ՇՈՒՏՈՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՆ ԵՎՍ ԲՈՒԺԵԼԻ ԿԼԻՆԻ

ՇՈՒՏՈՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՆ ԵՎՍ ԲՈՒԺԵԼԻ ԿԼԻՆԻ

1847

Գարնան գալուն շատերս ենք սպասում: Թարմ օդը, տաք արևը, փթթող ծառերն ու գունավոր ծաղիկները, զարդարելով մեր շրջապատը, ավելի ակտիվ են դարձնում առօրյան: Սակայն ալերգիկ մարդկանց համար գարունը այդքան էլ սպասված եղանակ չէ:

 «Գարնան հենց առաջին ամսում եմ ծնվել, պաշտում եմ ձմռան ցրտից հետո աստիճանաբար տաքացող եղանակը: Սակայն հենց այդ արևն է, որ դառնում է ուժեղ ալերգիայիս պատճառը. աչքերս արցունքոտվում են, քթից արտահոսք ու գլխացավեր եմ ունենում»,- ասում է Ժաննան, ում ալերգիան փոխանցվել է ժառանգաբար` հորեղբորից:

Բժիշկ-ալերգիոլոգ Սևան Իրիցյանի խոսքով՝  ներկայումս աշխարհի բնակչության 25%-ն ունի ալերգիայի որևէ տեսակ, և նրանց քանակը սրընթաց ավելանում է: Բժշկի բացատրմամբ` ալերգիան օրգանիզմի ոչ նորմալ գերպատասխանն է` մեզ շրջապատող անվնաս նյութերի հանդեպ: Հարցին` ի՞նչ գործոններ են նպաստում ալերգիայի ձևավորմանը, բժիշկը պատասխանում է. «Առաջինը` ժառանգականությունն է, երկրորդը` միջավայրի գործոնները, սննդակազմը, աղտոտվածությունը, հիգենիայի պայմանները: Այն բազմագործոն է և հաճախ կապում են քաղաքակրթության զարգացման հետ»:

Սևան Իրիցյանը նշում է, որ ալերգիաները հիվանդությունների խումբ են, ընդհանուր բնութագրիչ տարբեր հիվանդությունների համար` սննդային, ալերգիկ քթաբորբ շաղկապենու բորբոքմամբ, բրոնխիալ ասթման ևս կարելի է միավորել այս խմբերում: Ալերգիկ բորբոքումը մեծ դեր ունի նաև մաշկային հիվանդությունների մեջ` ատոպիկ դերմատիտի, օրինակ կա դեղորայքային ալերգիա,մ իջատների խայթոցի և թույնի հանդեպ ալերգիա: Դրսևորումները բազում են։ «Մեզանում այս տեսակներին պատկանող ալերգիաները տարածված են և ակտուալ»,- փաստում է բժիշկը:

Բժիշկները հիմնականում կարողանում են օգնել ալերգիա ունեցող անձանց, սակայն հանդիպում է նաև հակառակ փորձառությունը։ Սննդային ալերգիա ունեցող Լուսինեի մայրը պնդում է, որ սխալ բուժման պատճառով դստեր հիվանդությունը ավելի է սրվել և դարձել է խրոնիկական. «Աղջիկս հինգ տարեկան էր, երբ ձեռքերին նկատեցի մանր ցան, որը ուղեկցվում էր քորով: Տարա բժշկի մոտ: Ստուգեցին, ասեցին, որ ալերգիա է: Բժիշկը նշանակեց բավականին թանկարժեք և խմելու համար տհաճ դեղեր, որոնք վաճառվում էին միայն իր ասած դեղատանը, ու դրանք երեխաս պետք է պարտադիր օրը 2 անգամ խմեր: Այդպես էլ արեցինք»։

Նշանակած դեղորայքը, սակայն, Լուսինեին ոչ միայն չի օգնել, այլև ավելի է բարդացրել վիճակը․ «Գնալով ավելի էր դուրս տալիս ձեռքերին, մինչև անգամ հասնում էր արմունկներին ու քոր էր գալիս: Բժիշկը պնդում էր, որ միայն այդ դեղամիջոցը կարող է օգնել: «Բուժման» կուրսն ավարտելուց հետո, երբ ոչինչ չէր փոխվել, գնացինք ուրիշ բժշկի մոտ: Պարզվեց` իրականում երեխայիս ալերգիան սննդային էր, ու պետք էր որոշ ժամանակ դիետա պահել: Ճիշտ է` ավելի թեթևացավ վիճակը, բայց վատը այն էր` արմունկները ևս շարունակում էին դուրս տալ ու ուղեկցվել քորով: Ինչը նախքան դեղերը չկար: Այժմ աղջիկս տասնինը տարեկան է: Եղանակները տաքանալուն պես ալերգիան սկսվում է»,- պատմում է մայրը:

Ալերգիոլոգի խոսքով ՝ սխալ բուժման դեպքում հնարավոր են նաև ոչ ալերգիկ խնդիրների առաջացում: Ի դեպ, Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ գերատեսչությունում չկա հատուկ բաժին, որը զբաղվում է հենց ալերգիաների բուժման վերահսկմամբ: Ուստի ողջ պատասխանատվությունն ընկնում է անհատ բժիշկների և բուժհաստատությունների վրա։

Հարցին, թե հնարավո՞ր է վերջնականապես ազատվել ալերգիայից, բժիշկ Իրիցյանը պատասխանում է. «Որոշ ալերգիաների դեպքում արդեն բուժումը հնարավոր է: Նույն սեզոնային ալերգիկ  քթաբորբը, միջատների խայթոցի հանդեպ ալերգիան հնարավոր է բուժել իմունոթերապիայի միջոցով, սակայն այն բավականին թանկ է, դժվար հասանելի, և պահանջում է բժշկի ակտիվ միջամտություն ամբողջ ընթացքում, բայց աշխատանքներ տարվում են սննդային ալերգիայի բուժման համար»:

Մոնիկա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել