ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

1848

Հայաստանում կան շատ ուսումնական հաստատություններ՝ համալսարաններ, քոլեջներ և այլն՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, որոնք ապահովում են կայուն, զարգացած և գիտակ հասարակություն: Լինելով հաստատություններից մի քանիսում՝ գիտակցությանս մեջ վառ կերպով տպվեց Փանես Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Քոլեջը որոշ առումներով տարբերվում է այլ ուսումնական հաստատություններից նրանով, որ այստեղ սովորող ուսանողները տարբերվում են ոճային առումով: Երբ փողոցում հանդիպում ես անփույթ հագուստով կամ մազերի մի քանի գույն ունեցող աղջիկների, ակամայից պատկերացնում ես նրանց Թերլեմեզյանի ուսանող:

 Թեհրլեմեզյան պետական քոլեջի բաժիններից մեկը քանդակագործությունն է: Քանդակագործություն ասելով հասկանում ենք մասնագիտություն, որը արդի է տղաների շրջանում, բայց արի ու տես, որ այս մասնագիտությամբ հետաքրքրված են նաև աղջիկները, նրանցից մեկն էլ 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամն Խաշակյանն է: Զրուցելով Մարիամի հետ՝ ցանկացա իմանալ, թե ինչպես ծնվեց հետաքրքրությունը դեպի այս մասնագիտությունը: Նա ասաց, որ ի սկզբանե ցանկացել է սովորել դիզայն բաժնում, սակայն միավորների պակասի արդյունքում նա չընդունվեց քոլեջ:

«Քանդակագործություն բաժնում կար մեկ թափուր տեղ և ինձ առաջարկեցին մեկ տարի սովորել որպես ազատ ունկնդիր: Այս բաժնում սովորելով՝ հասկացա, որ այն ավելի հոգեհարազատ է ինձ, և պետք է հենց այս ուղղությամբ էլ շարունակեմ: Միջավայրը այնքան հարազատ էր, կարծես մի ամբողջ կյանք էի անցկացրել էդտեղ»:  Այն հարցին, թե արդյոք դժվար չէ ամբողջ օրը աշխատել կավի հետ, Մարիամը պատասխանեց. «Երբ գործդ կատարում ես սիրով, դժվարությունը երկրորդական է դառնում, ինձ համար քանդակագործությունը մի նոր աշխարհ էր»:

Շատ մարդկանց կարծիքով քանդակագործությունը աղջկա համար չէ, բայց նուրբ ձեռքերը կարող են ստեղծել ավելի գեղեցիկ քանդակներ: Ուսումնասիրելով ուսանողների աշխատանքները՝  հասկացանք, որ դրանց մեջ կա մեծ սեր: Քոլեջում «լավ ձեռք» ունեցողները բավականին շատ են: Քանդակագործություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մուշեղ Բարսեղյանի ձեռքին է պատկանում Արտաշատ քաղաքի՝ քառօրյա պատերազմում զոհված հերոս զինվորներին նվիրված խաչքարը:

Հետևելով քոլեջի անցուդարձին, շփվելով ուսանողների և դասախոսական կազմի հետ՝  նկատեցի, որ ուսանող-դասախոս փոխհարաբերությունները բավականին ընկերական են, ինչը շատ կարևոր է: Հաճելի է արվեստագետի հետ շփումը, նրանց երևակայությունը չափ ու սահման չունի:

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս      

Կիսվել