«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԻԲՐԵՎ ՀԵՔԻԱԹ». ՆԱՐԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԻԲՐԵՎ ՀԵՔԻԱԹ». ՆԱՐԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

1958

Ինչպես գիտենք, ամեն աշխատանքային օր Հանրային հեռուստաընկերության եթերը սկսվում է «Առավոտ լուսո» ծրագրով: Զրուցակիցս հաղորդավարուհի Նարե Համբարձումյանն է:

– Նարե, ինչպե՞ս ստացաք հաղորդումը վարելու առաջարկը։

-Պատահաբար իմացա, որ «Առավոտ լուսո» ծրագրում ևս մեկ հաղորդավարուհու տեղ կա: Ծրագրի նոր եթերաշրջանի մեկնարկից օրեր առաջ եմ դիմել, մասնակցել քասթինգին և ստացել հաղորդումը վարելու հրավերը։  

Կասեք` ինչպե՞ս է հաջողվում միշտ պահպանել լավ տրամադրություն և այն փոխանցել նաև հեռուստադիտողին։

-Կարծում եմ` հեռուստատեսությունը պետք է ընդունել իբրև հեքիաթ։ Երբ դու ներխուժում ես այդ հեքիաթ, պետք է բոլոր անհաջողությունները թողնես դրա պատերից դուրս. դա լինի վատ տրամադրություն, դժվար արթնանալ, գլխացավ և այլն։ Դրանք երբևէ չպետք է խանգարեն լավ տրամադրություն հաղորդել էկրանից այն կողմ գտնվող մարդկանց։ Անպայման պետք է ժպիտ, առանց որի մենք չենք սկսում մեր հաղորդումը և, իհարկե՝ անկեղծություն։ Ես միշտ սա նշում եմ եմ, որովհետև շատ կարևոր է թե´ ինքդ քեզ, թե´ հեռուստադիտողի հետ անկեղծ լինելը։

Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել ուղիղ եթերի ընթացքում։

-Հետաքրքիր դեպքեր հաճախ են լինում։ Ուղիղ եթերը լի է զավեշտալի իրավիճակներով, բայց այս պահին կոնկրետ դեպք չեմ կարող նշել։ Կարծում եմ` շատ կարևոր է տվյալ պահին այդ իրավիճակներից արագ դուրս գալն ու եթեր վերադառնալը։ 

Հասկանալի է, որ ուղիղ եթերը լի է բարդություններով. ինչպե՞ս է հաջողվել հաղթահարել դրանք։

-Անշուշտ, բարդություններ միշտ կան. ուղիղ եթերն այն ռիսկային գոտին է, որտեղ չես կարող խուսափել թերացումներից։ Բայց մենք աշխատում ենք դրանք չանել. անգամ եթե լինում են, անպայման գեղեցիկ ձևով շտկում ենք։ Հարկավոր է լինել զգոն, սթափ և զգուշորեն մոտենալ ամեն մանրուքի` լինելով անկեղծ և դրական։

-Իսկ աշխատանքային օրն այդքան վաղ սկսելը օգնում է արդյոք Ձեր օրը ճիշտ կազմակերպելու հարցում։

Անկեղծ ասած, այս աշխատանքում երևի թե միակ չհաղթահարված բարդությունն ինձ համար վաղ արթնանալն է։ Չնայած ասեմ, որ արևոտ օրերի գալու հետ մեկտեղ, բարձր տրամադրություն եմ ունենում և ավելի հեշտ արթնանում։ Եթե եթերից հետո այլ աշխատանք չունեմ, անպայման գալիս եմ տուն` մոտ երկու-երեք ժամ քնելու։ Իսկ օրը ճիշտ պլանավորելու հարցում, իսկապես, շատ-շատ է օգնում։ Ստացվում է, որ աշխատանքային օրդ վերջացնում ես ժամը 12-ին և ազատորեն տնօրինում ես այն բոլոր գործերը, որոնք սպասվում են քեզ օրվա ընթացքում։

Հարցազրույցը՝ Էմմա Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել