝ Անի Մելոյանի

4-րդ կուրս

Կիսվել