«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ». ԴՐԱՍՏԱՄԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ». ԴՐԱՍՏԱՄԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

1621

Նկարիչ Դրաստամատ Հովսեփյանը՝ Դասոն, նկարիչ դառնալու որոշման մասին ժպիտով է հիշում։ Չնայած  ծնվել է Գորիսի չքնաղ բնության գրկում և այդ փաստն էլ մեծ դեր ունի իր մասնագիտության ընտրության հարցում, այնուամենայնիվ, այս ամենի մեջ զավեշտալի պատմություն կա. «Եղբայրս շատ լավ էր նկարում։ Առաջին դասարան էի, երբ վերցրի եղբորս նկարներից մեկն ու տարա դպրոց։ Ուսուցիչներիս, դասընկերներիս ասել էի, թե իբր ես եմ նկարել։ Ուսուցիչս հարցրեց, թե կարո՞ղ եմ նույնը գրատախտակին նկարել, ես էլ վստահ պատասխանեցի՝ այո՛։ Բնականաբար ինձ մոտ ոչինչ չստացվեց։ Ուսուցիչս ինձ արդարացնելու համար, որ վատ չզգամ, դասընկերներիս մոտ ասաց, որ գրատախտակի պատճառով չստացվեց ստանալ նույն նկարը»,-պատմում է Դասոն։

Հենց այս պատմությունն էլ դարձավ գլխավոր պատճառ մասնագիտության ընտրության հարցում։ Եղբոր հետ բարձրանում էին տանիք ու նկարում Գորիսի չքնաղ բնությունը։

Բարեկամների, ընկերների գովեստի խոսքերը ոգևորում են ապագա նկարչին և ստիպում խորանալ նկարչության մեջ։ Սովորել է Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, ուսուցիչներն են եղել Բենիկ Պետրոսյանը, Էդիկ Խարազյանը։

Դասոն տարբեր ոճերում է ստեղծագործում, սիրում է Փանոս Թերլեմեզյանի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի գործերը, հաճախ ոգեշնչվում նրանց գործերով։

«Թեման շատ պատահական է գալիս, անսպասելի ինչ-որ միտք է ծագում ու սկսում եմ միտքը հանձնել կտավին։ Նկարելու ընթացքում գաղափարը զարգանում է, գույները սկսում են ծաղկել, երբ տեսնում եմ, որ գործն առաջ է գնում, ավելի եմ ոգևորվում, և այդպես ստեղծվում է կտավը»,- անկեղծանում է մեր զրուցակիցը։

Իր աշխատանքները Դասոն Վերնիսաժում է վաճառում. «Միշտ էլ պահանջված ու գնահատված են եղել անկեղծ ու միօրինակ գործերը։ Ինձ համար առաջնային խնդիր է նկարչության մեջ լինել անկեղծ, սիրով եմ նկարում, մեջը հոգի եմ դնում։ Անկեղծ նկարը կարող է բուժել հիվանդին, փարատել կարոտը։ Ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, միշտ նորն եմ փնտրում, ու դրան վերջ չկա», -եզրափակեց Դրաստամատ Հովսեփյանը։

Մանե Մուրադյան

4-րդ կուրս

Կիսվել