ԿԱՏԱՐՅԱԼ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ

ԿԱՏԱՐՅԱԼ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ

1165

Վերջին ժամանակներում իրենց արտաքինում վիրահատական միջամտությամբ փոփոխություններ կատարած կամ փոփոխելու պատրաստ մարդկանց մեծ թիվն իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս: Կատարելության պաշտամունքն ավելի ու ավելի շատ պահանջներ է ներկայացնում ժամանակակից մարդուն, հատկապես` արտաքին տեսքի հետ կապված:

Ինչպես հայտնի է, Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկան, վիրահատության դիմողների միջին տարիքը 20-35-ն է եւ դիմողների մեծ մասը կանայք են (4 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ): Դիտարկումներով` առաջին տեղում քթի պլաստիկան է, երկրորդ տեղում` ականջների, դեմքի տարբեր տեսակի շտկումները, դրանց հետեւում են կրծքերի վիրահատությունները եւ լիպոսակցիան:

16-ամյա Հասմիկը օրերն է հաշվում, թե երբ է դառնալու 18 տարեկան, որ քթի պլաստիկ վիրահատություն անի․
– Դա ինձ համար մոլուցքի պես մի բանա դարձել, ես քնում ու արթնանում եմ էն մտքով, որ մի օր վերջապես ազատվելու եմ իմ տգեղ քթից ու ունենալու եմ փոքր ու կարգին քիթ:

Իսկ 27 տարեկան Արշալույսը ասում է, որ իր քիթը ակնհայտ շատ մեծ է, բայց երբեք վիրահատության չի դիմի․
– Հա, իմ քիթը մեծ է, բայց ես չեմ նեղվում, ես սիրում եմ իմ մեծ քիթը, որովհետև դեմ եմ ամեն տեսակի  պլաստիկ վիրահատություններին: Աստված մեզ էսպիսին է ստեղծել, ուրեմն պիտի սենց ապրենք:

Պլաստիկ վիրահատությունից հետո հնարավոր են ընդհանուր վիրաբուժական բարդություններ, սակայն, նաեւ պատահում է, երբ մարդիկ գոհ չեն լինում իրենց նոր արտաքինից: Ընդհանուր առմամբ, նման բարդությունների քանակը կազմում է 30%:

Առողջապահական միջազգային արձանագրությունների համաձայն, երկրորդ անգամ պլաստիկայի դիմող պացիենտին անհրաժեշտ է պարտադիր հոգեբանական աջակցություն եւ համապատասխան եզրակացություն այն մասին, թե արդյո՞ք նա չունի հոգեկան խանգարումներ:
Իսկ հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեկ անգամից ավելի վիրահատության դիմողներն ունեն տագնապային ֆոբիկ խանգարումներ կամ դեպրեսիա։

Սոնա Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել