ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԻՆՈՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԻՆՈՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

2796

Կինոմատոգրաֆների միությունը կազմակերպել էր հանդիպում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս Մեդիա» ընկերության փոխնախագահ Իննա Սահակյանի հետ: Իննան հանդիսանում է ներկայիս ամենահաջողակ կին գործիչներից մեկը, և նրա խորհուրդները յուրօրինակ վարպետության դաս էին նրանց համար, ովքեր հետաքրքրված են կինոյով և ռեժիսուրայով:

Խոսելով ժամանակակից կինոյի և հատկապես հայակական կինոյի զարգացումների մասին՝ Իննա Սահակյանը կարողացավ շատ հմտորեն ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են ժամանակակից ստեղծագործողի առաջ: Բացի խնդիրների ներկայացումից, շատ ավելի կարևոր է դրանց լուծումների մասին խոսելը, իսկ Իննա Սահակյանը այն ռեժիսորներից է, ով հատուկ տիրապետում է նաև լուծումներին:

Ֆիլմը, ըստ էության, թանկ արտադրություն է, և երկրներից ոչ բոլորն ունեն համապատասխան միջոցներ, այդ իսկ պատճառով շատ ֆիլմերը հիմնականում նկարահանվում են համատեղ արտադրությամբ: Ամբողջ Եվրոպան գնում է այդ ճանապարհով, քանի որ ֆիլմարտադրության  մեջ դա միակ արդյունավետ մեթոդն է համարվում:

-Հայաստանը չի կարող շրջանցել այս ճանապարհը, քանի որ չունի համապատասխան միջոցներ,-ասում է ռեժիսորը:

Իննա Սահակյանի աշխատանքները, այդ թվում և Արման Երիցյանի հետ համատեղ  նկարահանած «Հայաստանի վերջին լուսաբացը» ֆիլմը, բազմաթիվ մրցանակների է արժանացել և ներկայացրել Հայաստանը միջազգային կինոփառատոններում և ֆորումներում:

Իննա Սահակյանը միակ հայ կինոռեժիսորն է, ում «Արշալույսի լուսաբացը» հայ-գերմանական կինոնախագիծը՝ «Հայոց Ցեղասպանության» և «Ավրորա Մարդիգյանի» թեմաներով, ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցություն՝ դառնալով առաջին հայկական մեծամասնական կինոնախագիծը։

Զրույցի ձևաչափով անցած արդյունավետ քննարկումը, որի ժամանակ ցուցադրվեցին նաև որոշակի տեսանյութեր, որոնք խոսում էին մասնագիտական հմտությունների մասին, անկասկած, օգտակար էին բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն մասնագիտական հմտությունների զարգացման, առաջխաղացման և ժամանակակից կինոաշխարհում կայանալու:

Խոսվեց նաև պրոդյուսերի մասնագիտության մասին: Ըստ Իննա Սահակյանի բնորոշման՝ պրոդյուսերն այն մարդն է, ով հավատում է նախագծին, ամեն ինչ անում է այդ նախագիծը զարգացնելու, առաջարկելու, ֆինանսավորելու համար: Ցավով է նշում, որ Հայաստանում հիմա շատ քիչ են պրոդյուսերները, և չկա պրոդյուսերական դպրոց: Կարող է լինել ֆիլմ, որը ունի ֆինանսավորող, բայց չունի որակյալ պրոդյուսեր, հետևաբար ֆիլմը հաջողության չի հասնում, ընդհամենը մեկ կամ երկու տեղ է ցուցադրվում:

Ոսկեհատ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել