«ԻՆՁ ԵՐԲԵՔ ԲԵՄԻ ՏԻՐԱԿԱԼ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ, ԲԱՅՑ ԾԱՌԱ ԶԳՈՒՄ ԵՄ ...

«ԻՆՁ ԵՐԲԵՔ ԲԵՄԻ ՏԻՐԱԿԱԼ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ, ԲԱՅՑ ԾԱՌԱ ԶԳՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ԽԱՂԻՑՍ ՀԵՏՈ»

1329

Մեզ հետ զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Գագիկ Սարգսյանն իր անցած ուղու  մասին։

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Գագիկ Սարգսյանն արդեն  50 տարի է, ինչ աշխատում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Դերասանը նշում է, որ տարիներ շարունակ առաջարկներ է ստացել տեղափոխվել այլ թատրոններ աշխատելու, բայց երբեք մտքովն էլ չի անցկացրել  լքել արդեն իրեն հարազատ թատրոնը:

«Կյանքիս 50 տարիները նվիրել եմ այս թատրոնին, և Աստված ինձ ինչքան  առողջություն տա, ես պատրաստ եմ ծառայել թատրոնիս: Ինձ երբեք բեմում տիրակալ չեմ զգացել, բայց ծառա զգում եմ ամեն խաղիցս հետո»,- նշեց  մեր զրուցակիցը:

Գագիկ Սարգսյանը կրթություն չի ստացել: 20-ամյա երիտասարդ էր, երբ  մտավ թատրոն մեծ երազանքով,  որ  դերասան պիտի  դառնա: Գրականության մեծ սիրահարը  ասմունքել է Շիրազի, Կապուտիկյանի, Համո Սահյանի և այլոց ստեղծագործությունները, հավանության արժանացել թատրոնի տնօրինության կողմից և հենց այդ պահից մուտ գործել թատրոնի աշխարհ:

Դերասան Գագիկ Սարգսյանը բազում  դերեր է կերտել, բայց իր համար առանձնահատուկ են երկուսը՝  Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի Սոսի կերպարը, և «Գևորգ Մարզպետունի» վեպի  Սահակ Սևադայի կերպարը:  «Սոսի կերպարի առաջարկն ինձ համար անակնկալ էր, երբ առաջարկեցին խաղալ այդ ժամանակ ես 33 տարեկան էի, չէի պատկերացնում  այդ տարիքում ինչպ՞ես եմ խաղալու 17 տարեկան պատանու դեր, բայց փառք Աստծո, շատ լավ ստացվեց: Երբեք չեմ կարող մոռանալ կերտածս կույր Սահակ Սևադայի կերպարը: Այնպես էր, որ  բեմ պիտի բարձրանայի  դահլիճից: Հանդիսատեսը գիտեր, որ ես իսկապես կույր եմ, և ինձ օգնության ձեռք էին մեկնում և հասցնում բեմ: Հետո ներկայացումից հետո դուրս էին գալիս ու հարցնում, թե ու՞ր է կույր դերասանը: Հետո արդեն գալիս ու ներկայանում էի, որ ես իրականում կույր չեմ  (ծիծաղում է,- Մ.Մ.) »,-հիշում է մեր զրուցակիցը:

 Կա կարծիք, որ նոր սերունդը ստեղծում է մի թատրոն, որ հները չեն հասկանում: Գագիկ Սարգսյանն  այս հարցում այլ տեսակետ ունի․ «Թող երիտասարդներն  անեն ամեն ինչ, բայց խնդրում եմ, որ լավն անեն: Այսօր նոր սերունդը  ստեղծում է  հիմնականում շոուներ:  Տեսնում եք, թե  երևանյան թատրոններում ինչ է կատարվում, եթե շոու չլինի, տոմսերի վաճառքը չի կատարվի: Իհարկե կան նաև  որակյալ բեմադրված ներկայացումներ, բայց ցավոք, դրանց թիվը նվազում է: Ճիշտ կլինի, ամեն դեպքում, պահպանել ու շարունակել մեծերից թողած հարուստ ժառանգությունը, ներկայացնել դա այնպես, որ հետաքրքրի հանդիսատեսին: Հավատացեք՝ հանդիսատեսը կարիք ունի որակյալ ներկայացումների»:

Գագիկ Սարգսյանը տանել չի կարողանում այդքան մեծ տարածում գտած անորակ սերիալների ցուցադրումը: Շատ առաջարկներ է ստացել  նկարահանվել  սերիալներում, բայց կտրականապես մերժել է: «Երբեք չեմ նկարահանվել ու չեմ նկարահանվելու սերիալներում, ես դերարար չեմ, ես արտիստ եմ: Չեմ հասկանում ՝ ինչպես կարելի է ավարտել թատրոնի և կինոյի  ինստիտուտը ու գնալ նկարահանվել անորակ սերիալներում, հենց այսպես են գցում դերասանի պատիվը, ամոթ է, ամոթ» :

Խաղացած դերերից են՝ Միքայել՝ «Քաոս»,  Օթարյան՝ «Պատվի համար», Մուրադ՝ «Խաչագողի հիշատակարան», Սոս՝ «Սոս և Վարդիթեր», Եզնակ ամի՝ «Երբ ձյունն է իջնում»,  Գիժ Դանիել՝ «Չար ոգի» և այլն:

Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում,  Ֆրանսիայում, Պարսկաստանում և այլուր:

Մանե Մուրադյան

4-րդ կուրս

Կիսվել