ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՆ Է. ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՆ Է. ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

1009

Թե ինչ են ընթերցում այսօր երիտասարդները, ինչով է փոխվել այսօրվա ուսանողությունը՝ այս և այլ հարցերի պատասխանները կստանանք  գրաքննադատ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, դասախոս Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրույցում:

Դուք դասավանդում եք Մաշտոցի անվան համալսարանում : Կա՞  տարբերություն այսօրվա և Ձեր ժամանակվա ուսանողության միջև:

-Տարբերությունը շատ է: Առաջնահերթ ուսանողների քանակի նվազումը, որը բերել է որակի որոշակի անկման: Եթե նախկինում հիսուն-վաթսուն ուսանողից կարողանում էիր ընտրել վեց կամ տասը ուսանողի և աշխատել նրանց հետ, հիմա ընտրությունը պետք է կատարես մոտ մի տաս ուսանողի միջև: Մեկ-մեկ ստացվում է ընտրել մեկ երկուսի, մեկ-մեկ ընդհանրապես չի ստացվում:

Ինձ մոտ դա բերել է հետաքրքրության անկման, ընդհանրապես դասավանդման պրոցեսի հանդեպ: Ես տեսակով այնպիսինն եմ, որ իմ դասախոսությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ տեսակի ուսանողների հետ եմ աշխատում: Նույն կուրսերը տարբեր տարիներին անց եմ կացրել տարբեր մակարդակներով, տարբեր խորությամբ և տարբեր ոգևորությամբ:

-Գրականության ո՞ր ժանրն են նախընտրում երիտասարդները:

-Ընթերցողների մեծ մասի կողմից ամենասիրված ժանրը վեպն է: Այս ժանրի գրքերը ամենաարագն են վաճառվում և ոչ միայն երիտասարդների, այլև մեծահասակերի կողմից: Իսկ մեր տպագրած գրքերից երիտասարդության շրջանում ամենասիրվածներից են՝ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին», իսկ հայ երիտասարդ գրողներից՝ Արամ Պաչյանի «Օվկիանոսը», Գրիգի «Հիսուսի կատուն»: Որախալի փաստ է այն, որ նույն Գրիգի կամ Գուրգեն Խանջյանի գրքերի վաճառքի ցուցանիշը գերազանցում է բազմաթիվ արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի ցուցանիշը:

Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ են նախընտրում երիտասարդները, կարևորը նրանց ընթերցանության պրոցեսի մեջ լինելն է:

«Բարձր գրականություն» հաղորդաշարն էիք վարում, որտեղ հյուրը ինքն էր առաջադրում քննարկվելիք գրքի անունը: Ո՞ր հաղորդումն եք վարել առավել հաճույքով, իսկ որը պարտադրված:

Պարտադրված ասվածը կոպիտ է հնչում, եղել են դեպքեր, երբ անհավես եմ վարել: Պատճառը հիմնականում եղել է այն, որ գրքի կեսն եմ կարդացած եղել: Իսկ մեծ հաճույքով հաղորդումը վարել եմ գրող Հովիկ Չարխչյանի հետ, երբ խոսում էինք Ֆիցջերալդի «Գիշերն անուշ է» վեպի մասին: Ընթացքում նույնիսկ մոռացել էինք, որ նկարահանում է:

Կարող եմ ասել, որ հաղորդումների մոտ 80%-ը վարել եմ հաճույքով: Եթե գիրքը չեմ հավանել, դա միշտ արտացոլվել է հաղորդումը դիտողի աչքին: Ես միշտ մղել եմ նրան, որ իմ հյուրը փորձի ապացուցել, որ դա իսկապես լավ գիրք է:

-Ինչու՞ փակվեց հաղորդումը:

Ֆինանսական պատճառներով: Սակայն ինձ թվում է՝ կարելի է սպասել նոր հաղորդմանը, քանի որ հավաքվել էր մի էնտուզիաստների խումբ, որ համարյա անվճար էր անում այդ գործը:

-Քանի որ մեր կայքի ընթերցողները հիմնականում լրագրողներ են, ի՞նչ գրականություն կառաջարկեք լրագրողներին:  

Իմ կարծիքով լրագրությունը այսօր Հայաստանում բարձր մակարդակի վրա չէ: Շատ մամուլի ասուլիսների եմ մասնակցել և շատ հաճախ եմ տեսել իմ մտքի աղավաղումները նյութերում:

Առաջնահերթ լրագրողներին խորհուրդ եմ տալիս պարզապես շատ կարդալ: Բայց քանի որ, լրագրության մեջ ես տեսնում եմ լեզվի խնդիր՝ այդ պատճառով առաջարկում եմ, եթե ոչ ամեն օր, ապա գոնե պարբերաբար ընթերցել Հրանտ Մաթևոսյանին: Մաթևոսյանը այն եզակի գրողներից է, որ նպաստում է լեզվի ճկունացմանը:

-Վերջին շրջանում ամենաշատը ո՞ր գրքով եք տպավորված եղել:

-Վերջին հինգ-վեց տարվա մեջ ցնցված եմ եղել Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գրքով: Իսկ շատ վերջին շրջանում՝ Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» գրքով:

Հարցազրույցը՝ Սիրարփի Գալստյանի

4-րդ կուրս

Կիսվել