ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՐԿԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՐԿԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

2858

Հայաստանն ամբողջ աշխարհում առանձնանում է ցայտաղբյուրների իր մեծ քանակով։  Դժվար է անգամ հիշել, թե երբ է կառուցվել առաջին ցայտաղբյուրը Հայադտանում և ինչպես ձևավորվեց ցայտաղբյուրային մշակույթը քաղաքամայր Երևանում, բայց որ այն այսօր քաղաքին տարբերվող և գեղեցիկ տեսք է հաղորդում, դա բացահայտ է։ Ցայտաղբյուրները ոչ միայն ամռան տապին անցորդների ծարավը հագեցնելու համար սառնորակ ջրի աղբյուր են, այլև այսօր համարվում են Հայաստանի յուրահատուկ խորհրդանիշներից մեկը: Զբոսաշրջիկների զարմանքը հատկապես նկատելի է այն դեպքում, երբ առաջին անգամ են այցելում Հայաստան և պարզում, որ լեռների մեջ կորած այս երկրի մայրաքաղաքի յուրաքանչյուր փողոցում ու բակում կարելի է հագեցնել ծարավը` որևէ գումար չվճարելով:

Երևան քաղաքի բնակչուհի Անին, ով արդեն երկար տարիներ հատուկ ուշադրությամբ է հետևում իրենց փողոցում գտնվող ցայտաղբյուրներին, մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք նաև հուշակոթողներ են, քանի որ շատերը կառուցվել են ի պատիվ այն մարդկանց, ովքեր արժանի են խոնարհման եւ հիշատակի։ Պատահական չէ, որ ցայտաղբյուրները կառուցվում են այնպես, որ ամեն անգամ մարդիկ ջուր խմելիս խոնարհվեն՝ ի նշան այն մարդու, ում պատվին կառուցվել է հուշարձան-ցայտաղբյուրը։

 «Վերջին տարիներին սակայն կարելի է նկատել, որ կառուցվում են ոչ միայն հիշատակի համար, այլև որպես կոթող, Գյումրիում, վերջին տարիներին կառուցված ցայտաղբյուրները հիմնականում մարմարից են: Այդպես ջուրն առավել սառն է մնում»,- ասում է Անին ու ցավով ավելացնում, որ նորակառույց թաղամասերում չի նկատել ցայտաղբյուրներ։

Անիի  կարծիքով ցայտաղբյուրների մշակույթը տիպիկ հայկական է, քանի որ այլ երկրներում ցայտաղբյուրներ կարելի հանդիպել հիմնականում հայկական թաղամասերում:

Նշենք, որ ըստ «Երևան ջուր» ընկերության, Երևանում կա ավելի քան 1500 ցայտաղբյուր, որոնցից հաշվառված են և պատմամշակութային արժեք են ներկայացնում 500-ը:

Սիրարփի Գալստյան

4-րդ կուրս

Կիսվել