ԳԱՅԼԻ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ 1 ԺԱՄՈՎ ԱՄՈՒՍԻՆ. ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԳԱՅԼԻ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ 1 ԺԱՄՈՎ ԱՄՈՒՍԻՆ. ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

2403

Հայաստանում հայտարարությունների հայկական մի շարք կայքեր կան, որոնք թույլ են տալիս ստեղծել անձնական էջ, վաճառել ապրանք կամ առաջարկել ծառայություններ, հետևել դիտումների թվին, թարմացնել և այլն:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ տարօրինակ իրեր ու ծառայություներ են առաջարկվում նմանատիպ կայքերում:

Հատկանշական են հատկապես մերսման ծառայությունները. գեղեցկություն և առողջություն բաժնի 5 հայտարարություններից 3-ը մերսման առաջարկներ են: Առաջարկում են անհատական մերսում Ձեր տանը կամ սաունայում՝ 20 րոպեն 5.000 դրամից սկսած: Տարօրինակ էր այն, որ հայտարարություններից մեկում ընտրված էր հենց մերսողի նկարը: Նկատենք, որ մերսման սրահների թեման վերջերս քննարկման էր արժանացել նաև ԱԺ պատգամավորների կողմից:

Սիրելի՛ կանայք, եթե ձեր ամուսինը օգտվում է մերսման նմանատիպ ծառայություններից, գուցե ձեզ էլ մեկ ժամով ամուսին պե՞տք գա: Խոսքը կենցաղային աշխատանքներ անելու մասին է՝ վերանորոգում, պատի պաստառների սոսնձում և այլն:

Իսկ նրանք, ովքեր դեռ չեն ստեղծել ընտանիք ու պատրաստվում են առաջին քայլն անել, կարող են օգտվել այսպիսի մատչելի առաջարկներից. ընդամենը 1.500 դրամով կարող եք Ձեր երկրորդ կեսի համար բանաստեղծություններ պատվիրել, ըստ սիրելիի անվան կամ նախընտրած թեմայի:

Եթե երիտասարդ զույգերը բավարարվում են սիրային բանաստեղծություններով, ապա ծանոթության կայքերում այլ պահանջներ են. կանայք փնտրում են 40-60 տարեկան թիկնեղ տղամարդկանց՝ պարտադիր պայման համարելով սերը, հարստությունը, «թմբլիկ կին սիրելը» և այլն: Վերջում էլ զգուշացնում, թե «30 տարեկանից փոքրները չգրեն»: Դե իսկ տղամարդկանց էլ գեղեցիկ կանայք են պետք, կա՛մ հետաքրքիր ժամանակ անցկացնելու, կա՛մ ճամփորդելու ու գործուղման տանելու, կամ էլ ամուսնանալու նպատակով:

Բայց եթե նույնիսկ վերոնշյալ բոլոր անձանց պահանջները բավարարված են, պարզվում է՝  ոչ ոք գողությունից չի կարող խուսափել ու տանը հանգիստ նստել: Հետաքրքիր է՝ օրինապահ մարմինները գիտե՞ն, որ մարդիկ մեքենայի, չհրկիզվող պահարանի, տան դռներ բացելու ծառայություն են առաջարկում:

Վաճառվող իրերի բաժնում էլ տարօրինակ առարկաների պակաս չկա՝ մարդկանց և կենդանիների օրգաններ, էրոտիկ ներքնազգեստներ և սեքս խաղալիքներ:

Այն դեպքում, երբ հայտարարությունների կայքն իր կանոնների մեջ նշում է, որ արգելվում է էրոտիկ ծառայություններ և ապրանքատեսակներ վաճառել, մենք գտանք առնվազն 5 առաջարկ. վաճառում են ոչ միայն սեքս խաղալիքներ, այլև նմանատիպ խաղալիքների  ամբողջական հավաքածու: Կարելի է ենթադրել, որ վաճառողները չեն կարդում պարտականությունները, իսկ կայքի պատասխանատուները չեն հետևում կանոնների պահպանմանը:

Նմանատիպ կայքերում հայտարարությունների տեղադրման կարգին չհետևելը սարսափելի չէ նույնիսկ այն դեպքում, երբ վաճառողները խախտում են ՀՀ օրենքը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է փոխպատվաստման ենթակա օրգանների առք ու վաճառքը, այն ինչ 21-ամյա առողջ երիտասարդը 30.000 դրամով առաջարկում է գնել իր երիկամը, իսկ մյուս օգտատերը մի քիչ թանկ է գնահատում իր օրգանը՝ 50.000 դրամ, և զգուշացնում, որ «միայն ռեալ մարդիկ զանգեն ու ստից տեղը չանհանգստացնեն»:

Վերջում հավելենք, որ վերոնշյալ առաջարկներից ամենաթանկարժեքը՝ 70.000 դրամ, գայլի թալիսմանն է՝ էգ գայլի սեռական օրգան:

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել