ԿՅԱՆՔԸ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ

ԿՅԱՆՔԸ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ

1080

Պառավաքարը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից է, որը հակառակորդից ընդամենը 5-10 կմ. հեռավորության վրա է գտնվում: Մինչև արցախյան առաջին պատերազմը, այն ավելի մոտ էր գտնվում ադրբեջանական «Թաթնլու» գյուղին, բնակիչներն էլ ազատ առևտրով էին զբաղվում հարակից շրջանների գյուղացիների հետ: Բայց ղարաբաղյան պատերազմի ժամանակ, անվտանգությունից ելնելով, գյուղի տարածքները 2-3 կմ. – ով կրճատվեցին:

Այժմ այստեղ ապրում է 600 ից 700 ընտանիք: Բնակիչները հիմնականում բարձր տարիքի մարդիկ են: Փոքր թիվ են կազմում երիտասարդները, ովքեր, անվտանգությունից կամ աշխատանքի բացակայությունից ելնելով, լքել են գյուղը: Մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու խաղողագործությունն է:

Նրանք, չնայած անընդհատ առկա վտանգին, ապրում են սովորական կյանքով` առանց վախի ու կաշկանդվածության: Թշնամու ոտնձգությունները ոչ մի կերպ չեն ազդում բնակիչների տրամադրվածության վրա: Երեխաները ազատ վազվզում են, մեծահասակներն էլ զբաղվում իրենց առօրյա գործերով: Տղամարդկանց մի մասն էլ՝ ովքեր կամավոր, ովքեր պարտադիր, 15 օրը մեկ բարձրանում են դիրքեր ու ապահովում բնակիչների խաղաղ կյանքը:

Պառավաքարն ունի իր դպրոցը, մանկապարտեզն ու բժշկական կենտրոնը: Ապահովված է գազով, բայց ունի ջրի խնդիր: Ոչ բոլոր տներում կա մաքուր ջուր, այդ պատճառով էլ որոշ գյուղացիներ ստիպված են լինում գյուղի մի ծայրից մյուսը գնալ` մաքուր ջուր բերելու համար:

Այս դժվարություններից մարդիկ չեն չարանում, ավելին` հյուրասեր  ու բարեհամբույր են մյուսների հանդեպ: Գյուղի համար զոհված տղաների համար էլ Պառավաքարի տարբեր մասերում հուշաքարեր ու աղբյուրենր են կանգնեցրել, որտեղ միշտ այցելում են ու ինչպես իրենք են ասում, հաց են կիսում իրար հետ:

Հարցիս, թե  վտանգավոր չէ՞ արդյոք ապրել այստեղ, այն էլ այս լարված պայմաններում, պատասխանում են, որ սա իրենց ծննդավայրն է, ու ոչ մի դեպքում չեն պատրաստվում լքել այն:

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս

Կիսվել