Տարիներ առաջ փողոցային երաժշտությունը ասոցացվում էր մուրացկանության հետ: Այժմ կոտրվել է այդ կարծրատիպը, և փողոցային երաժշտությունը մշակույթ է դարձել: Հյուսիսային պողոտան դժվար է պատկերացնել առանց երաժշտության: Սակայն բացի մշակույթ լինելուց, այն շատ երաժիշտների համար նաև ապրուստի միջոց է:
Կիթառահար Դավիթի համար Հյուսիսային պողոտայում նվագելը և՛ հաճույք է, և՛ գումար վաստակելու միջոց.
«Զբաղվում եմ իմ սիրած գործով. և՛ գումար եմ աշխատում, և՛ հաճույք եմ ստանում»: Թե որքան գումար է վաստակում, Դավիթը չցանկացավ պատասխանել, սակայն ասաց, որ գումարը բավարարում է պահանջմունքները. «Չեմ պատասխանի (ծիծաղում է): Փառք Աստծո, որ գործով էլ, որ զբաղվեք, հոգի ներդնեք էդ գործի մեջ, կբավարարի»:
Չնայած այն հանգամանքին, որ փողոցային երաժշտությունը թույլատրված է օրենքով, այնուամենայնիվ երաժիշտները հաճախ բողոքներ են ստանում բնակիչներից.
«Մի կին կա, հետը լեզու չենք գտնում, բայց մեկ ա, մինչև 23:00 նվագում ենք»:
Բողոքների կողքին կան նաև դրական կարծիքներ.
«Փողոցում մարդիկ իրենց ազատ են զգում: Անցնելիս անընդհատ տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, ինչը շատ հաճելի է»,-ասաց Երևանի բնակչուհին:
Մել այլ բնակչուհու՝ Աննայի համար էլ հաճելի է փողոցային երաժշտությունը, երբ այն բարձրաճաշակ է.
«Եթե փողոցային երաժշտությունը բարձրաճաշակ է, եթե չի աղավաղում եղած երաժշտությունը, ես միայն կողմնակից եմ, որովհետև էդ շատ հավես կոլորիտ է տալիս»:
Դավիթը միակը չէ Հյուսիսային պողոտայում, որ նվագում է. ակորդեոնիստ վարպետ Սամվելը նույնպես նվագում է, սակայն բացի երաժշտական գործիքներից (կիթառ և ակորդեոն), նրանց երաժշտական ճաշակները նույնպես տարբերվում են: Սակայն ինչպես Դավիթի, այնպես էլ վարպետ Սամվելի համար նվագելը ևս գումար աշխատելու և օրվա հացի հարցը լուծելու միջոց է.
«Մի հինգ հարյուր, հազար դրամ՝ մի հացի փող: Մի երկու օր, որ չգանք, փող չկա. ստիպված գալու ենք, որովհետև ուրիշ աշխատանք չկա»: Նա նաև հավելեց, որ հաճույքով է նվագում, որովհետև սիրում է նվագել:
Տեղափոխվենք մեկ էլ երաժշտի մոտ. նա ռոքի ու բլյուզի ներկայացուցիչ է, կիթառահար, անունն էլ` Արմեն Հովանի։ Չի մտածել «փողոց դուրս գալու» մասին, սակայն պատահական հայտնվել է Հյուսիսային պողոտայում.
«Պատահական է եղել փողոցում նվագելը, բայց հիմա դարձել է ընտանիքիս հացը, ապրուստի միջոց»:
Երաժիշտի համար կարևորն այն է, որ իրենց սիրում և գնահատում են. «Միշտ չէ, որ կարողանում ես նվագել, որ փող լինում է, սակայն էականն այն է, որ գիտես քեզ սիրում են»,-ասաց Արմեն Հովանին:
Հարցիս, թե լինում են դեպքեր, երբ տղաները մոտենան և խնդրեն իրենց սիրելիների համար ինչ-որ բան երգի կամ նվագի, Արմեն Հովանին ասաց, որ իհարկե նվագում է, և հավելեց.
«Ես նույնիսկ ծննդատանը՝ երեխու ծնվելու համար եմ երգել (ծիծաղում է): «Փողոցում նվագելը հեշտ չէ. եթե դրական կարծիքներ չլինեին, չէինք նվագի: Մենք միշտ զիջում ենք»,-ասաց երաժիշտը:
Արմեն Հովանին փողոցում նվագում է 2015 թվականից. ասում է, որ նվագել է ամենուր, սակայն մինչև հիմա չի կարողանում ակորդեոնիստների հետ լեզու գտնել. «Իրենք չեն կարողանում զիջել, միայն իրենց մասին են մտածում: Դիտմամբ գալիս կողքդ են նվագում, որ էլ չկարողանաս նվագել»: Երևանում թափառաշրջիկ երաժիշտները հենց «փողոցային» են: Երևանի օրենքների համաձայն ՝ փողոցային երաժիշտները կարող են նվագել մինչև գիշերվա 11-ը ցանկացած այն վայրում, որն ինչ-որ մեկի սեփականությունը չէ: Եվ անկախ այն հանգամանքից, թե մարդկանց քանի տոկոսն է կողմ փողոցային երաժշտությանը, քանիսը՝ ոչ, այն շարունակում է մնալ Հյուսիսային պողոտայի անբաժան մասնիկը:
Արփինե Հակոբյան
2-րդ կուրս