Ջավախքի ականավոր աշուղներից մեկը՝ աշուղ Թիֆիլին շատերին է հայտնի: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի կարծիքով՝ նա ժամանակի և հանգամանքների պատճառով է, որ լինելով Ջիվանու տարեկիցը, նրա չափ հանրահայտ չի դարձել, ինչպես նաև նրա ստեղծագործություններից շատերն են ոչնչացել, չի պահպանվել անգամ նրա «դավթարը»:
Աշուղ Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, ծնվել է 1845 թվականին Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում: Նա ապրել է հողազուրկ գյուղացու ընտանիքում։ Պատանի հասակում Եղոն շատ է սիրել աշուղական արվեստը, սովորել է նվագել սազի վրա:
Սամվել Մուրադյանը նշում է, որ նա գյուղերի հարսանիքներին, խնջույքներին, ծիսական, ազգագրական արարողություններին միշտ մասնակցել է և երգել իր բանաստեղծությունները իր իսկ հորինած մեղեդիներով:
Թիֆիլին Ջիվանու հետ միասին սովորել է աշուղ Սիայու մոտ։ Եղոյին աշուղական անուն՝ Թիֆիլի (պատանի) է տվել հենց իր ուսուցիչը:
Սկզբնական շրջանում Թիֆիլին երգել է Սայաթ-Նովայի, Շիրինի, Սիայու, այնուհետև Ջիվանու երգերը։ Սակայն երիտասարդ աշուղը դրանով չի բավարարվել, սեփական երգեր հորինելու փորձեր է արել, արժանացել է երգասեր գյուղացիների ուշադրությանը։ Նա աստիճանաբար կատարելագործվում է, աշուղական արվեստի մեջ լայն ճանաչում գտնում Ջավախքում։
1918 թվականի գաղթի ժամանակ մեծ տառապանքներ կրած աշուղը, ստիպված թողնում է հայրենի գյուղը բնակություն հաստատում Բակուրիանում, ապա արդեն Բաթումում, ուր էլ վախճանվում է 1923 թվականին, 78 տարեկան հասակում։
Աշուղի երգերի թեման բազմազան է. սոցիալական անարդարության քննադատումը առաջնային տեղ է գրավում։ Նրա սրտին ծանրացել էր ժողովրդի անտանելի վիճակը, դրա համար էլ շարունակ ըմբոստացել է տիրող կարգերի դեմ։
Սիրո թեման ևս առաջնակարգ տեղ է բռնում Թիֆիլու երգերում։ Լինելով հարսանիքների երգիչ` նա հորինել է բազմաթիվ կենսուրախ երգեր։
Պարոն Մուրադյանի կարծիքով՝ նրա երգերը ազգագրական ճանաչողական արժեք ու նշանակություն ունեն, քանի որ նրանցով կարելի է պատկերացում կազմել աշուղի ապրած ու գործած ժամանակների Ջավախքում հայկական ավանդական հարսանիքների ծիսական սոսվորույթների ընթացակարգի մասին: Այդպիսիք են, օրինակ` «Թամադան», «Խնամի օջախդ շեն է», «Եկել եմ բարի տեսության», «Զեզ բարի լույս, բարեկամներ», «Պարերգ» և այլ այս բնույթի բազմաթիվ երգեր։
Արմենուհի Օվսեպյան
4-րդ կուրս