«ԻՆՁ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է, ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՄ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ...

«ԻՆՁ ՈԳԵՎՈՐՈՒՄ Է, ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՄ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՖԱՆԱՐՏԻՍՏ ԿԱՌՈԼԻՆԱ ՄԵՍԿԻՆԻՏԵԻ ՀԵՏ

1467

Վերջին ժամանակներս համացանցում լայն տարածում են գտել ֆանարտերը (կուռքերի նկարներ): Ֆանարտեր նկարողները ամենից հայտնի են ինստագրամում. որքան շատ հետևորդ, այնքան հայտնիություն և կուռքերի ուշադրությանն արժանանալու շանսեր:
Ինստագրամում ավելի քան 60.000 հետևորդ ունեցող 22-ամյա Կառոլինան (@karolinames) հայտնի է կորեական փոփ խմբերից մեկի՝ Շայնիի անդամների ֆանարտերով: 

-Պատմիր մի փոքր քո մասին։

– Ես ծնվել եմ 1996թ-ին Լիտվայում, այն մի փոքրիկ երկիր է, գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթյան տարածաշրջանում: Ես Վիտաուտաս Մագնուսի համալսարանի 4-րդ կուրսի ուսանող եմ: Այս պահին ես աշխատում եմ բակալավրիատի թեզիս վրա և պետք է ավարտեմ այս ամռանը:

-Ինչո՞ւ որոշեցիր զբաղվել հենց արվեստով։

– Ինձ արվեստը միշտ էր հետաքրքրել, բայց միակ մարդիկ, որ խրախուսում էին ինձ գնալ արվեստի դպրոց, իմ տատիկն ու պապիկն էին: Կարծում եմ, նրանք հասկանում էին, որ ես իսկապես սիրում էի այն, և իմ մեջ ինչ-որ պոտենցիալ էին տեսնում: Ես իսկապես շնորհակալ եմ նրանց դրա համար:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ նկարում ես։

– Ես նկարում եմ այն ժամանակվանից, երբ կարողացա մատիտ պահել, բայց 11 տարեկանից սկսեցի ավելի լուրջ վերաբերվել նկարչությանը: Ես սկսեցի հաճախել արվեստի դպրոց, երբ 12 տարեկան էի: Այնտեղ սովորեցի 6 տարի:

-Ո՞րն է եղել քո առաջին ֆանարտը։

– Իմ առաջին ֆանարտը նկարել եմ 2014թ-ին: Դա Շայնի խմբի Քին էր, բայց ես այն չեի հրապարակել ինստագրամում, քանի որ այն ձախողված էր: Սակայն մի քանի ամիս անց ես մտավոր վատ վիճակում էի գտնվում և ինձ համար հանգստանալու միջոց էի փնտրում: Այդպիսով, Սուրբ Ծնունդի երեկոյին ես տանը մենակ էի և որոշեցի կրկին անգամ նկարել Քիին: Այն օգնեց ինձ հանգստանալ, և դրանից հետո ես սկսեցի ամեն օր ինչ-որ բան նկարել:

-Որքա՞ն ժամանակ է պահանջվում ֆանարտերի համար։

-Սա այն հարցերից մեկն է, որին ես չեմ կարող հստակ պատասխանել, քանի որ դա կախված է նկարից, իմ մոտիվացիայից և արագությունից: Բայց սովորաբար, եթե այն շատ մանրամասն դետալների չունի՝ տևում է 2 ժամից ոչ պակաս: Իսկ ավելի  մանրամասն աշխատանքները կարող են տևել մինչև 6 ժամ կամ 10+ ժամ:

-Երբևէ վաճառե՞լ ես ֆանարտերդ։

– Այո, ես երբեմն վաճառում եմ իմ ֆանարտերը կամ ուղղակի դրանց պատճեններն եմ վաճառում:

-Ի՞նչը կամ ո՞վ է քո ոգեշնչման աղբյուրը։

– Ես հիմնականում նկարում եմ Շայնիի անդամներին, և կարծում եմ որ հենց նրանք են իմ ոգեշնչման աղբյուրը: Ինձ ոգեշնչում են իրենց երգերը, գաղափարները և այլն…։ Բացի այդ, ես ոգեշնչվում եմ նաև իմ շրջապատից և էմոցիաներից:

-Ո՞վ է քո սիրելի արտիստը։

– Եթե խոսքը վերաբերում է արվեստի վարպետներին, ապա Սալվադոր Դալին և Վան Գոգը: Նրանք երկուսն էլ շատ տարբեր են, բայց իրենց արվեստը շատ հետաքրքիր է… Ես երկուսի ոճերն էլ սիրում եմ: Եվ եթե նայենք մերօրյա արվեստագետներին՝ իմ ֆավորիտներից մեկը ինստագրամում @ noma.dic անվամբ հայտնի նկարչուհին է: Եվ կան շատերը, որոնց արվեստով ես հիանում եմ: Իսկ ինչ վերաբերում է K-Pop այդոլներին  (այսպես են կոչում կորեացի երգիչներին), ես կարծում եմ, դա բավական ակնհայտ է, որ Շայնիին և Թեյոնը իմ սիրելի արտիստներն են:

-Ի՞նչ կարծիքի ես այլ ֆանարտեր նկարողների մասին: Դու հավանու՞մ ես նրանց աշխատանքները։

– Այո, իհարկե…։ Ես ինստագրամում հետևում եմ նրանց: Միշտ հետաքրքիր է տեսնել տարբեր ոճերն ու մոտեցումները:

-Կարդու՞մ ես ինստագրամյան մեկնաբանությունները: Ո՞րն է եղել ամենաոգեշնչող մեկնաբանությունը, որ կարդացել ես։

– Իհարկե, ուղղակի չեմ կարող որևէ մեկնաբանություն նշել: Ինձ ոգևորում է, երբ մարդիկ ասում են, որ իմ արվեստում տեսնում են զգացմունքներ:

-Այդոլները երբևէ տեսե՞լ են քո ֆանարտերը։

– Ես կարողացել եմ իմ ֆանարտերից տալ Շայնի խմբի Քիին և Ջոնհյոնին: Իսկ ուրիշների մասին՝ իսկապես չգիտեմ…։

-Ինչպիսի՞ նպատակներ ունես։

– Քանի որ կյանքը գնալով ավելի է բարդանում և ես զգում եմ թե դա ինչպես է ճնշում իմ սոցիալական հաշիվները, ես պարզապես ուզում եմ նստել և վայելել այն, ինչ ես նկարում եմ, առանց որևէ բանի համար անհանգստանալու: Բացի այդ ես ցանկանում եմ ավարտել այն նախագիծը, որը սկսել եմ մեկ այլ ֆանարտիստի հետ և տեսնել, թե ինչեր կգան այդտեղից…։

Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել