Հայաստանի գրեթե բոլոր բուհերում բազմաթիվ առարկաների ուսուցումը իրականացվում է օտարալեզու գրականությամբ, քանի որ չկան համապատասխան հայերեն նյութեր: Այս առիթով ուսանողների մեծ մասը հաճախ է դժգոհում: Ոմանք դա համարում են չափազանց ժամանակատար և ոչ այդքան արդունավետ աշխատանք, ոմանք ավելորդ գումար են ծախսում, որպեսզի թարգմանեն անհրաժեշտ նյութերը, ոմանք էլ բավարար ժամանակ կամ գումար չունենալու պատճառով հաճախ ուղղակի «չեն ստանում» իրենց քննությունները:
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման բաժնի 3-րդ կուրսի ուսանող Լուսինե Դավթյանը մեծ խնդիր է համարում հատկապես ժամանակի կորուստը. «Մենք տարեկան 650 հազար ենք վճարում, բայց ստիպված ենք հավելյալ գումար հավաքել նյութերի թարգմանության համար ու տարբեր տեղերից նյութեր «որսալ»: Իսկ թարգմանած նյութերով կարող ենք միայն քննությունները ստանալ, բայց լավ մասնագետ դառնալու համար այդ նյութերը չափազանց քիչ են. մի քանի էջով մասնագետ չես դառնա»: Նույն ֆակուլտետի շատ ուսանողներ էլ բողոքում են, որ իրենք համալսարան են ընդունվել ֆրանսերենի կամ գերմաներենի քննություն հանձնելով, և անգլերենով նյութերը ամբողջությամբ անհասանելի են իրենց համար:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիանա Թումանյանը նշում է.
«Բոլորը չեն, որ օտար լեզուների իմացության բարձր մակարդակ ունեն. պետք է հաշվի
առնվի այս հանգամանքը: Բացի այդ, մենք սովորում ենք Հայաստանում և հետևաբար
նյութերը պետք է հայերեն լինեն: Անգլերեն նյութերը ուսանողները յուրացնում են
անգլերենի ժամին, ռուսերենն էլ` ռուսերենի»: Իսկ նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի
ուսանող Ռոզա Խաչատրյանը գտնում է, որ դա ավելի շատ ոչ թե խնդիր է, այլ ինչ-որ տեղ
նաև առավելություն. «Այո, աշխատանքս կրկնակի է դառնում, բայց ես, ճիշտն ասած,
դժգոհ չեմ: Արտասահմանյան գրականությունից օգտվելն անհրաժեշտություն է 21-րդ
դարում: Թարգմանելով, շատ ժամանակ ծախսելով՝ ամեն անգամ մի նոր բան ես սովորում:
Կարծում եմ` հայ մարդու համար ռուսերենը չպետք է օտար լեզու համարվի, իսկ անգլերեն
ես նույնիսկ չէի անցել, չէի տիրապետում ընդհանրապես, բայց հանձնարարվող օտարալեզու
նյութերը ինձ համար մոտիվացիա հանդիսացան, և ես սովորեցի անգլերեն»:
Պատկերը փոքր-ինչ այլ է Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում: 2-րդ կուրսի ուսանողները հատկապես դժգոհում են Միկրոտնտեսագիտություն առարկայից, քանզի որքան էլ կան առարկային վերաբերող հայերեն գրքեր, միևնույն է, դասախոսները ընդունում են միայն ու միայն անգլերեն գրքի նյութերը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայալեզու գրականության սակավության խնդիրը ունի մի շարք խորքային պատճառներ. «Մեր չնչին, փոքր ռեսուրսներով չենք կարող մեծ թարգմանություններ իրականացնել: Սա մի կողմից ֆինանսական սուղ միջոցների խնդիր է, այն, ինչն անում են մեծ պետությունները, փոքր պետություններն իրենց սահմանափակ ռսուրսներով չեն կարող անել»: Պրոռեկտորը նշում է, որ Երևանի պետական համալսարանում պարտադիր դասավանդվում են օտար լեզուներ, հատկապես անգլերեն և ռուսերեն, որի շնորհիվ փորձում են փոքր-ինչ այդ ճեղքվածքը փակել: «Բացի այդ, գիտությունը այնպիսի ոլորտ է, որ չի կարող պարփակված մնալ Հայաստանում, այն կապակցված է դրսի հետ, դրսի կրթության հետ, և այս տեսանկյունից մենք էլ պետք է հարմարվենք նրան, որ օտար լեզուների կիրառումը անհրաժեշտ է և օգտակար: Իհարկե, հնարավորինս պետք է աշխատենք մեր լեզվով գրականություն ստեղծել, բայց նաև պետք է հասկանանք, որ օտարալեզու գրականության կիրառումը նույնպես նորմալ է»,- կարծում է պարոն Սողոմոնյանը:
Անահիտ Առաքելյան
2-րդ կուրս